Սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ արտահայտվողների կարծիքները քարոզչության մարտավարության խնդրում կարծես երկփեղկվել են: Ընդդիմության մի մասը պնդում է, որ պետք է գնալ ընտրատեղամաս ու «ոչ» ասել սահմանադրության նախագծին, իսկ մյուս մասն էլ գտնում է, որ պետք է ընդհանրապես բոյկոտել նոյեմբերի 27-ին կայանալիք հանրաքվեն:
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, որի համար միակ ընդունելի տարբերակը հանրաքվեն բոյկոտելն է, երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ իր տեսակետը հետեւյալ կերպ հիմնավորեց. «Բոյկոտը համընկնում է ժողովրդի կարծիքի հետ, քանի որ ժողովուրդն ինքը չի կողմնորոշվում, թե իրեն ի՞նչ է տալու այս նոր սահմանադրությունը»: Բացի այդ, ի տարբերություն «ոչ»-ի, բոյկոտն ավելի հեշտ է վերահսկել: «Հայաստանում կա 1865 մութ, կախարդական սենյակ (նկատի ունի ընտրատեղամասերը.-Ա.Գ.): Դու այդ սենյակ ինչով ուզում ես` մտիր, միեւնույն է, դուրս ես գալու լրիվ ուրիշ արդյունքներով: Մարդկանց մտցնել այդ սենյակները, որոնք գտնվում են լրիվ ինչ-որ ուժերի վերահսկողության տակ, սխալ է, քանի որ կեղծիքները տեղի են ունենում այդ սենյակներում՝ ձայները հաշվելու ժամանակ»,- բոյկոտի տարբերակն այսպես պատկերավոր հիմնավորեց Վազգեն Մանուկյանը: Բացի այդ, ԱԺՄ նախագահի խոսքերով, բոյկոտն ավելի ընդունելի քաղաքական տարբերակ է: «Որովհետեւ ոչ թե «ոչ» ես ասում փաստաթղթին` այլ դուռը բաց ես թողնում հետագա փոփոխությունների համար»,- հայտարարեց պարոն Մանուկյանը՝ ավելացնելով, որ ինքը դժգոհ է նաեւ գործող սահմանադրությունից ու 1995թ. ի վեր, տասը տարի շարունակ, պայքարել է, որ ի վերջո երկրի Մայր օրենքը բարեփոխվի: «Բայց հիմա սարը գոռաց` մուկ ծնեց»,- ժողովրդական լեզվով իր ասելիքը շարադրեց նա: Ի դեպ, ԱԺՄ առաջնորդը խոստովանեց, որ սա առաջին անգամն է, երբ ինքը ներքին համոզվածությամբ լրջորեն կողմնակից է բոյկոտի տարբերակին: Թեեւ հավելեց, որ բոյկոտել ասելով՝ նկատի չունի ընտրատեղամասերն իշխանությունների եւ ընտրական հանձնաժողովների նրանց դրածոներին վստահել-գնալը: Նոյեմբերի 27-ին իրենք ընտրատեղամասերում դիտորդական մակարդակով, այնուամենայնիվ, ակտիվ վերահսկողություն են իրականացնելու: «Թե չէ, ժողովրդին ասել` մտեք սենյակներ, «ոչ» քվեարկեք, եւ մենք տեր կդառնանք ձեր ձայներին, 1995թ. մինչեւ հիմա ընդդիմությանը չի հաջողվել, ինչո՞ւ պետք է հաջողվի նաեւ հիմա»,- գտնում է պարոն Մանուկյանը: Իսկ եթե իշխանություններն, այնուամենայնիվ, գնան կեղծիքների, ապա Վազգեն Մանուկյանը երկրի համար դա կատաստրոֆա է համարում. «Եթե մեր ժողովրդի մեջ հավատի մի փոքր նշույլ էլ մնացել է, ապա այդ վերջին փշուրն էլ կկոտրվի: Ժողովուրդն այդքանից հետո էլ ավելի հավատացած կլինի, որ այս երկիրը ոչ մի ձեւով իրենց երկիրը չի, որ մի խումբ մարդիկ այստեղ ինչ ուզում` անում են»: Եվ այդ պարագայում ընդդիմադիր գործիչը նորմալ է համարում, որ իր իրավունքները պաշտպանելու համար ժողովուրդը կարող է դիմել ցանկացած քաղաքական գործողության, ընդհուպ` մինչեւ ապստամբության: Սակայն ԱԺՄ առաջնորդը տեսականորեն չի բացառում, որ հանրաքվեի ժամանակ ժողովուրդն, այնուամենայնիվ, գնա ու կողմ քվեարկի սահմանադրության նախագծին: Ու եթե հանրությունն այդ քայլին դիմի իր կամքով, առանց որեւէ բռնության կամ ճնշման, ապա ընդդիմության ներկայացուցիչը պատրաստ է համակերպվել ընդունված սահմանադրության հետ, որքան էլ այն վատը լինի: «Եթե ժողովուրդն է կողմ քվեարկել, ապա դրա դեմ ոչ ոք իրավունք չունի խոսելու: Մեզ համար ուղղակի ափսոս կլինի, որ այս 10 տարիները մենք զուր վատնեցինք՝ սահմանադրությունը փոխելու համար»,- ասում է պարոն Մանուկյանը:
Ինչ վերաբերում է հանրաքվեի տապալման դեպքում հանրապետության նախագահի կողմից հրաժարական տալու փաստին, ապա, ըստ Վազգեն Մանուկյանի, եթե ինքը լիներ այդ աթոռին, անպայման կդիմեր այդ քայլին: «Բայց պարտադրել, որ «ոչ»-ի դեպքում Ռոբերտ Քոչարյանը պետք է հրաժարական տա, դա արդեն էթիկայի հարց է, ես չէ, որ պիտի որոշեմ: Բայց մի բան պարզ է՝ հանրաքվեի տապալման դեպքում իշխանությունները կթուլանան: Իշխանությունը Հայաստանում երբեք իրեն այդքան ուժեղ չի զգացել, որքան այժմ: Բայց եթե հանրաքվեն ձախողվի, ապա իշխանությունը կհասկանա, որ իրականում այդքան ուժեղ չէ եւ չի կարող անցկացնել՝ ինչ ուզում է եւ երբ ուզում է»,- ասում է նա:
Ի դեպ, հանրաքվեի դրվող սահմանադրության նախագիծը եվրոպական մի շարք կառույցների կողմից հավանության է արժանացել: Վազգեն Մանուկյանի կարծիքով` դա չի նշանակում, թե իրոք մենք սահմանադրության լավ նախագիծ ունենք: Ուղղակի միջազգային կառույցները մեզ վերաբերվում են, ինչպես, օրինակ, հետամնացի հետ. «Այս տարիների ընթացքում մեր քրտնաջան աշխատանքի ընթացքում հասանք նրան, որ մեզ հիմա վերաբերվում են որպես պապուասների: Եթե մի կետ ֆորմալ տեսակետից մի քիչ լավ է հնչում, միանգամից ասում են, թե առաջընթաց կա»,- հեգնեց նա: