Կոշիկի հաղթարշավը

11/12/2010

Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում գտնվող Թռչունների քարայրում կատարված պեղումների ժամանակ 2008 թվականին գտնվել էր աշխարհի ամենահին կոշիկը, որը 5500 տարվա պատմություն ունի:

Հայտնի է դարձել, որ հայկական քարանձավում հայտնաբերված կոշիկը տեղ է գտնել աշխարհի ամենազարմանալի հայտնագործությունների ցուցակում, որը կազմել է ամերիկյան «Parade» ամսագիրը: Այդ ամսագրի ուշադրության կենտրոնում են հայտնվում ինչպես հնագիտական, այնպես էլ ինովացիոն գտածոները: Այս տարի, օրինակ, բացի մեր կոշիկից՝ զարմանալի ու շրջադարձային հայտնագործությունների շարքում են աուտիզմով հիվանդ մարդկանց վիճակը պարզաբանող թեստային համակարգը, Հնդկաստանի փոքրաթիվ բնակչության ինքնուրույն «կորո» լեզուն, որին տիրապետում է մեր մոլորակի վրա ապրող 800-հոգանոց խումբը: Հիշեցնենք, որ թեեւ աշխարհի հնագույն կոշիկը հայտնաբերվել է 2008-ին, սակայն Հայաստանը չի շտապել հայտնել այդ լուրը, մինչ 3 տարբեր գիտական հաստատություններ, անկախ իրարից, կոշիկի հնությունն ու իսկությունը փաստող փորձաքննություն են անցկացրել: