Բուժիչ նամակներ

11/12/2010

Գիտնականները պարզել են, որ…

– Ամերիկյան գիտնականների մի խումբ ուսումնասիրել էր տարբեր մարզաձեւերի ազդեցությունը մարդու առողջության վրա, եւ պարզել, որ զբոսանքը ամենաազդեցիկ եւ օգտակար մարզաձեւն է: «Mayo Clinic Proceedings» բժշկական ամսագրի խմբագիր Ջեյմս Լեւինն ասել է, որ զբոսանքն անխտիր օգտակար է բոլորին. «Այնպես որ, պետք չէ ֆիթնես ակումբի տոմս գնել, պետք չէ ամեն օր անընդհատ ստուգել զարկերակը: Պարզապես անջատեք հեռուստացույցը, բազմոցից վեր կացեք ու գնացեք զբոսնելու»: Նա ավելացնում է, որ նստակյաց կյանքը բարձրացնում է խոլեստերինի քանակությունը եւ վնասակար է ողնաշարի ու մկանների համար: Զբոսանքը լավացնում է զարկերակային ճնշումը, անոթների եւ հոդերի վիճակը: Ըստ նույն գիտնականների խմբի` նաեւ դրական է անդրադառնում հոգեբանական վիճակի վրա: Իսկ ահա ճապոնացի գիտնականների մեկ այլ խումբ պարզել է, որ արագ քայլքը կանխում է զարկերակային ճնշման բարձրացումը:

– Ամերիկյան գիտնականների մեկ այլ խումբ 2009թ. պարզել էր, որ մարդիկ ավելի շատ գիրանում են հատկապես հեղուկ կալորիաներից, քան կոշտ սնունդից: Մասնավորապես` այնպիսի հյութերից, ըմպելիքներից, որոնք շաքար են պարունակում: «American Journal of Clinical Nutrition» ամսագրում նրանք տպագրել են հետազոտության արդյունքների մանրամասները: Ըստ այդմ, փորձարկումները ցույց են տվել, որ նախ, կալորիաներով հարուստ ըմպելիքների սահմանափակումից մարդկանց քաշը զգալիորեն նվազել է: Եվ, երկրորդ, շաքարով հարուստ ըմպելիքների հրաժարումից գեր մարդկանց քաշն ավելի է ընկել, քան, երբ նրանք իրենց սննդակարգից հանել են կոշտ կալորիաները: Իսկ մյուս ըմպելիքները որեւէ կերպ չեն անդրադարձել մարդու քաշի վրա: Հետազոտությանը մասնակցել են 25-79 տարեկան թվով 819 տղամարդ եւ կին: Ուսումնասիրության սկզբում, 6 եւ 18 ամիսներ անց այդ մարդիկ հեռախոսային հարցազրույցների ընթացքում իրենց սննդակարգի մասին տվյալներ են հաղորդել: Նրանց գործածած ըմպելիքները բաժանվել են 7 կատեգորիաների. 1. Շաքար պարունակող ըմպելիքներ (գազավորված ըմպելիքներ, մրգային եւ այլն): 2. Դիետիկ ըմպելիքներ (շաքարի փոխարինիչներով հեղուկներ): 3. Կաթ: 4. 100%-անոց հյութ: 5. Թեյ եւ սուրճ շաքարի պարունակությամբ: 6. Սուրճ եւ թեյ` առանց շաքարի կամ շաքարի փոխարինիչներով: 7. Ալկոհոլային խմիչքներ:

Գիտնականներն իրենց բացահայտմանը մի քանի հիմնավորումներ են տալիս: Հեղուկների օգտագործման ժամանակ ծամելու բացակայությունը կարող է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիաների անկում առաջացնել: Հեղուկները կոշտ սննդի նման ստամոքսից շատ արագ են դուրս գալիս, ինչը թուլացնում է կշտանալու ազդանշանները: Այնպես որ, գիրանալու մեղավորը միայն սնունդը չէ: Շաքար պարունակող հեղուկները` գազավորված լիմոնադները, կոկա-կոլաները, շաքարով թեյը եւ սուրճը (եւ այլն), շատ ավելի կալորիական են եւ ավելի են նպաստում գիրանալուն: Խմեք հիմնականում սովորական, սենյակային ջերմաստիճանի ջուր: Ըստ գիտնականների` եթե շաքար պարունակող հեղուկ կալորիաների 25%-ը փոխարինեք առավել օգտակար եւ առողջարար սննդամթերքով, ապա միջին հաշվով տարեկան 8000 կալորիայի խնայողություն կկատարեք: Այդպիսով դուք կնվազեցնեք հնարավոր ճարպակալման, շաքարախտի, սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկայնությունը: Ի դեպ, շատ կարեւոր է նաեւ տվյալ հեղուկի սառը կամ տաք լինելը: Հսկայական տարբերություն կա դրանց միջեւ: Եթե սնվելու ընթացքում սառը ջուր խմեք, ապա սնունդի` ստամոքս հասնելու ժամանակամիջոցը 4-5 ժամից կկրճատեք մինչեւ 20 րոպեի: Նախեւառաջ, դա ճարպակալման, գիրանալու ամենաուղիղ ճանապարհն է, եւ երկրորդ, այդպիսով դուք երբեք չեք կշտանա, եւ շատ արագ եւ կրկին քաղցի զգացում կառաջանա: Ավելին, այդ ժամանակ աղիներում նեխումնային` հոտածության պրոցեսներ են սկսում առաջանալ, քանի որ սննդի նորմալ մարսողականություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Ի դեպ, արագ սնունդով հայտնի McDonalds-ին գիտնականները մեղադրում են հենց դրանում. այն, որ ռեստորանային այդ ցանցի արագ սննդի հաշվարկները հենց դրանում էին` էժանագին Կոլան, որը պարտադիր տրվում է սնունդի հետ, «սրբում-տանում» էր կոշտ սնունդը` քաղցի նոր զգացում առաջացնելով: Եվ մարդկանց մեջ որոշակի կախվածություն էր առաջանում` կրկին ու կրկին պատվիրում էին, սակայն չէին կշտանում: Պատահական չէ, որ McDonalds-ի սիրահարները, որպես կանոն, տառապում են ճարպակալմամբ: Եզրակացությունը հետեւյալն է. երբեք ուտելու ընթացքում ոչ սառը ջուր խմեք, ոչ առավել եւս` Կոլա կամ գազավորված այլ ըմպելիք: Որքան էլ բնական հյութերը շատ օգտակար են, այնուամենայնիվ, պետք է չափի մեջ եւ սննդից առանձին օգտագործել: Ցանկալի է` մինչ սնվելը, քաղցած ստամոքսին: Դրանք նույնպես շաքար են պարունակում: Առավել եւս, որ քամելու ընթացքում մրգի կալորիաները ավելանում են: Հյութերը նաեւ ախորժակ են բացում: Հիշեք, որ ամենաառողջարարը մաքուր, սովորական ջուրն է, որը կարող եք խմել անսահմանափակ քանակությամբ: Պատահական չէ, որ հեղուկներից միայն ջուրն է կոչվում «Կենդանի ջուր»:

– Ինչեր ասես` չեն հայտնագործի այս գիտնականները… Գերմանացի գիտնականների մի խումբ պարզել է, որ կանացի կրծքի տեսքը շատ լավ է անդրադառնում տղամարդու առողջության վրա եւ 4-5 տարով երկարացնում է նրա կյանքը: Այդ գիտնականները պնդում են, որ կանացի կրծքին ընդամենը 10 րոպե նայելը հավասարազոր է աէրոբիկայով 30 րոպե զբաղվելուն: Հետազոտողները դա բացատրել են այն հանգամանքով, որ սեքսուալ գրգռվածությունը բարելավում է սրտի վիճակը եւ արյան շրջանառությունը: Օրվա ընթացքում կանացի կրծքերին մի քանի անգամ նայելը սրտի նոպաների ռիսկը 2 անգամ նվազեցնում է: Առողջ եղեք: