Հանդուրժողականությունը ժամանակավոր է

09/12/2010

«Ռուսաստանի ակտիվությունը նկատելի է, սակայն ուսումնասիրությունը վկայում է, որ դա առաջին հերթին ուղղված է ոչ թե խնդրի կարգավորմանը, այլ հետեւանք է Հարավային Կովկասում ազդեցության գոտիների բաժանման համար ԱՄՆ-ի հետ մրցակցությանը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն` անդրադառնալով ԼՂՀ հարցում ՌԴ-ի դերին: «Մոսկվայի շահերից է բխում կարգավորման հետաձգումը, քանի որ այսօր ցանկացած լուծում մեծ դժգոհություն է առաջացնելու կամ Ադրբեջանում, կամ Հայաստանում: Մինչդեռ իր դիրքերը Հարավային Կովկասում վերականգնելու համար ՌԴ-ն պետք է խորացնի հարաբերությունները ՀՀ-ի եւ Ադրբեջանի հետ, քանի որ, եթե նրանցից որեւէ մեկը միանա Վրաստանի արեւմտյան կողմնորոշմանը, ապա ինքը տարածաշրջանում անելիք չի ունենա»,- նշել է նա: «Ցուցադրական ակտիվությունը ՌԴ-ին բավարարում է, քանի որ այն քիչ դեպքերից է, երբ նախկին ԽՍՀՄ տարածքում Մոսկվան է «նորաձեւություն» թելադրում, թեկուզ եւ ձեւականորեն: ԱՄՆ-ի համար արագ լուծումն, իհարկե, ցանկալի է՝ անկախ այն բանից, թե ով կմնա բավարարված, ով՝ դժգոհ: Տեղաշարժի բացակայության պայմաններում ԱՄՆ-ի համար ավելի ձեռնտու է ակտիվությունը ՌԴ-ին թողնելը, քանի որ դրանով փոխանցվում է նաեւ պատասխանատվությունը ճգնաժամի համար: Բայց, ինչպես ցույց է տվել գործընթացը, ԱՄՆ «հանդուրժողականությունը» ժամանակավոր է»,- ավելացրել է Տ.Թորոսյանը: