Վտանգավոր իրավիճակ

09/12/2010

ԱՄՆ-ի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի ակտիվ դերակատարումը ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում, բայց նաեւ զգուշացնում է, որ մտադիր չէ մի կողմ քաշվել եւ հրաժարվել բանակցային գործընթացին սեփական մասնակցությունից: «Ռուսաստանն ակտիվ դեր է խաղում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Մենք ողջունում ենք Ռուսաստանի քայլերը եւ պատրաստ ենք այս հարցում սերտորեն համագործակցել: Վաշինգտոնը հույս ունի, որ Միացյալ Նահանգների նման Ռուսաստանը եւս ձգտում է խնդրի կարգավորման, որի հիմքում կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած առանցքային սկզբունքները»: Հիշեցնելով, որ այս տարվա հուլիսին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելել է տարածաշրջան, այդ թվում` Հայաստան ու Ադրբեջան, Գորդոնն ընդգծել է, որ հարցը գտնվում է պետքարտուղարի ուշադրության ներքո: «Հիլարի Քլինթոնը մշտապես տեղեկացվում է կարգավորման շուրջ զարգացումներին եւ ուշադրությամբ հետեւում է իրավիճակին»,- ասել է Ֆիլիպ Գորդոնը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ԱՄՆ-ը բավականաչափ ակտիվ չի մասնակցում կարգավորման շուրջ աշխատանքներին, Գորդոնը պատասխանել է. «ԱՄՆ-ը սերտ կապի մեջ է կողմերի, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ եւ շահագրգռված է արդյունքներով, այնպես, ինչպես մյուս համանախագահները` Ռուսաստանն ու Ֆրանսիան: Հաշվի առնելով հակամարտության կարգավորման կարեւորությունը` ԱՄՆ-ը կշարունակի ակտիվորեն մասնակցել բանակցային գործընթացին»: Նրա խոսքով` ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում դեռեւս առկա տարաձայնությունները, ինչպես նաեւ՝ շփման գծում արձանագրվող միջադեպերն անհանգստացնում են պաշտոնական Վաշինգտոնին: «Սա վտանգավոր իրավիճակ է, որն ընդգծում է առաջընթացի հասնելու համար մեր կողմից ակտիվ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Ֆ. Գորդոնը: