Թռիր վերեւ, չիջնես ցած

09/12/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Կարելի էր ավելացնել՝ ԿԲ-ն մնա զարմացած (քանի որ խոսքը վերաբերում է գներին)։ Սակայն մեր Կենտրոնական բանկը, ի պատիվ իրեն, ամենեւին էլ զարմացած չէ։ Այստեղ շատ հանգիստ արձանագրում են, որ մոտենում ենք գնաճի երկնիշ ցուցանիշի, եւ չեն բացառում, որ գները կարող են է՛լ ավելի բարձրանալ։

Եվ այսպես, մինչ իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե գնաճը իրենց ուշադրության կենտրոնում է, եւ իրենք՝ Կենտրոնական բանկի հետ համատեղ, ամեն ինչ անելու են գնաճի մակարդակը թույլատրելի սահմաններում պահելու համար, իրականությունը զարգանում է լրիվ այլ ուղղությամբ։ Ազգային վիճակագրության ծառայության՝ երկու օր առաջ հրապարակած տվյալների համաձայն, 12-ամսյա գնաճը հանրապետությունում կազմել է 9.6%։ Դրանից առաջ՝ հոկտեմբերի վերջի դրությամբ, գնաճն ավելի ցածր էր. 9.1%։ Հիշեցնենք, որ թույլատրելի մակարդակը, որի սահմաններում մեր տնտեսական բլոկի պատասխանատուները խոստանում էին «տեղավորել» գնաճը, 5.5%-ն է։

Սակայն, որ խոստումը հնարավոր չի լինելու կատարել, արդեն խոստովանում է անգամ այն կառույցը, որին օրենսդրությամբ վերապահված է գները կարգավորելու իրավունքը. ՀՀ Կենտրոնական բանկը։ ԿԲ խորհուրդը դեկտեմբերի 7-ին նիստ է անցկացրել եւ փաստել, որ «արտաքին հատվածի գերակա ազդեցությունների պահպանման ներքո ուժեղանում են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի երկրորդային ազդեցությունները եւ գնաճային սպասումները, որոնք առաջիկա ժամանակահատվածում գնաճային միջավայրի ձեւավորման առումով կարող են էական դառնալ»: «Չնայած ՀՀ տնտեսության ներքին զարգացումներով պայմանավորված համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռեւս գնաճային ճնշումներ չի ստեղծում, խորհուրդը միակարծիք է, որ տնտեսության զարգացումների նկարագրված հեռանկարում եւ նախանշված ռիսկերի նույն տեմպերով դրսեւորման պարագայում էապես փոքրանում է հավանականությունը, որ գնաճը կանխատեսվող ժամանակային հորիզոնում կգտնվի նպատակային միջակայքի սահմաններում»,- նշված է ԿԲ պաշտոնական հաղորդագրության մեջ: Փաստորեն՝ էապես փոքրանում է հավանականությունը, որ մեր պաշտոնյաներն իրենց խոսքի տերը կլինեն։

Վերը նշված հաղորդագրության առաջին մասն, ի դեպ, պակաս ուշագրավ չէ՝ «Չնայած ՀՀ տնտեսության ներքին զարգացումներով պայմանավորված համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռեւս գնաճային ճնշումներ չի ստեղծում…»։ Փորձենք պարզաբանել։ Սովորաբար ընդունված է ասել, որ գնաճը տնտեսական աճի անբաժան ուղեկիցն է։ Եվ եթե գները բարձրանում են տնտեսության աշխուժացմանը զուգահեռ, դա բացասաբար չի ընկալվում։ Այլ կերպ ասած՝ գնաճը այն գինն է, որը տնտեսությունը վճարում է աշխուժացման համար։ Այս դեպքում, սակայն, հենց ինքը՝ Կենտրոնական բանկը, ոչ մի տեղ չի թողել մխիթարվելու համար։ Այս կառույցը բաց տեքստով նշել է, որ մեր տնտեսությունը՝ իր աննշան աճով, ամենեւին էլ դեր չունի եւ չի կարող ազդել գնաճի վրա։ Փաստորեն, ասուլիսներ տալ սիրող մեր մի շարք պաշտոնյաներ չեն կարող հղում անել տնտեսական աճին՝ գնաճն արդարացնելու համար։ Սակայն, եթե ԿԲ-ն մի կողմից՝ փակում է «ինքնարդարացման» մի դուռը, դրան զուգահեռ՝ բացում է մեկ այլ դռնակ՝ արտաքին հատվածի ազդեցությունների եւ գնաճային սպասումների տեսքով։ Սա նշանակում է, որ կարելի է ասել՝ մենք ոչ մի մեղք չունենք, միջազգային գներն են բարձրանում։ Թանկ ներմուծվում է, թանկ էլ վաճառվում։

Սակայն այս պնդման մեջ բացակայում է անկեղծությունը։ Բանն այն է, որ ամենից շատ թանկացել են պարենային ապրանքները, որոնք հիմնականում արտադրվում են ներսում։ Ինչպես նշվում է ԿԲ-ի նույն հաղորդագրության մեջ՝ «մրգի եւ բանջարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի, հացամթերքի գների աճի ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է շուրջ 6.7 տոկոսային կետ»։ Նկատենք նաեւ, որ ըստ ԿԲ-ի նույն հաղորդագրության, պարենային ապրանքների 12-ամսյա գնաճը կազմել է 7.5%, սակայն վիճակագրական ծառայության տվյալներով՝ պարենային ապրանքները նախորդ տարվա նոյեմբերի համեմատ թանկացել են 15.2%-ով։ Եթե հացամթերքի թանկացումը կարելի է կապել ներմուծվող հացահատիկի թանկացման հետ, ապա այլ ապրանքների՝ օրինակ, մսի, բանջարեղենի կամ պանրի թանկացումը արտաքին գործոններով պայմանավորելը չափազանց դժվար է։ Նշենք նաեւ, որ 9.6% ընդհանուր թանկացման ֆոնին պարենային ապրանքների 15.2% թանկացումը խոսում է այն մասին, որ գնաճից տուժում են առաջին հերթին սոցիալապես ոչ ապահով վիճակում գտնվող մարդիկ, քանի որ նրանց եկամտի հիմնական մասը գնում է հենց պարենային ապրանքների սպառման վրա։

Վիճակի լրջությունն առավել պարզ է դրսեւորվում, երբ գնաճի ցուցանիշները համեմատում ենք փոխարժեքի հետ։ Այսօր 1 ԱՄՆ դոլարն արժե 360 դրամ, մինչդեռ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2009թ. դեկտեմբերի սկզբին, ամերիկյան արժույթի գինը տատանվում էր 384 դրամի սահմաններում։ Սա նշանակում է, որ արտասահմանից ուղարկվող տրանսֆերտների հաշվին ապրող մեր հայրենակիցների համար ապրուստն ավելի շատ է թանկացել, քանի որ նրանք այժմ ավելի շատ դոլար պետք է «մանրեն»՝ նույն քանակի ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու համար։

Դժվար չէ նաեւ պատկերացնել, թե ինչ աստղաբաշխական թվերի կարող էր հասնել գների մակարդակը (մանավանդ ներմուծվող ապրանքների դեպքում), եթե դրամը արժեզրկվեր։ Բացառված չէ, որ դրամի արժեզրկումը կանխելով՝ մեր ֆինանսական իշխանությունները ցանկանում են զսպել գների հետագա թռիչքը։ Թեպետ Կենտրոնական բանկը խոսում է մեկ այլ գործիքի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին։ Դեկտեմբերի 7-ին ԿԲ-ն որոշում է կայացրել անփոփոխ թողնել դրա մակարդակը՝ 7.25%։ Սա նշանակում է, որ ԿԲ-ն փողի գինը չի «էժանացնում»՝ ավելորդ գնաճային ճնշումներ չառաջացնելու համար։ Ավելին, չի բացառվում, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մոտ ապագայում վերանայվի՝ բարձրացման ուղղությամբ։ «Հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների եւ դրանց երկրորդային ազդեցությունների ուժգնացման պարագայում ԿԲ խորհուրդն ավելի հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը»,- նշում է ԿԲ-ն։

Անկախ դրանից, Հայաստանում շատերը թերահավատությամբ են մոտենում թե՛ վերաֆինանսավորման տոկոսադրույքին, թե՛ դրա ազդեցությանը գների մակարդակի վրա։ Մեզանում գների վրա ավելի շատ ազդում են առանձին ապրանքատեսակների մենաշնորհ ունեցող անհատները։ Իսկ մենաշնորհների դեմ պայքարելու գործառույթը, ինչպես գիտեք, Կենտրոնական բանկին չի տրված։