«Սմերչը» եւ դիվերսանտները

09/12/2010 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Երեքշաբթի օրը Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարեց մի դիվերսիոն խմբի բացահայտման մասին: Դա տեղի ունեցավ լրտեսական ցանցի բացահայտումից մոտ մեկ ամիս անց: Վրաստանի ՆԳՆ-ի հրապարակած տվյալների համաձայն` այս երկու խմբերի միջեւ որեւէ կապ չկա: Միգուցե դատաքննության հետագա ընթացքը պարզի հետաքրքիր մանրամասներ: Իսկ մինչ այդ դեպքերը զարգանում են հետեւյալ կերպ:

Վրաստանի իրավապահները ձերբակալել են ոմն Գոգիտա Արկանիայի, ով խոստովանել է, որ ինքն է կանգնած եղել վերջին ամիսներին Վրաստանում տեղի ունեցած պայթյունների հետեւում, իսկ իրեն հավաքագրել է ռուս սպա Եվգենի Բորիսովը` սպառնալով հաշվեհարդար տեսնել իր հարազատների հետ եւ փող խոստանալով: Սեպտեմբերի 22-ին պայթյուն էր հնչել գերեզմանատան մոտ, որը գտնվում է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու: Պայթյունը վնասել էր մի քանի գերեզմանների ցանկապատերը: Դեսպանատանը կարծես թե ոչ մի վնաս չէր հասցվել: Դրանից մի ամիս անց պայթյուն էր հնչել Թբիլիսիի երկաթուղային կայարանի մերձակայքում: Պայթյունի ալիքից ջարդվել էին մերձակա շինությունների մի քանի պատուհանների ապակիները: Կարծես թե պայթյուն էր տեղի ունեցել նաեւ Արեւմտյան Վրաստանի Խոբի քաղաքի մերձակայքում: Որոշ տվյալներով` այնտեղ ոչ մի պայթյուն էլ չի եղել: Ի դեպ, այս իրավիճակը լուրջ տարաձայնություններ առաջացրեց «գործատուների» եւ «կատարողների» միջեւ: Բորիսովը վրդովված էր, որ առաջադրանքն ի կատար չի ածվել, իսկ դիվերսանտները պնդում էին, որ վրացական իշխանությունները ԶԼՄ-ներին արգելել են գրել այդ միջադեպի մասին, քանի որ այդ ժամանակ Վրաստանում էր գտնվում «արեւմտյան կարեւոր պատվիրակություն»: Իրավիճակը լիովին պարզելու նպատակով ինչ-որ ռուս սպա (ոչ Բորիսովը) դիմել է Եվրամիությանը` հետեւյալ հարցով` Խոբիում արդյոք պայթյուն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Իսկ Բրյուսելը գրավոր տեղյակ է պահել Թբիլիսիին. ինչ-որ ռուս զինվորական հետաքրքրվում է Խոբիի մերձակայքում երկաթգծի վրա տեղի ունեցած ինչ-որ պայթյունով: Այդ նամակը կցվել է դատական գործին` իբրեւ ռուս զինվորականների` Վրաստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին մասնակից լինելու ապացույց:

Եվ վերջապես, նոյեմբերի 28-ին Թբիլիսիում միանգամից երկու պայթյուն է տեղի ունեցել` մեկը ծայրամասային Մուխիանի միկրոշրջանում, մյուսը` Լեյբորիստական կուսակցության գրասենյակի մոտ, ինչի հետեւանքով զոհվել է 50-ամյա մի կին, ով նստած է եղել իր տանը` պատուհանի մոտ: Այս ամենը կազմակերպել է Գոգիտա Արկանիան` վրաց-աբխազական սահմանամերձ բնակավայրի բնակիչը: Բացի նրանից` ձերբակալվել է եւս 5 անձ, իսկ դիվերսիոն խմբի երկու այլ անդամներ գտնվում են աբխազական կողմում, որը Վրաստանի իշխանությունների վերահսկողությունից դուրս է: Իսկ ջոկատի ղեկավարը, ինչպես արդեն նշվել է, Բորիսով ազգանունով սպան է: Նա է պատվիրել գործողությունները, հեռախոսով վերահսկել իր ենթակաների քայլերը, որի համարը, ինչպես արդեն պարզել է վրացական հետաքննությունը, գրանցված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության անունով:

Երեքշաբթի երեկոյան Վրաստանի ՆԳՆ-ն, ինչպես եւ խոստացել էր դրանից մի քանի ժամ առաջ, ցուցադրեց Գոգիտա Արկանիայի խոստովանական ցուցմունքների որոշ տեսագրություններ: Ձերբակալվածը թողնում էր երիտասարդ, ոչ այնքան առողջ մարդու տպավորություն` խոսքի լուրջ խանգարումներով, ծանր միմիկայով: Այնուամենայնիվ, նա բավականին կապակցված շարադրեց Բորիսովի կողմից իրեն հավաքագրելու մասին պատմությունը, տվեց հանցակիցների անունները, հեռուստադիտողների համար ոչ այնքան կարեւոր մի քանի մանրամասնություններ հայտնեց իրականացված դիվերսիոն գործողությունների մասին: Նշված հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում օրինապահներն առգրավել են hեքսագեն, փամփուշտներ, պայթուցիչներ, եւն:

Այս ամենը բավարար էր, որ վրացական կողմը Ռուսաստանին մեղադրի ահաբեկչություն կազմակերպելու մեջ եւ կոչ անի նրան` օգնելու բացահայտել մյուս դիվերսանտներին, ովքեր գտնվում են իրենց վերահսկողությունից դուրս` Աբխազիայում:

Վրացական փորձագետները Արկանիայի խմբի կողմից իրականացված հանցագործությունների հետեւում առանց տատանվելու տեսան «ռուսական ձեռագիրը». որպես պայթուցիկ նյութ օգտագործվել է hեքսագեն: Այն նույն hեքսագենը, որով դեռ մի քանի տարի առաջ պայթյուններ էին կազմակերպվում Մոսկվայի շենքերի մուտքերում: Կասկածներ չեն մնում նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանը, ցանկանալով վնաս հասցնել որեւէ մեկին, ոչ մի բանի առջեւ կանգ չի առնում: Նրանց տրամաբանությունն այնքան «սպանիչ» է, որ չենք ուզում նշել այդ փորձագետների անունները` նրանց իսկ հեղինակության մասին մտահոգվելով: Ինչպես եւ ռուսաստանցի փորձագետների այն խմբերի անունները, որոնք ակնհայտորեն մտահոգված են տարեվերջին արեւմտյան գրանտներ շահելու հեռանկարով` «ժողովրդավարական արժեքներն առաջ տանելու եւ Պուտին-Մեդվեդեւ տոտալիտար ռեժիմը կործանելու համար»:

Ռուսաստանի պաշտոնական կառույցները` ԱԳՆ-ն, ՆԳՆ-ն, Պաշտպանության նախարարությունը, դեռեւս ոչ մի կերպ չեն մեկնաբանել Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները եւ որեւէ կերպ չեն արձագանքել վրացական կողմի խնդրանքին` «աջակցություն ցուցաբերել Աբխազիայում թաքնվող դիվերսանտներին բացահայտելու գործում»: Ավելի «զրուցասեր» էին ռուսաստանյան պատգամավորները: Այսպես, ՌԴ Պետդումայի Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Զավարզինը լրագրողներին հայտարարեց` «Ժամանակն է, որ Վրաստանը փոխի Ռուսաստանի հանդեպ իր դիրքորոշումը» եւ գոնե ավարտին հասցնի հետաքննությունը` մինչեւ մեղադրանքներ ներկայացնելը: Նաեւ հարկավոր է ստուգել` Ռուսաստանի` Աբխազիայում գտնվող զինված ուժերում կա՞ արդյոք Բորիսով ազգանունով սպա: ՌԴ Պետդումայի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սեմյոն Բաղդասարովն էլ կոշտ տոնով հայտարարեց, որ «Վրաստանում ռուսական հանցագործության» հերթական բացահայտումը տեղի է ունեցել Բրյուսելում Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովի նախօրեին. «Ակնհայտ է, որ Սահակաշվիլին վախենում է Ռուսաստանի ու Եվրամիության մերձեցումից, այդ պատճառով ձգտում է խոշոր սկանդալի: Դա Վրաստանին ձեռնտու է նաեւ այն պատճառով, որ ՆԱՏՕ-ում սկսել են մոռանալ նրա մասին. Վրաստանը կարիք ունի պահպանելու Ռուսաստանի կողմից Վրաստանին սպառնացող վտանգի մասին միֆը, որպեսզի չզրկվի ՆԱՏՕ-ի աջակցությունից. դրա համար են այս նոր ներկայացումները»,- կարծում է Բաղդասարովը:

Բնականաբար, ռուսաստանցի պատգամավորների ելույթները Թբիլիսիում ոչ մի տպավորություն կամ ազդեցություն չթողեցին: Կեսգիշերին մոտ Վրաստանը մտահոգված էր այն հայտարարությամբ, որ իր վերահսկողության տակ չգտնվող Ցխինվալի տարածաշրջանում «հայտնաբերվել են» Ռուսաստանի կողմից ներկրված «Սմերչ» ռեակտիվ համակարգեր: Ինչպես ասաց հայտնի ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին, այդ ռեակտիվ համակարգերի հայտնվելը Ռուսաստանի հակավրացական քաղաքականության շարունակությունն է, քանի որ այդ զենքը պաշտպանական բնույթի չէ, այլ հարձակողական: Նրա խոսքերով` «Սմերչից» պաշտպանվելու միջոց գործնականում գոյություն չունի, իսկ հաշվի առնելով այն, որ նրանք կարող են հրթիռ արձակել 70 կմ հեռավորությունից, այդ հրթիռները շատ հանգիստ կարող են հասնել մինչեւ Թբիլիսի: