«Թռանք».50 տարի տիեզերքում

09/12/2010

2011թ. մարտի 21-26-ը Կանարյան կղզիներում` Տեներիֆեում տեղի կունենա «Starmus» փառատոնը. յուրօրինակ գիտական, երաժշտական եւ գեղարվեստական իրադարձություն` Իսպանիայի տուրիստական եւ աստղագիտական դրախտում:

Փառատոնի մտահղացման հեղինակը եւ գլխավոր կազմակերպիչը, տնօրենը «Instituto de Astrofisica de Canarias» (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, աստղաֆիզիկ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանն է: Հիշեցնենք, որ միջազգային մեծ ճանաչում ունեցող մեր հայրենակից Գարիկ Իսրաելյանը շվեյցարացի խոշոր գիտնական, աստղաֆիզիկոս Միշել Մայորի եւ Նունո Սանտոսի հետ այս տարի արժանացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանված` Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակին: Գ. Իսրաելյանը տիեզերքում սեւ խոռոչների գոյացման մասին Ջոն Մայքլի նախնական գաղափարի հայտարարումից 200 տարի հետո ղեկավարեց մի աշխատախումբ, որն ապացուցեց սեւ անցքերի առաջացման սուպերնովա պայթյունների հիմնարար դերը, ինչը պրոֆեսոր Հանս Բեթհեի (ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր) գնահատմամբ` «վերջին տասնամյակի կարեւորագույն հայտնագործությունն է աստղաֆիզիկայում»: Նորաստեղծ «Starmus» փառատոնի մեկնարկը նվիրվում է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին: Հիշեցնենք, որ Գագարինի լեգենդար թռիչքը տեղի է ունեցել 1961թ. ապրիլի 12-ին: Փառատոնի ընթացքում Գագարինի մասին վավերագրական ֆիլմեր, նյութեր կցուցադրվեն, որոնք պատրաստված կլինեն սովետական արխիվներից: Փառատոնն ուղեկցվելու է երաժշտական ներկայացումներով, տիեզերքի մասին լուսանկարչական ցուցահանդեսներով: Օրերս Մոսկվայում «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագրությունում տեղի է ունեցել «Ստարմուս» փառատոնի շնորհանդեսը, որին մասնակցել է նաեւ լեգենդար տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը: Այդ օրերին աշխարհահռչակ գիտնականները, տիեզերագնացները եւ երաժիշտները ամբողջ աշխարհից կհավաքվեն Կանարյան կղզիներում: Գարիկ Իսրաելյանը պատմել է փառատոնի մասին.

– Փառատոնը մի տանիքի տակ կմիավորի աստղագիտությունը, երաժշտությունն ու արվեստը: Ինչո՞ւ ենք այն անցկացնում Կանարյան կղզիներում: Գագարինը բացել է դեպի տիեզերք տանող առաջին «դուռը», իսկ Կանարյան կղզիներում մենք ունենք «պատուհան»` Եվրոպայի ամենամեծ աստղադիտակը: Այստեղ կարելի է միաժամանակ տեսնել կենդանակերպային համաստեղությունների լույսը եւ Ծիր Կաթինը: Սա լինելու է առաջին նմանօրինակ գիտական փառատոնը, որն իր շուրջ կհավաքի աստղագիտությունը, երաժշտությունն ու արվեստը: Ներկա են լինելու լեգենդար տիեզերագնացներ, աշխարհահռչակ երաժիշտներ, հզոր գիտնականներ, որոնց շարքում` Նոբելյան 4 մրցանակակիրներ, ֆանտաստ գրողներ: Ինչպե՞ս կարելի է այլ կերպ նշել Գագարինի թռիչքի հոբելյանը: Եթե պարզապես հավաքվեինք եւ չոր գիտական ասուլիս կազմակերպեինք եւ հեռանայինք, ապա ոչինչ չէր հիշվի: Պետք է այնպես նշենք, որ աչքի ընկնի եւ հիշվի այն բոլորի կողմից: Ես խնդրել եմ աշխարհահռչակ երաժիշտներին, որ երաժշտություն գրեն աստղերի մթնոլորտում հնչող ակուստիկ ալիքների ձայների հիման վրա: «Tangerine Dream» խումբը, որն առաջինն է սկսել «տիեզերական երաժշտություն» գրել, Գագարինի համար կգրի աստղերի երաժշտություն: Կամբողջացնենք այն ամենը, ինչ տիեզերքի մասին կարողացել ենք իմանալ 50 տարիների ընթացքում: Ինչո՞ւ է «Starmus»-ը նվիրված Գագարինին: Որովհետեւ դա ամենահզոր երեւույթն է, ինչ մինչ այսօր կատարվել է աշխարհում: Դա մեր քաղաքակրթության մեկ այլ մակարդակն է, սակայն վստահ եմ, որ շատերը դա չեն հասկանում: Պատճառը Գագարինի անձի մեջ չէ, այլ երեւույթի: Այդ իսկ պատճառով նման իրադարձությունը պետք է նշել ինչպես հարկն է, եւ ոչ Ռուսաստանում: «108 րոպե» (այդքան է եղել թռիչքի տեւողությունը,-Ք.Մ.) կլոր սեղանը կանցկացվի ամենամեծ աստղադիտակի գմբեթի մեջ, այնտեղ կքննարկենք կյանքի որոնումները Տիեզերքում եւ տիեզերագնացության ապագան:

Գ. Իսրաելյանը մի քանի տարի առաջ «Աստղերի երաժշտության» նախագիծն առաջ քաշեց, որն արդեն հայտնի է ոչ միայն գիտնականներին, այլեւ աշխարհահռչակ երաժիշտներին: Այս մասին հայ գիտնականը պատմել էր նաեւ «168 Ժամին». «Մոտ 2000 տարի առաջ Արիստոտելն առաջ քաշեց «սֆերաների երաժշտություն» գաղափարը, ըստ որի` տիեզերքում մոլորակների շարժումից երաժշտություն է առաջանում, որը շատ հեռու է եւ անհնար է լսել: Մոտ 10 տարի առաջ աստղագիտության մեջ սկսեց զարգանալ «աստղերի սեյսմոլոգիա» կոչվող գիտական ճյուղը: Աստղերի մթնոլորտներում ուղղահայաց եւ հորիզոնական գազային ալիքներ կան: Դիտողական աստղագիտության գործիքներն այնքան են կատարելագործվել, որ այդ տատանումների արագությունը կարող ենք չափել մեկ մետր/վայրկյան ճշտությամբ: Աստղը ստատիկ գազ չէ: Եվ քանի որ աստղը պտտվում է` տատանման հաճախականությունն անընդհատ փոխվում է: Աստղը դառնում է անընդհատ բաբախող համակարգ: Ես սկսեցի այդ աստղերի ձայնային տեմբրը վերականգնել: Երբեմն դրանք ինֆրաձայներ են` շատ ցածր հաճախականություն ունեն, եւ սովորական ականջով հնարավոր չէ լսել: Համեմատում էի տարբեր աստղերի ձայները, փորձում հարմոնիա գտնել: Պարզվեց, որ միայն աստղերը չէ, որ ակուստիկ ձայներ ունեն: Արեւը, որ դարձյալ աստղ է, ունի ձայներ: Սեւ խոռոչներին շրջապատող սկավառակներում էլ ակուստիկ ձայներ կան: Գնալով նախագծիս սահմաններն ընդլայնեցի: Տիեզերքի տարբեր միջավայրերի, օբյեկտների ձայները վերարտադրեցի: Այսօր նույնիսկ աստղագետների 60%-ը չգիտի, որ աստղերի մեջ կարող են ձայներ լինել»: Նախագծին շուտով աշխարհահռչակ երաժիշտներ միացան` «Queen»-ի կիթառահար Բրայան Մեյը, Պիտեր Գաբրիելը, «Փինք Ֆլոյդի» կիթառահար Դեյվիդ Գիլմուրը, Ֆիլ Քոլինզը, Ժան Միշել Ժարը… Եվ ահա, «Starmus» փառատոնի ընթացքում առաջին անգամ կհնչի աստղերի երաժշտությունը: Փառատոնի կապակցությամբ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովն ասաց.

– Իրոք որ, խնդիրը Գագարինի մեջ չէ: Սա թռիչք է դեպի մարդկային գործունեության մեկ այլ ուղղություն: Իսկ ինչո՞ւ Կանարյան կղզիներում: Այո, մեր երկրում կա ռադիոաստղագիտական կայան` «Զելենչուկսկայան», որտեղ աստղադիտակի շառավիղը 9 մետր է: Սակայն մեր երկրում ոչ ոք չասաց. «Այո, մենք պատրաստ ենք կազմակերպելու այս յուրօրինակ փառատոնը»: Իսկ Գարիկն առաջարկեց. «Կանչենք բոլորին եւ գնահատական տանք տիեզերքում անցկացրած այն 108 րոպեներին»: Ահա թե ինչո՞ւ՝ Կանարյան կղզիներ: Շնորհիվ այս փառատոնի՝ աղջիկներն ու տղաները կիմանան, թե ինչպես է հնչում Սիրիուսը, եւ որ Ալդեբարանը չի կմկմում, այլ երգում է:

Փառատոնը օր օրի համալրվում է նոր իրադարձություններով, նոր միջոցառումներով, նոր մասնակիցներով եւ պատվավոր հյուրերով (www.starmus.com): Ռուսական պատվիրակությունը կներկայանա «աստղային» կազմով` Ալեքսեյ Լեոնով, Վալենտինա Տերեշկովա, Գենադի Պադալկա եւ շատ այլ տիեզերագնացներ եւ գիտնականներ: Փառատոնից անմիջապես հետո կթողարկվի տիեզերական երաժշտությամբ ձայնասկավառակը: Զեկույցներով հանդես կգան աշխարհահռչակ գիտնականներ Ջորջ Սմիթը (George Elwood Smith), Կիպ Տորնը (Kip Thorne), Ռոբեր Ուիլյամսը (Robert Williams), Ջեկ Շոստակը (Jack Szostak), Ջիլլ Թարթերը (Jill Tarter), Միշել Մայորը (Michel Mayor), Բրայան Մեյը (Brian May), Սամի Սոլանկին (Sami Solanki), Ռոբերտ Ուիլսոնը (Robert Wilson), Ադամ Բարրոուզը (Adam Burrows), Ջորջ Սմութը (George Smoot), Լեսլի Սեյջը (Leslie Sage), Ջոզեֆ Սիլքը (Joseph Silk), եւ այլք, որոնց մենք մեր ընթերցողին մշտապես կներկայացնենք:

Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ