Բուզանդի փողոցի բնակիչները ստացան եւս մի հարված։ Ձերբակալվեց մի փաստաբան, որը պաշտպանում էր Բուզանդի փողոցի չորս ընտանիքների շահերը եւ պաշտպանների մեջ ամենաակտիվն էր։
Պետական կարիքների անվան տակ՝ Բուզանդի եւ հարակից փողոցների բնակիչներին վտարում են իրենց տներից, որ այդ տեղերում մասնավոր շենքեր կառուցեն։ Ամբողջ պետական համակարգը՝ դատարանները, ոստիկանությունը, դատախազությունը բնակիչների շահերի դեմ են։ Պետական մարմիններից միայն մարդու իրավունքների պաշտպանն է հակաօրինական համարում իրացման գործընթացը։ Բնակիչների միակ պաշտպանը մնում են նրանց փաստաբանները։ Իշխանությունները, ձերբակալելով փաստաբանին, չորս ընտանիքի զրկեցին նաեւ փաստաբան ունենալու իրավունքից եւ սրանով փորձում են դաս տալ նաեւ մյուս փաստաբաններին։ «Ռայթ իրավաբանական խումբ» ՍՊԸ նախագահ փաստաբան Վահե Գրիգորյանին ձերբակալել են հոկտեմբերի 7-ին, իսկ 10-ին դատարանը նրա խափանման միջոցն ընտրել է երկու ամսվա կալանքը։
Նա մեղադրվում է դրամ շորթելու եւ փաստաթղթեր կեղծելու մեջ։ 30-ամյա Վահե Գրիգորյանն ավարտել է Երեւանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ծառայել է բանակում, աշխատել է Ղարաբաղի զինվորական դատախազությունում քննիչ։ Եղել է Ասկերանի շրջանի դատախազի պաշտոնակատար։ Հետագայում անցել է փաստաբանական գործունեության։
Այս տարի նա դարձել է Բուզանդի փողոցի չորս ընտանիքների փաստաբանը, որոնք հրաժարվում են վաճառել իրենց սեփականությունը։ Փողոցի սեփականատերերը երկու մասի են բաժանված։ Մի մասը համաձայն չէ իրենց առաջարկվող փոխհատուցման հետ եւ պայքարում է, որ համապատասխան գնով վաճառի իր սեփականությունը։ Մյուս մասն ընդհանրապես հրաժարվում է վաճառել սեփականությունը՝ հայտարարելով, որ Սահմանադրությամբ իրենց տրված է սեփականության իրավունք, եւ կառավարությունը խախտել է Սահմանադրությունը՝ իրենց զրկելով սեփականությունից։ Վահե Գրիգորյանի պաշտպանյալները երկրորդ խմբի մեջ են։ Իսկ Գրիգորյանի պաշտպանությունը չի սահմանափակվում միայն դատարաններում միջնորդություններ անելով։ Նա իր պաշտպանյալներին պաշտպանում էր նաեւ նրանց տների մուտքերի դիմաց ԴԱՀԿ աշխատակիցների ներխուժումներից, երբ նրանք բռնությամբ գնահատում էին բնակարանները կամ վտարում բնակիչներին։ Այս տարվա մարտի 1-ին Գրիգորյանը կանխեց ԴԱՀԿ աշխատակիցների մուտքը Բուզանդի 15/9 տուն, որտեղ նրանք դատարանի որոշմամբ հարկադրաբար ցանկանում էին գնահատել տունը։ Երկու օր անց դա նրան չհաջողվեց։ ԴԱՀԿ աշխատողները ոստիկանության հետ եկան եւ բռնությամբ ներխուժեցին տուն։ Վահե Գրիգորյանն իր գործընկերոջ եւ տանտիրոջ հետ կանգնած էր մուտքին եւ թույլ չէր տալիս նրանց մուտք գործել։ ԴԱՀԿ-ի աշխատակիցներն իրենց հետ անշարժ գույք գնահատող փորձագետ էին բերել։ Փաստաբանը պնդում էր, որ հարկադիր կատարողներն իրավունք չունեն փորձագետ մտցնել ուրիշի սեփականություն։ ԴԱՀԿ աշխատակիցները ծեծում են փաստաբաններին եւ տանտիրոջը։ Վահե Գրիգորյանին գետնին գցած հարվածում են ոտքերով։ «Երկիր մեդիա» հեռուստատեսությունը նկարահանել է Գրիգորյանին ծեծից հետո, արյունոտ դեմքով։ «Նրանք հիմնականում ծեծում էին Վահեին։ Եթե մեզ մեկ հարված էր հասնում, ապա Վահեին՝ տասնհինգ»,- ասում է տան բնակիչ Զորիկ Վահանյանը։ Ի վերջո, ներխուժում են տուն, եւ անշարժ գույքի գնահատողը գնահատում է տունը։ Մայիսի 31-ին Ազգային անվտանգության ծառայության (նախկին Խթը երկու աշխատակից մտնում են «Ռայթ իրավաբանական խումբ» փաստաբանական ՍՊԸ եւ, ներկայանալով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշսխատակիցներ, պահանջում են բողոքատուների վերաբերյալ տվյալներ։
Ինչո՞ւ են ներկայանում որպես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ։ Նախապես, մայիսի 26-ի գիշերը, ԱԱԾ աշխատակիցները ներխուժում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ առգրավում համակարգիչը, որտեղ պահվում էին գրասենյակի տեղեկությունները, նաեւ քաղաքացիների կոնֆիդենցիալ բողոքները։ Պաշտպանը ասուլիս տվեց եւ մտավախություն հայտնեց, որ ԱԱԾ աշխատակիցներին հետաքրքրել են երկու քաղաքացիների գործերի վերաբերյալ տեղեկություններ, որոնք դիմել են եւ՛ «Ռայթին», եւ՛ իրեն։ Հունիսի 10-ին Վահե Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվում։ Սակայն փաստաբանը շարունակում է նույն ոգով պաշտպանել իր պաշտպանյալներին նաեւ դատարանից դուրս։ Պահպանվել են կադրերը, թե ինչպես է վիճում ԴԱՀԿ աշխատակիցների հետ, որոնք եկել են իր պաշտպանյալին տնից վտարելու։
Այս տանտերը՝ Սաշիկ Սաֆյանը, ասաց, որ Գրիգորյանն իրենց շահերը պաշտպանում է անվճար, քանի որ նրա համար սկզբունքային հարց է, երբ խախտվում է սահմանադրությունը։ Սաֆյանների գործը փաստաբանն ուղարկել է Ստրասբուրգի դատարան։
Ինչի՞ համար են ձերբակալել։ Ռուսական «Կրեյն ԼՏԴ» ՍՊԸ-ի հայկական մասնաճյուղը մոտ 23 միլիոն դրամ (մոտ 41 հազար դոլար) գերավճար հարկ է մուծել պետությանը։ Ըստ Գրիգորյանի կողմնակիցների, 2003 թ. «Կրեյնի»՝ ԱՄՆ-ում գտնվող տնօրենը պայմանագիր է կնքել Վահե Գրիգորյանի հետ, որ նա դատական կարգով հետ բերի գումարը։ Փաստաթղթերը Լոս-Անջելեսից փոստով ուղարկվել են։ Գրիգորյանը հաղթել է դատական բոլոր ատյաններում։ Փողը նախնական պայմանավորվածությամբ փոխանցվել է «Ռայթի» հաշվեհամարին, որից պահվելով փաստաբանի հոնորարը, գումարը, դոլարի վերածած, փոխանցվել է «Կրեյնի» տնօրենի նշած ԱՄՆ-ում գտնվող հաշվեհամարին։
Գործից երկու ամիս անց Գրիգորյանին են մոտենում ԱԱԾ աշխատակիցներ եւ առաջարկում տեղեկություններ տալ իր հաճախորդի մասին։ Գրիգորյանը հրաժարվում է, քանի որ իրավունք չունի հաճախորդի առեւտրային գաղտնիքը մատնել, ապա նամակով դիմում է ԱԱԾ պետին, թե ինչու են ուզում իրեն հավաքագրեն։ Պատասխան չի ստանում։
Երկու տարի անց, Բուզանդի բնակիչների պաշտպանության ամենաբուռն շրջանում, սկսվում է նրա հետապնդումը։ Գրիգորյանը հրաժարվում է հարցաքննության հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, որ փաստաբանության մասին օրենքն արգելում է հաճախորդների մասին տեղեկություն տալ։
Նրան ձերբակալում են մեկ օր առաջ մի մարդու տված ցուցմունքների հիման վրա, որ Գրիգորյանն իր հետ կեղծել է «Կրեյնի» լիազորագրերը եւ հայցադիմումը։ Դատախազության քննիչի որոշման մեջ գրված է` «Վահե Գրիգորյանը նախնական համաձայնության է եկել «Կրեյն ԼՏԴ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի հետ որեւէ առնչություն չունեցող Ալեքսանդր Հակոբյանի հետ ակնհայտ կեղծ փաստաթղթերի օգտագործման միջոցով նշված մասնաճյուղի դեռեւս 1998 թվականի գործունեության հետեւանքով առաջացած գերավճարը դատական կարգով պետբյուջեից ստանալու եւ հափշտակելու վերաբերյալ»։ Այդ «Կրեյնի հետ ոչ մի կապ չունեցող Ալեքսանդր Հակոբյանը» «Կրեյնի» տնօրեն Գեւորգ Հակոբյանի հայրն է։ Գրիգորյանը ձերբակալվել է միայն Ալեքսանդր Հակոբյանի տված ցուցմունքի հիման վրա։
Մեկ օր անց Հակոբյանը դիմում է գրել Մարդու իրավունքների պաշտպանին, որ դատախազությունում 10 ժամ իրեն ճնշել են եւ ստիպել ցուցմունք տալ իր եւ Վահե Գրիգորյանի դեմ։ 65-ամյա Հակոբյանն անառողջ է եւ տարել է սրտի վիրահատություն։ Այս դիմումն ուղարկվում է դատախազություն, որից հետո Հակոբյանը Պաշտպանի գրասենյակից հետ է վերցնում դիմումը։ Հակոբյանի դեմ նույն քրեական մեղադրանքն է հարուցված, սակայն նրան չեն ձերբակալել։ Գրիգորյանին սպառնում է 4-10 տարվա ազատազրկում։ Ձերբակալությունից հետո հոկտեմբերի 12-ին Բուզանդ փողոցում չորս ընտանիքներ ասուլիս տվեցին եւ հայտարարեցին. «Բացահայտ է, որ հայրական տները՝ հայրենիքը չվաճառելու մեր սահմանդրական իրավունքի պաշտպանությունը իրականացնող Վահե Գրիգորյանի կալանքը հենց մեր ընտանիքներին ուղղված հարված է»։ «Մեր հասցեները մնացել են նույնը, բայց այդ հասցեի տեղը մեծ փոս է։ Մենք ոչ միայն վտարված ենք, այլեւ վթարված ենք։ Մենք զրկված ենք նաեւ մեր վերջին հույսից, Վահեն պատրաստվում էր մեր գործն ուղարկել Ստրասբուրգ, եւ նրան ձերբակալեցին»,- ասում է Բուզանդի փողոցի նախկին բնակիչ Գոհար Գալստյանը։ Չորս ընտանիքների առաջնային պահանջն է դարձել ոչ թե սահմանադրական իրավունքի վերականգնումը կամ բնակարանի համարժեք փոխհատուցումը, այլ՝ իրենց դատապաշտպանի ազատությունը։ Գրիգորյանին պաշտպանում են տասը փաստաբաններ։ Պաշտպանների թիվը կարող է աճել։ Նրանցից չորսը հոկտեմբերի 13-ին ասուլիս տվեցին Փաստաբանների պալատում։ Փաստաբանները հայտարարում են, որ այս ձերբակալությունը մարտահրավեր է փաստաբանությանը եւ սպառնում է փաստաբանական ինստիտուտին, եւ, որ յուրաքանչյուր փաստաբան պոտենցիալ հանցագործ կարող է դիտվել եւ հայտնվել Վահեի տեղը։