Նոյեմբերի 29-ին Ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ստուգումներով պարզվել է, որ բանկի «Արմավիր» եւ «Մեծամոր» մասնաճյուղերում չարաշահումներ են հայտնաբերվել: Ժամեր անց մասնաճյուղերի երկու ոսկերիչ-գնահատողներ բերման են ենթարկվել Ոստիկանություն: Ըստ Ոստիկանության ներկայացրած տեղեկատվության, պարզվել է, որ «Մեծամոր» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Արմեն Գալստյանը կատարել է 9 միլիոն դրամի չարաշահում: Նա գործել էր հետեւյալ մեխանիզմով. բանկում գրավ էր դրել համապատասխան ոսկեղեն եւ դրա դիմաց տարբեր անձանց անուններով գումարներ վերցրել: Հետո պահանջել էր վերադարձնել ոսկեղենն ու տեղը սովորական մետաղ էր դրել: Նույն սցենարով էր գործել նաեւ «Արմավիր» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Արման Գրիգորյանը: Այս դեպքում յուրացվել էր 15 միլիոն դրամ: Ոսկերիչ-գնահատողները ձերբակալված են: Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: