«Պետական գույքի մասնավորեցման 2005-2007թթ. ծրագրի մասին օրինագիծը» կառավարությունն ուղարկել է ԱԺ: Նշված ժամանակահատվածում սեփականաշնորհման են առաջադրվում պետական բաժնեմաս ունեցող 48 ընկերություններ: Ովքե՞ր են լինելու մեր հանրապետության նոր մասնավոր հիմնարկների սեփականատերերը: Այս մասին դեռ վաղ է խոսել: Ժամանակը ցույց կտա:
Փորձեցինք վերոնշյալ ընկերությունների ղեկավարների հետ որոշ հարցեր պարզաբանել: Պարզվում է՝ նրանցից մի քանիսն օրվա ընթացքում ընդհանրապես բացակայում են աշխատավայրերից, ոմանք խուսափում են հեռախոսազրույցից կամ հաղորդակցման այլ ուղիներից: Գուցե նրանք իրենց արդեն չե՞ն համարում ապագա մասնավոր հիմնարկությունների ղեկավարներ կամ սեփականատերեր:
Այնուամենայնիվ, գտնվեցին բարեխիղճ պաշտոնյաներ, ովքեր հնարավորինս պատասխանեցին մեր հարցերին: ՀՀ Բնապահպանության նախարարության «Անալիտիկ» ՊՓԲԸ տնօրեն Սուսաննա Սարգսյանի խոսքերով, կազմակերպությունը մասնավորեցման է առաջարկվել հենց իրենց կողմից: «Ես 15 տարի զբաղեցնում եմ ընկերության տնօրենի պաշտոնը, եւ պետությունից ոչ մի կոպեկ չենք ստացել: Այսօր այլընտրանք չունենք, մասնավորեցումն անխուսափելի է»,- ասում է Ս. Սարգսյանը: 1971-ից գործող «Տրանսպորտային շինարարության նախագծահետազննական «Տրանսնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նշեց, որ ընկերությունը «հաշվարկային հիմնարկ» է եւ ընդհանրապես ֆինանսավորում չի ստացել պետական բյուջեի կողմից: «Էկոսերվիս» ՊՓԲԸ տնօրենը նշեց, որ այս երեւույթն իրենց համար արտառոց չէ, քանի որ արդեն 10 տարի է, ինչ ընկերության գույքը ներկայացվում է մասնավորեցման, սակայն հետաքրքիրն այստեղ այն էր, որ տնօրենը տեղյակ չէր, որ «Էկոսերվիսը» գտնվում է 2005-2007 թթ. մասնավորեցման առաջարկվող պետական ընկերությունների ցուցակում:
Այնուամենայնիվ, նշենք մի քանի այլ ընկերությունների անուններ, որոնք առաջիկա տարիներին միգուցե դադարեն պետական լինելուց. «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ, «Վեբեր» ՓԲԸ, «Գառնի-Լեռ» ԲԲԸ, «Տեղեկատվական-մարքեթինգային կենտրոն» ՓԲԸ, «Էներգակարգաբերում» ՓԲԸ, «Հայէներգո» ՓԲԸ-ի «Էներգամատսերվիս» ԴՓԲԸ, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, «Ջրշին» ՊՓԲԸ, «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, «Թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ, Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկաները: