Ֆուտբոլային խճանկար

11/12/2010

Չեմպիոնների լիգայում ամեն ինչ պարզ է

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարն ավարտվեց չափից ավելի կանխատեսելի: Եվրոպայի ուժեղագույն ակումբների մրցաշարում իրավիճակի պարզեցումը սկսվեց դեռեւս 4-րդ տուրում, երբ մեկը մյուսի ետեւից հաջորդ փուլ անցնելու խնդիրները լուծեցին «Չելսին», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Բավարիան», եւ պարզ դարձավ, որ եվրոպական մյուս գրանդերի խնդիրը հեշտանում է: Եզրափակիչ տուրում արդեն գրեթե մրցաշարային ինտրիգ չէր մնացել, եթե այդպիսին համարենք ռուսական «Ռուբինի»` հաջորդ փուլ անցնելու զուտ տեսական հնարավորությունը: Շատ ավելի լուրջ իրավիճակ էր H խմբում, ուր նույնիսկ առաջատարը` Դոնեցկի «Շախտյորը», կարող էր ամեն ինչ կորցնել, եթե… սեփական հարկի տակ 4 գնդակի տարբերությամբ պարտվեր պորտուգալական «Բրագային»: Բնականաբար, դա տեղի չունեցավ, հուրախություն Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների՝ ուկրաինական թիմը իր պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ փուլ դուրս եկավ պորտուգալացիներին 2:0 հաշվով հաղթելով եւ խմբում պահպանելով առաջին տեղը (ի դեպ, 17 րոպեով խաղադաշտ դուրս եկած Հենրիխը ստացել է 6.5 միավոր, ինչը շատ բարձր ցուցանիշ է): Իսկ դա միայն վիճակագրական հաճույք չէ, դրանից ռեալ օգուտ կարելի է ստանալ: Գարնանը կայանալիք 1/8 եզրափակիչի զույգերում, որի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 17-ին, «Շախտյորի» դեմ չեն խաղա «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» (Անգլիա), «Ռեալը», «Բարսելոնան» (Իսպանիա), «Բավարիան» եւ «Շալկե-04»-ը (Գերմանիա): Ուկրաինական թիմի հնարավոր մրցակիցները խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերն են. «Ինտեր», «Միլան», «Ռոմա» (Իտալիա), «Մարսել», «Լիոն» (Ֆրանսիա), «Արսենալ» (Անգլիա), «Վալենսիա» (Իսպանիա) եւ Չեմպիոնների լիգայի այս խաղարկության հայտնությունը` դանիական «Կոպենհագենը»: Նման դասավորության դեպքում Մխիթարյանի թիմը միանգամայն իրական հնարավորություն ունի անցնել պայքարի Զ փուլ: Խմբում ունեցած ելույթներով (բացառությամբ Լոնդոնում «Արսենալին» 1:5 հաշվով պարտված խաղի, ինչն, ի դեպ, մասնագետների կարծիքով՝ չէր արտահայտում թիմերի ուժերի իրական հարաբերակցությունը) «Շախտյորն» ապացուցեց, որ Չեմպիոնների լիգայի խաղամակարդակ ունի: Մեզ մնում է միայն ուրախանալ, որ Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականի խաղերից առաջ հսկայական փորձ ձեռք կբերի նույնիսկ, եթե մի քանի րոպեով փոխարինման դուրս գա: Սակայն վերջին խաղերը ցույց են տալիս, որ նա աստիճանաբար վերականգնում է օպտիմալ մարզավիճակը:

Երեքը՝ նույն թիմից

«Ֆրանս Ֆուտբոլ» շաբաթաթերթի ամենամյա, աշխարհի` տարվա լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների եռյակը հանդես է գալիս նույն թիմում` իսպանական «Բարսելոնայում»: Արգենտինացի Լիոնել Մեսին, Իսպանիայի հավաքականի խաղացողներ, աշխարհի 2010թ. չեմպիոններ Անդրես Ինյեստան եւ Խավի Էռնանդեսը կատալոնական թիմի կազմում արդեն երկրորդ տարին նվաճում են ֆուտբոլում հայտնի բոլոր հնարավոր մրցանակները: Այս եռյակում թերեւս նվազագույն է Մեսիի` հաղթելու հնարավորությունը, նրա հավաքականը աշխարհի առաջնությունում հանդես եկավ հնարավորություններից բավական ցածր: Լավագույն եռյակի նման դասավորությունը Եվրոպայում խիստ հազվադեպ երեւույթ է: Նշենք, որ սա մրցանակի խաղարկության պատմության մեջ ընդամենը երկրորդ դեպքն է: Առաջինը գրանցվել է 1989թ., երբ հոլանդացիներ Մարկո վան Բաստենը եւ Ֆրանկ Ռայկարդը, ինչպես նաեւ՝ իտալացի Ֆրանկո Բարեզին գրանցվեցին որպես հաղթողի հավակնորդներ: Երեքն էլ այդ պահին «Միլանի» խաղացողներ էին:

Արթուր Սարկիսովը՝ «Լոկոմոտիվի» հիմնական թիմում

Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբը թիմի հիմնական կազմ է հրավիրել հայազգի Արթուր Սարկիսովին, ով նախորդ երկու տարին խաղում էր Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Լոկոմոտիվ-2» թիմում եւ երկու տարի անընդմեջ դիվիզիոնի գլխավոր ռմբարկուն էր: Արդեն դեկտեմբերի 21-ին Սարկիսովը թիմի հետ կմասնակցի առաջին ուսումնամարզական հավաքին: 23-ամյա ֆուտբոլիստն իր մարզական կարիերան սկսել է թեթեւ ատլետիկայից: 60 մետր արագավազքում Մոսկվայի չեմպիոն դարձած պատանին զուգահեռաբար նաեւ ֆուտբոլով է զբաղվել, եւ, ի վերջո, նախապատվությունը տվել հենց այս մարզաձեւին: Ֆուտբոլային հաջողությունները նկատվել են մասնագետների կողմից, որոնց կարծիքով՝ Արթուրի մեկնարկային արագությունն այն հիմնական առավելությունն է, որ նրան առանձնացնում է սուր հարձակվողների ընդհանուր շարքում: Մոսկվայի «Լոկոմոտիվը», թեեւ համեմատաբար հաջող խաղաց մրցաշրջանում, ակնհայտորեն սուր հարձակվողի կարիք էր զգում: Եթե Սարկիսովը կարողանա իրեն դրսեւորել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, չի բացառվում, որ նրանով հետաքրքրվեն նաեւ մեր հավաքականի մարզիչները: Իսկ դա նշանակում է, որ հավաքականի հիմնական կազմում մրցակցությունն էլ ավելի կթեժանա: Արթուր Սարկիսովը ծնվել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում 1987թ., որտեղից շուտով ընտանիքով տեղափոխվել է Կալուգա: 1989-ից ապրում է Մոսկվայում:

Ոսկան ՄԱՄԻԿՈՆՅԱՆ