Դեկտեմբերի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի փակ ցուցադրությունը` ֆիլմի անձնակազմի, լրագրողների եւ հատուկ հյուրերի համար: Նախքան ցուցադրությունը կինոթատրոնի նախասրահում ճեպազրույց տեղի ունեցավ: Լրագրողներից մեկի հարցին, թե որքա՞ն է կազմել ֆիլմի բյուջեն, ֆիլմի եւ «Շարմ հոլդինգի» գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը փոքր-ինչ ցայրացած պատասխանեց. «Բոլորը այնպես են ներկայացնում, թե սա գաղտնիք է, իբրեւ չենք ուզում բացահայտել: Հայտարարում եմ բոլորի համար, որ ֆիլմի բյուջեն կազմել է 150 հազար դոլար: Բայց մենք ծախսել ենք դրամով: Եվս 2000 դոլար էլ ծախսելու ենք` դեկտեմբերի 15-ին Մոսկվա քաղաքում ֆիլմի պրեմիերան կազմակերպելու համար»: Իսկ ինչո՞ւ են Միշոյին ընտրել որպես դերակատար, չէ՞ որ նա դերասան չէ: Պատասխանը` «Միշոն դերասան չէ, բայց արտիստ է, սցենարի հերոսը համապատասխանում է Միշոյին»: Իսկ երբ Միշոյին հարցրեցինք, թե արդյոք չի՞ կարծում, որ նրան ֆիլմում ընդգրկել են հանդիսատեսի քանակը մեծացնելու համար, քանի որ նա շատ երկրպագուներ ունի, նա իրեն հատուկ անկեղծությամբ եւ պարզությամբ պատասխանեց. «Այո, սա կոմերցիոն փոխշահավետ համագործակցություն էր: Ամեն դեպքում ես հաճույքով եմ նկարահանվել եւ կարծում եմ, որ ինձ մոտ ստացվել է»:
Միշոն ընկերուհի չունի
Ֆիլմի փակ ցուցադրության առիթից օգտվելով՝ պարզեցինք, որ Միշոյի սիրտը ազատ է: Դա պարզելու համար նրան հարցրեցինք, թե ինչո՞ւ է իր դերասանական առաջին խաղի ներկայացմանը, գեղարվեստական ֆիլմի պրեմիերային միայնակ եկել: «Եթե նման կարեւոր իրադարձությանը ներկայանում եմ մենակ, նշանակում է՝ չկա մեկը, ում հետ կցանկանայի ներկայանալ: Իմ սիրտը ազատ է»,- ասաց նա ժպտալով եւ ձեռքը դնելով կրծքին: Միշոն նաեւ ասաց, որ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմը իր երկրորդ ֆիլմն է: Առաջինը «Չնչիկ» ֆիլմն է եղել, որտեղ նա էպիզոդիկ դեր է խաղացել: Իսկ հանդիսատեսը չգիտի այդ ֆիլմի մասին, այն պարզ պատճառով, որ ֆիլմի պրեմիերան դեռ տեղի չի ունեցել:
Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ