Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Դանիայի ԵՄ ներկայացուցչությունում հանդես է եկել ելույթով: Նա նաեւ պատասխանել է ներկաների հարցերին: «Hurriyet»-ի փոխանցմամբ` Էգեմեն Բաղըշից հետաքրքրվել են Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների ճակատագրով, ինչին ի պատասխան՝ Բաղըշն ասել է, թե առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման, անհնար է, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: «Սակայն թուրքերը հայերի նկատմամբ ատելություն չունեն: Հայաստանում տնտեսական ծանր դրության հետեւանքով քաղաքացիները հեռանում են երկրից: Բնակչության համարյա կեսը հեռացել է Հայաստանից: Շուրջ 70.000 Հայաստանի քաղաքացիներ անօրինական ձեւով աշխատում են Թուրքիայում: Մենք դրա վրա աչք ենք փակում: Նրանց մեծ մասն աշխատում է երեխա խնամող: Այսինքն, մեր ամենամեծ հարստությունը` մեր երեխաներին, վստահում ենք հայ դայակներին: Եթե մեր սրտում ատելություն լիներ, ինչպե՞ս նման կերպ կվերաբերվեինք»,- ասել է թուրք նախարարը: