Նախընտրական արշավին սպասարկող բյուջե

09/12/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

2011թ. պետական բյուջեն կազմում է մոտ 1 տրիլիոն դրամ: Այս թիվը երեկ Ազգային ժողովում հպարտորեն էին արտասանում կոալիցիայի պատգամավորներն ու բյուջեի նախագիծը ներկայացնող ֆինանսական բլոկի նախարարները:

«Նախորդ տարիների տնտեսական երկնիշ աճերի դեպքում անգամ մենք այդ գումարը չենք ունեցել»,- հպարտանում էր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Իսկ երեկ ԱԺ-ն շարունակում էր հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումները: Մասնավորապես քննարկվում էին պատգամավորների ու խմբակցությունների առաջարկությունները, որոնց մի մասը իբրեւ թե կառավարությունն ընդունել է: Նշենք, որ ԱԺ-ն կառավարություն էր ուղարկել 616 առաջարկություն, որոնց մոտ 35 տոկոսն են տեղ գտել բյուջեի նախագծում: Սա՝ առաջին հայացքից: «Սակայն բյուջեն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ իրականում ընդամենը 30 առաջարկություն է ընդունվել: Իմիտացիա է, գրված է, որ առաջարկներն ընդունվել են: Դրանք նախագծում էլ կան, նույն գները, նույն գումարը: Սա ընդամենը մի բյուջե է, որի մեջ դրված են շատուշատ իմիտացիոն քայլեր»,- քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Ի դեպ, խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգության» 84 առաջարկություններից ընդունվել է ընդամենը մեկը, «Դաշնակցություն» խմբակցության 23 առաջարկություններից ոչ մեկը չի ընդունվել: Փոխարենն ամբողջությամբ ընդունվել են Հանրապետական խմբակցության 89 եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 105 առաջարկությունները: Իսկ «Օրինաց Երկիր» խմբակցության 59 առաջարկություններից 16-ն են ընդունվել: Ինչպես կոալիցիոն երեք խմբակցությունները, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունները կառավարությանն առաջարկել էին ֆինանսավորել դպրոցների, ճանապարհների, մշակույթի տների վերանորոգման աշխատանքները: Սակայն կառավարությունը գտել էր, որ ընդդիմության առաջարկած օբյեկտները պակաս կարեւոր են, քան իշխանության առաջարկածները: «Դպրոցներն այս կամ այն կուսակցությանը չեն պատկանում, դրանք մեր երկիրն են: Առաջիկա տարիներին մենք փորձելու ենք բոլոր դպրոցներն էլ կարգի բերել»,- ընդդիմության առաջարկությունների մերժումն այսպես է բացատրում Տ.Դավթյանը:

Իրականում, սակայն, այս տարի, անցած տարիների նման պատգամավորների առաջարկությունները չեն ընդունվել: Կառավարությունը պայմանավորվել է իշխանական պատգամավորների հետ, որ այնպիսի առաջարկություններ ներկայացնեն, որոնք արդեն ընդգրկված են բյուջեի նախագծում: Այդպիսով ստացվում է, որ կառավարությունն իր համար բյուջե է գրել, հետո պատգամավորներին ասել է` կարդացեք ֆինանսավորման տողերը եւ յուրաքանչյուրդ ձեզ համար այնտեղից առաջարկներ հանեք: Այդպիսով կառավարությունն այլ առաջարկներ ֆինանսավորելու համար լրացուցիչ գումարներ գտնելու գլխացավանք չի ունենա: Չէ՞ որ ընդունված է, որ պատգամավորներն ամեն տարի պիտի ծախսեր ենթադրող առաջարկություններ ներկայացնեն, իսկ կառավարությունը դրանց մի մասը ֆինանսավորի: Պատգամավորներն էլ գոհ ու երջանիկ կլինեն, որովհետեւ կառավարությունն ընդունել է իրենց առաջարկությունները: Այս հանգամանքը եւս ցույց է տալիս, որ անկախ հպարտություն առաջացնող 1 տրիլիոն թվից, միեւնույն է, 2011թ. Հայաստանի բյուջեն խիստ աղքատիկ վիճակում է: Այնքան աղքատիկ, որ չի կարողանում նույնիսկ 1-2 մլրդ հավելյալ դրամ հայթայթել խորհրդարանի առաջարկությունները բավարարելու համար: Իսկապե՞ս կառավարության եւ կոալիցիոն խմբակցությունների միջեւ առաջարկությունների մասին նման պայմանավորվածություն է եղել: «Ես տեղեկություններով չեմ զբաղվում, ես զբաղվում եմ տնտեսությամբ: Ես ենթադրություններ, բացառություններ չգիտեմ, ես փաստերի հետ գործ ունեմ: Փաստը հետեւյալն է, առաջարկներ կան, որոնց մի մասն ընդունվել է, մի մասը` ոչ»,- ուղղակի պատասխանելուց խուսափեց Տ.Դավթյանը:

«Ուզում եմ հատկապես կոալիցիայի ուշադրությունը հրավիրել «Գնագոյացման եւ վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ին վերաբերող Վերահսկիչ պալատի ուսումնասիրությանը: Եթե դուք կարդում եք այս 15 էջից բաղկացած հաշվետվությունը, տեսնում եք, թե ատկատի մեխանիզմ կոչվածն ինչպես է ներդրվում ծրագրերում: Կան կոնկրետ փաստեր, թե ինչպես են տարբեր շինանյութերի գներ այս ՊՈԱԿ-ի կողմից կրկնակի թանկ ներկայացվում: Միայն այս 15 էջի մեջ շուրջ 30 մլրդ դրամի ատկատի մեխանիզմ կա, որը կբավարարեր թե մանկատների, թե գիտնականների հավելավճար տալուն, եւ թե բազմաթիվ այլ ծրագրերին, որոնք մերժվում են գումար չունենալու համար»,- հայտարարեց Ա.Բախշյանը: «2011թ. բյուջեն ոչ այլ ինչ է, քան կոալիցիոն ուժերի նախընտրական արշավին սպասարկող բյուջե: Ամբողջ կոռուպցիայի ամբարն այս բյուջեում կա, կառավարությանն առաջարկում եմ լրջորեն վերանայել այս ծրագրերը, ֆինանսավորումը եւ ամբողջ գնագոյացման քաղաքականությունը»,- եզրափակեց Ա.Բախշյանը: