Անընդունելի նահանջներ

09/12/2010

ՀԱԿ-ը` արձագանքելով անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հայտարարությանը, երեկ հայտարարել է, թե այն «արձանագրում է հայ դիվանագիտության կողմից այս տարիների ընթացքում թույլ տրված անընդունելի նահանջները»: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ ասուլիսում ներկայացնելով այս հայտարարությունը, ասել է. «Հայաստանը շարունակել է Լեռնային Ղարաբաղը որպես բանակցությունների լիիրավ կողմ ճանաչելու` ԵԱՀԿ-ի 1994թ. որոշումն անտեսելու` Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքական գիծը, վերացրել է Լեռնային Ղարաբաղի հիշատակումը՝ որպես հակամարտության կողմ»:

ՀԱԿ-ը գտնում է, որ «անթույլատրելի կետերը» հասնում են մոտ մեկ տասնյակի, եւ որ Հայաստանը, ըստ Կոնգրեսի, նահանջ է արձանագրել նաեւ տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառման հարցում: «Հայաստանը պաշտոնապես իր համաձայնությունն է տվել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Օրակարգից հանվել է հանրաքվեի դրույթը, այն փոխարինվել է կամարտահայտման անհստակ ձեւակերպմամբ: Անհստակ եւ անբավարար լուծում է տրվում Հայաստան-Լեռնային Ղարաբաղ ցամաքային կապի` Լաչինի միջանցքի կարգավիճակի սահմանման հարցին»,- ասել է Զուրաբյանը: ՀԱԿ-ի դիտարկմամբ` Հայաստանը դիրքերը թուլացրել է նաեւ տարածքների եւ փախստականների վերադարձին առնչվող խնդրում. «Եթե նախկինում խոսվում էր միայն վերադարձվող տարածքների դեմիլիտարիզացիայի մասին, ապա այսօր խոսքն այդ տարածքներն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին է: Եթե նախկինում խոսվում էր միայն վերադարձվող տարածքներ փախստականների վերադարձի մասին, այժմ արդեն խոսվում է նրանց վերադարձի մասին բուն Լեռնային Ղարաբաղ»,- ասել է ՀԱԿ համակարգողը: