Խորհրդային տարիների ամենասիրված ֆիլմերից է «Ծառայողական սիրավեպ» ռոմանտիկ կատակերգությունը, որը ռեժիսոր Էլդար Ռյազանովի հեղինակային կնիքն է կրում եւ հիմա էլ շարունակում է հաջողությամբ ցուցադրվել հեռուստատեսությամբ: Եվ որպես ցանկացած լավ բան, այդ կատակերգությունը նույնպես իր «ռիմեյքը»` վերընթերցումը կունենա: Ծառայողական գրասենյակում ծավալվող սիրավեպը մեր օրեր է տեղափոխել ու նորովի է ներկայացրել սկսնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:
Ռուսական մամուլը բավականին կոպիտ հարց է ուղղել ռեժիսորին` ո՞վ ես դու, որ ոտնձգություն ես արել ռյազանովական գլուխգործոցի նկատմամբ: Ինչին էլ 26-ամյա ռեժիսորը պատասխանել է. «Ինձ հրավիրեցին, ես համաձայնեցի: Միակ պայմանս այն էր, որ նոր ֆիլմը ոչ թե բոլորին հայտնի «Ծառայողական սիրավեպի» շարունակությունը կլինի, ինչն, օրինակ, արվել էր «Ճակատագրի հեգնանք» ֆիլմի հետ, այլ բոլորովին նոր ֆիլմ` նոր հերոսներով: Ցանկացած այլ մտադրություն թեմայի սպեկուլյացիա կլիներ: Մենք պահպանել ենք բոլոր սյուժետային գծերը, քանի որ ես համոզված եմ, որ նորից հեծանիվ հայտնագործելու կարիք չկա: Մեր փոփոխություններն ընդամենը կոսմետիկ բնույթ են կրել»: Նոր հերոսները հայտնի գլամուրային դերասանների սերնդին են պատկանում, քարտուղարուհու դերն, օրինակ, կատարելու է Պավել Վոլյան: Նոր ֆիլմը նախատեսվում է ցուցադրել հաջորդ տարի, սակայն կինեմատոգրաֆիստներն ու հանրությունը դժգոհություն են հայտնել` հենց թեմայի շահարկման մեջ մեղադրելով ֆիլմն արտադրող «Լեոպոլիս» ընկերությանը: Մասնավորապես Ռյազանովի ֆիլմի դերասաններ Օլեգ Բասիլաշվիլին, Սվետլանա Նեմոլյաեւան կտրականապես դեմ են «Ծառայողական սիրավեպ. Նոր ժամանակներ» ֆիլմի ստեղծմանը` նշելով, որ նոր սերնդի կինոգործիչները ունակ չեն նոր գաղափարներ ստեղծել ու «փչացնում» են հին շեդեւրները: Հայտնի է, որ նոր ֆիլմում արտաքնապես գեղեցկանալու ու փոխվելու է ոչ թե միայնակ ու տգեղ տնօրինուհին (Խոդչենկովա), այլ միամիտ ու համեստ ծառայողը (Զելենսկի): Այս ֆիլմից հետո Երեւանում ծնված, այնուհետ` ընտանիքով Ղազախստան տեղափոխված ու Մոսկվայում սովորած Սարիկ Անդրեասյանը նախաձեռնել է «Հղին» ֆիլմի նկարահանումները, որտեղ, ի դեպ, հղին ոչ թե կին է, այլ տղամարդ: