Օպերային դերասան, մեծանուն երգիչ Բարսեղ Թումանյանը, ով վերջերս մասնակցել է մեծագույն երգիչ Պլասիդո Դոմինգոյի երեւանյան համերգին, մեր թղթակցի հետ զրույցում նշել է, թե մեր երկրում արվեստի ընկալումը լրջագույն մետամորֆոզների է ենթարկվել. «Մեզ մոտ ամեն ինչ խառնված է: Հարուստների ու աղքատների բաժանումն այնքան է խորացել, որ սկսել է ազդել նաեւ արվեստի վրա: Որպես դրա հետեւանք` հարուստների ու աղքատների արվեստի տեսակներ են ստեղծվել: Հարուստների արվեստը հիմա աղքատներն են կրում, իսկ աղքատների արվեստը` հարուստները»: «Ռաբիս» երաժշտությունն ու դրանից բխող կենսակերպը Բ. Թումանյանը վտանգավոր է համարում ազգի գենոֆոնդի համար: Ըստ նրա` վտանգի գոտում առաջին հերթին երիտասարդներն են հայտնվել, ովքեր բնազդաբար կրկօրինակում են «աղքատների արվեստը»: «Երբ տեսնում են, որ որեւէ «ռաբիս» երգչի «վիպ» հյուրերը` բազմոցների վրա նստած՝ ասում են` «վա՜յ, քո ցավը տանեմ, էս ի՜նչ լավ երգիչ ա», անվերապահորեն ընդունում են, որ սա է լավը: Ինչ քարոզես՝ այն էլ «կհնձես»: Բավական է մեկ սերնդին ուտել-խմելու, «ռաբիս» երգելու ու լսելու քարոզն անել, որպեսզի ազգը «չուլ» դառնա ու դեգրադացվի: Եվ հակառակը` կրթելով կարելի է դիցաբանական երազանքների շղթան պահպանել»,- ասել է նա: