Բիրիքով «այո»

23/10/2005

Վերջերս մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծվեց նախաձեռնող խումբ, որն իր հիմնական նպատակն էր հռչակել սահմանադրական փոփոխություններին հանրության իրազեկումը: Երեկ նրանք «Կոնգրես» հյուրանոցում կոնֆերանս էին հրավիրել, որին, նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հավաստմամբ, մասնակցում էր 150-200 ՀԿ: Խմբի կողմից արդեն տպագրվել է «10 հարց սահմանադրական փոփոխությունների մասին» անունը կրող մի գրքույկ, որում խոսք է գնում առաջարկվող փոփոխություններից 10-ի մասին, որոնք գրքույկի հեղինակների կողմից ներկայացված են որպես առաջընթաց՝ գործող Սահմանադրության նկատմամբ: Թեեւ կոնֆերանսի նախաձեռնողները շարունակ շեշտում էին, թե իրենք գործելու են ինքնուրույն՝ չհամագործակցելով որեւէ քաղաքական ուժի հետ եւ, որ իրենց նպատակը զուտ հանրության իրազեկումն է, սակայն հնչած ելույթներից կարելի է եզրակացնել, որ իրենք հստակ «այո» դիրքորոշումն ունեն: Կոնֆերանսին ներկա ուսանող Մ. Մինասյանն էլ տեղեկացրեց, որ ստեղծվել է վեց բուհերի ուսանողական խորհուրդներից կազմված միություն, որը հոկտեմբերի 26-ից զբաղվելու է բնակչության իրազեկման հարցերով: Ըստ նրա, վերոնշյալ բուհերի թվում են Երեւանի պետական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան եւ այլն:

Ռ. Թ.