Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով երեկվա դատական նիստի ժամանակ իր ճառում մեղադրող Հարություն Հարությունյանն ապացուցված է համարել առաջադրված մեղադրանքները` դատարանին միջնորդելով նրանց դատապարտել երեք տարվա ազատազրկման եւ պայմանականորեն չկիրառել` սահմանելով երեք տարվա փորձաշրջան: Սարգիս Գեւորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու մեջ` «ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը»: Իսկ Դավիթ Քիրամիջյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258 հոդվածով` «մի խումբ անձանց մասնակցությամբ կազմակերպված խուլիգանության» մեջ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: Նախատեսված է, որ կհրապարակվեն պաշտպանական ճառերը եւ Գեւորգյանի ու Քիրամիջյանի վերջին խոսքը, ինչից հետո դատավորը պետք է կայացնի դատավճիռ: Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է մայիսի 31-ին Ազատության հրապարակ մուտք գործելու փորձ կատարելու հետեւանքով: Ս.Գեւորգյանի նկատմամբ իբրեւ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը, իսկ Դ. Քիրամիջյանը մեկ ամիս կալանքից հետո ստորագրությամբ պարտավորվել է չհեռանալ բնակավայրից: