Ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրման թեման երկրորդ պլան մղվեց: Նաեւ այն պատճառով, որ հասարակական քննարկումները Հայաստանում երբեք շոշափելի արդյունք չեն տալիս: Անգամ հասարակական մասշտաբի խնդիրների քննարկումը: Վերջին երկու օրվա թեման ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի հարցազրույցն է: Մեր տնտեսական վիճակը նկարագրող եւ լավատեսություն չպարունակող հարցազրույցը: Աղանբեգյանը հատկապես ընդգծում է այն, որ մենք շարունակում ենք խրվել պարտքերի մեջ: Վերջին երկու տարում Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշն աճեց մինչեւ համախառն արդյունքի 40 տոկոսը: Սրան զուգահեռ՝ տարեցտարի ավելանում է արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը: Փորձեք հիշել, թե ինչ վերլուծություններ էին հրապարակվում, երբ ներմուծում-արտահանում ոլորտում գրանցվեց 500 մլն դոլար բացասական հաշվեկշիռ: Բուռն քննարկումները շարունակվեցին, երբ այդ թիվը դարձավ 600 մլն դոլար: Հետո հերթը հասավ մեկ մլրդ դոլարին, երկուսին, եւ այդպես շարունակ: Հետո քննարկումները դադարեցին: Որովհետեւ դրանք իշխանությունների ուշադրությանն այդպես էլ չարժանացան: 2010թ. առաջին տասն ամիսների ընթացքում բացասական հաշվեկշիռը 2 մլրդ 200 մլն դոլար է: Մինչեւ տարեվերջ այն, հարկավ, ավելի կաճի: Որովհետեւ առջեւում նախատոնական մեծ առեւտրի ներմուծումների շրջանն է: Մինչդեռ նախկինում պայմաններն այլ էին: Մինչեւ ճգնաժամը եւս մեր ներմուծումները մոտ երեք անգամ գերազանցում էին արտահանումներին: Բայց տնտեսությունը, եթե կարելի է այդպես ասել, դեռ կենսունակ էր: Որովհետեւ վիճակագրական ծառայությունները չէին հաշվառում մեր արտահանման հիմնական ապրանքը՝ աշխատուժը: Հենց այդ աշխատուժն էր արտերկրում (հիմնականում՝ Ռուսաստանում) փող վաստակում: Վաստակում էր ու տրանսֆեր կոչվածի տեսքով ուղարկում Հայաստան: Արտահանմամբ ձեռք բերած 600 մլն դոլարին գումարում էինք մեկ ու կես մլրդ դոլարը գերազանցող տրանսֆերն ու ապրում: Հիմա հաշվապահությունը փոխվել է: Փոխվել է բացասական տեսանկյունից: Նախ կրճատվել է տրանսֆերի ցուցանիշը (անցած տարի՝ 200 մլն դոլարը գերազանցող չափով): Այս տարվա հունվար-հոկտեմբերին արտահանվել է մոտ 800 մլն դոլարի արտադրանք: Փոխարենը՝ ներմուծումների ծավալը գերազանցել է 3 մլրդ դոլարի ցուցանիշը: Հայտնի է նաեւ տրանսֆերների չափը՝ 1 մլրդ 300 մլն դոլար: Այսինքն՝ բացասական երկու մլրդ 200 մլն դոլար հաշվեկշռից տրանսֆերների միջոցով կարող է «փակվել» 1 մլրդ 300 մլն-ը: Մնացորդային 900 մլն դոլարը ոչնչով չծածկվող պարտք է: Ահա թե ինչու է մեր կառավարությունը եկամուտների նորանոր աղբյուրներ փնտրում: Ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրության շուտափույթ ներդրումը միայն սրանով կարելի է բացատրել: Այն մի կողմից՝ բյուջեի համալրման լրացուցիչ աղբյուր է, մյուս կողմից՝ մի քանի օլիգարխի համար նոր կերակրատաշտ: Ոլորտի մասնագետները փորձում էին կառավարության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երկիրը դեռ պատրաստ չէ նման լայնամասշտաբ փոփոխության: Նույնիսկ պարզ թվաբանական հաշվարկներ էին բերվում, որ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների քանակը չի բավարարի ավտոպատահարների քանակն արձանագրելու համար: Ոչինչ չազդեց, ու որոշումն օրենքի ուժ ստացավ: Կառավարությանը կարելի է հասկանալ: Նրանք «նոր հարկ» սահմանելու ոլորտ էին գտել: Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրում հնարավոր է պարտադրել հասարակությանը: Որովհետեւ, ըստ մեր իշխանավորների, մեքենա ունեցող մարդը «նոր հարկ» մուծելու հնարավորություն ունի: Նա, ում համար այդ ավտոմեքենան բիզնեսի կամ օրվա հաց աշխատելու միջոց է՝ ստիպված կհատկացնի պահանջվող գումարը: Իսկ թանկարժեք մեքենաներ ունեցողները սոցիալական բունտ չեն սկսի: Հատկապես, որ պարտադիր ապահովագրությունը հենց իրենց շահերի համար է: Որովհետեւ այն ապահովագրում է երրորդ կողմի ավտոմեքենան: Հին ու մաշված «ժիգուլի-օպել» վարողներն էին, որ ավտովթարի դեպքում ֆինանսապես ի վիճակի չէին փոխհատուցելու «պորշե-ռովերների» վնասը: Որովհետեւ բոլոր ավտովթարներում հենց իրենք են մեղավորը: Հետեւաբար բարդ չէ պատկերացնել կառավարության հաջորդ քայլը: Այն եւս կմատուցվի «հանուն բյուջեի» կարգախոսի տակ: Ավելին՝ ճառեր կհնչեն ազգի գենոֆոնդի պահպանման, բարգավաճման ու այդ ամենն օրինական հունի մեջ դնելու անհրաժեշտության մասին: Ճառերի ազգային հատվածը նժդեհականները կապահովեն: Բարգավաճելու ու օրինականության մասին կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունները կխոսեն: Իրականում առողջապահության ապահովագրումն էլ ավտոապահովագրության պես կծառայի մի քանի օլիգարխների: Առողջապահական ապահովագրությունն էլ իր մասշտաբների պատճառով կարելի կլինի համարել «նոր հարկ»: Այս գործընթացի մեջ կներքաշվի ամբողջ հասարակությունը՝ գործարարից մինչեւ տնային տնտեսուհին: Մի բան, սակայն, առայժմ անհայտ է՝ ինչ եկամուտների հաշվին է հասարակությունը վճարելու նոր հարկերը: Բայց դա այն խնդիրը չէ, որի առջեւ մեր իշխանությունները կկարկամեն: Խեղդվողի փրկությունը միշտ էլ հենց իր՝ խեղդվողի գործն է: