Օրերս «168 Ժամ» թերթի խմբագրությունն ահազանգ է ստացել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից (ք/հ):
«Նուբարաշեն» ք/հ-ից այդ հաստատություն տեղափոխված 4 տարի 3 ամսվա ազատազրկման դատապարտված Մհեր Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց, որ հիմնարկի վարչակազմը հացադուլ հայտարարելու իր դիմումներին չի արձագանքում: «Դիմումներս չեն ընդունում, հետ են տալիս, բայց ես ըստ օրենքի իրավունք ունեմ իմ ոտնահարված իրավունքների համար պայքարել անգամ հացադուլի միջոցով»: Մ. Բաղդասարյանի խոսքերով` հիմնարկի ղեկավարությունը հացադուլ հայտարարելու իր դիմումներին ի պատասխան՝ հորդորում է` «Կտեղափոխվես գաղութ` նոր հացադուլ կանես»: Բանն այն է, որ ըստ Մ. Բաղդասարյանի` ինքը տառապում է քրոնիկ հեպատիտ, ռեւմատոիդ արթրիտ ոսկրային հիվանդություններով եւ գտնվում է առողջական ծանր վիճակում: Վերջինիս կողմից հացադուլ հայտարարելու շարժառիթը կալանավայրի վարչակազմի կողմից իր գործերը վաղակետ ազատման հանձնաժողովին չներկայացնելու հետ է կապված: «Բայց ես շատ ծանր վիճակում եմ, օրական 10 հատից ավելի դեղեր եմ խմում, ես էստեղ չեմ դիմանում, հասկանո՞ւմ եք: Վատանում եմ, չեմ կարողանում շարժվել»: Մ. Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ հիմնարկի ղեկավարությունը միտումնավոր չի ընդունում հացադուլ հայտարարելու իր դիմումները, քանի որ այդ ընթացքում իր առողջական վատ վիճակն ավելի է սրվում: «Իրանք գիտեն, որ մահամերձ վիճակում եմ լինում: Ինձ նույնիսկ գաղութում այդ ծանր վիճակում դեղ չէին տալիս: Դիտորդական խումբ եմ հրավիրել, եկել ստուգել են, որից հետո իրենց պահանջով նոր դեղերը տվել են»: Նա նաեւ հավաստիացրեց, որ օրենքով սահմանված կարգով 2-րդ կարգի հաշմանդամի կարգավիճակ ունեցողների համար համապատասխան դեղորայքը չտրամադրելու իր բազում դիմում-բողոքների պատճառով «Նուբարաշեն» ք/հ-ի ղեկավարությունն իրեն պատժախցում է պահել` «Որովհետեւ իմ իրավունքի համար պայքարում էի: Ես ունեմ նախագահի ներումը, կալանքիս կեսը կրել եմ, առաջին դատվածությունն է, ծանր վիճակում եմ: Իրենք ասում են, որ հանձնաժողովին գործերս ներկայացնելը հետաձգում են երկու ամսով: Պատճառաբանում են, թե` «ուղղվելու տեղ ունես»: Ես ձեռնափայտով տեղաշարժվող հաշմանդամ մարդ եմ, ի՞նչ եմ արել: Իրենցից պահանջում եմ ՀՀ նախագահի կողմից հաստատված հիվանդությունների այն ցանկը, որն ազդում է կալանքի վրա, բայց ինձ մերժում են: Չէ՞ որ դատապարտյալն իրավունք ունի դրա հետ ծանոթանալ»: Ինչեւէ, Մ. Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ իրեն ստիպում են հացադուլ հայտարարելու դիմումները ետ վերցնելու մասին տեղեկանքներ ստորագրել. «Սոցիալ-հոգեբանն ասում ա` ստորագրի, որ հետ ես վերցնում դիմումդ: Ես ասում եմ` հետ չեմ վերցնում, իսկ նա, թե` ես գիտեմ, ոնց քեզ կստիպեմ ստորագրել»:
ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի «Դատապարտյալի առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգը» հոդված 15-ը սահմանում է. «Դատապարտյալն իր առաջարկությունները, դիմումները եւ բողոքները կարող է ներկայացնել ամեն օր ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Գրավոր բողոքները ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում ուղարկվում են հասցեատերերին: Դատապարտյալների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները գրաքննության ենթակա չեն»: