Օպերային դերասան, բասի եւ բարիտոնի համար գրված դերերգեր մարմնավորող Բարսեղ Թումանյանը, ով վաղուց արդեն եվրոպական բեմերում իր տեղն է հաստատել, շատ լավ ծանոթ է հայաստանյան ներքին ու արտաքին խնդիրներին: Եվ ցանկացած առիթ օգտագործում է` մեր նկարագրի (եւ ներքին, եւ արտաքին) մասին խոսելու համար: Բ. Թումանյանը մի քանի օր առաջ ելույթ ունեցավ Երեւանում աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ: Եվ այդ համերգը, որն իրոք աննախադեպ (բուն իմաստով, այլ ոչ թե գովազդային) իրադարձություն էր մեր կյանքում, ոչ միայն անասելի գեղագիտական հաճույք պարգեւեց, նաեւ դրդեց հիշել, որ երաժշտությունը սարսափելի ուժ է, որն, ըստ Բարսեղ Թումանյանի` ունակ է նույնիսկ գենետիկական մուտացիաներ առաջացնել: Եվ այդ մուտացիաները, ինչպես էվոլյուցիոն, այնպես էլ` դեգրադացիայի հանգեցնող կարող են լինել:
– 11 տարիների ընթացքում «Երեւանյան հեռանկարներ» փառատոնն ահռելի գործ կատարեց, որը շատերը նմանեցնում են պարտիզանական գործունեության:
– Եվ հաշվի առեք, որ փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը գնահատված կոմպոզիտոր է աշխարհում, բայց նրա ստեղծագործական կյանքը Հայաստանում կանգ է առած, այն պարզապես չկա: Նույնիսկ այդ պայմաններում նա հսկայական կազմակերպչական գործ է անում` առանց սեփական անունը շեշտելու Հայաստանի արվեստը ներկայացնում է դրսում, եւ իրապես մեծագույն երաժիշտներին հրավիրում է մեզ մոտ: Այդ ամենը նա անում է` բարձր որակի հարաբերություններ «ներարկելով» հասարակության մեջ: Ցանկացած մարդ ձգտում է գեղեցիկ մեքենաներ, հագուստ ունենալ, բայց չէ՞ որ հարաբերությունները նույնպես գեղեցիկ ու կիրթ դառնալու կարիքն ունեն: Արվեստը փոխում է մարդուն, եւ եթե նույնիսկ փոփոխությունները ցայտուն չեն արտահայտվում, դրանք ներքուստ կուտակվում ու մարդկային որակ են ստեղծում:
– Դոմինգոն դահլիճում նկատեց Գեղամ Գրիգորյանին ու նրան բեմ հրավիրեց: Նա կարծես ուզում էր մեզ ասել` առաջին հերթին ձեր ունեցածը գնահատեք, քանի որ դուք շատ արժեքավոր մարդիկ ունեք:
– Այո, այդպես է: Դոմինգոն կարծես մաշկով էր զգում, թե մեզ մոտ ինչ է կատարվում: Նա համաշխարհային արվեստը կրող մեծագույն մարդ է: Եվ նա, իրոք, հիացած էր մեր ընդունելությամբ ու մարդկանցով:
– Մեզանում ընդունված է արվեստը ներկայացնել միջոցառումների ֆորմատով: Պոմպեզ բաներ են կազմակերպվում, լայնորեն լուսաբանվում են ու հետո անհետ կորչում են: Ինչո՞ւ նշանակություն չի տրվում խմորման, լիցքավորման, ակտիվացման փուլին: Օրինակ, մեկ ակտանի օպերաներին կամ ուսանողական ներկայացումներին:
– Եթե ցանկություն է առաջանում ժողովրդին որեւէ գլուխգործոց ներկայացնել, պետք է հիշել, որ, ասենք, Շեքսպիրը, Վերդին կամ Խաչատուրյանը համամարդկային հոգեւոր ժառանգություն են, իսկ արվեստ կարող է կոչվել այն ճանապարհը, որի բոլոր փուլերով քայլ առ քայլ անցնելու դեպքում միայն կարող է բեմադրություն ծնվել: Մարդիկ իրենց երջանիկ են զգում, երբ անցնում են արվեստի փուլով, երբ տեսնում են, որ կարող են աշխատել ու հղկվել: Արվեստի մարդու համար այդ փուլային պրոցեսն է կարեւոր, որից նա այստեղ զրկված է: Կարող եմ ասել նաեւ, որ արվեստի մարդը երբեք չի սեւեռվում արդյունքի վրա` լավ իմանալով, որ արդյունքի հասնելով` տխրելու է: Ներկայացումից հետո դերասանը միշտ դատարկված ու «թալանված» է, քանի որ ամեն ինչն արդեն տվել է հանդիսատեսին: Եվ պատահական չէ, որ շատերը դեպրեսիայի մեջ են հայտնվում, սկսում են հարբել: Մանավանդ այն դեպքերում, երբ գիտեն, որ վաղը ստեղծագործելու հնարավորություն չեն ունենալու: Դոմինգոն, օրինակ, միշտ ակտիվ ու լավ ֆորմայի մեջ է, քանի որ անդադար ստեղծագործական պրոցեսի մեջ է: Եվ փողն այստեղ բոլորովին էլ առաջնային չէ: Նրան ոչ թե փողն է հետաքրքրում, այլ այն լույսը, որը ծնվում է ստեղծագործելու ժամանակ ու առաջ է տանում: Ես տեսնում եմ, թե ինչպես են մեր թատրոնում երեխաները ուրախանում ու ոգեւորվում, եթե գոնե մի փոքր պրոցես է սկսվում, ու նրանք դերասան զգալու մինիմալ շանս են ստանում: Երբ «ներքեւում» ոչինչ չի կատարվում, «վերեւից» օգնություն սպասելն անիմաստ է: Իսկ մեզ մոտ դա չեն հասկանում: Ես միայն օպերան նկատի չունեմ, օպերան պարզապես ցայտուն օրինակներից մեկն է, քանի որ իր մեջ բազմաթիվ արվեստի տեսակներ է միավորել ու կրթական մեծ նշանակություն ունի:
– Իսկ ի՞նչ կարելի է սպասել մեր Օպերային թատրոնից:
– Հիմա մեր թատրոնում միտումնավոր պղտորել են ջուրն ու հայտարարել, որ այսուհետ պետք է այնտեղ ձուկ բռնեն` մոռանալով, որ պղտոր ջրի մեջ առողջ ձկներ լինել չեն կարող: Միգուցե ասածս կոպիտ է հնչում, բայց դա այդպես է: Իշխան ձուկը միայն պարզ ջրում է ապրում, եւ օպերային արվեստն էլ միայն մաքուր ջրի մեջ կարող է գոյություն ունենալ: Լճացած վիճակում տարբեր խեցգետիններ ու տզրուկներ են սկսում բազմանալ, ու թատրոնը վերածվում է ճահճի: Թատրոնը (եւ որեւէ այլ կառույց) լճացման փուլում հայտնվելով` կարող է միայն առեւտրական նպատակներով օգտագործվել: Ես լավ չգիտեմ մեր օպերային թատրոնի ներքին խոհանոցը եւ չեմ էլ ուզում իմանալ, մանավանդ` ոչ ոք չի էլ հարցնում ինձ: Իսկ քիթս խոթել ես չեմ ցանկանում:
– Հիմա գրեթե ամեն բան թատրոնում վերին ատյանների հրահանգներով, այլ ոչ թե ներքին ռեսուրսի պահանջով է ստեղծվում: Օպերային թատրոնում, օրինակ, պրոդյուսերի դերը ստանձնել է ՀՀ Մշակույթի նախարարությունը, որը նախաձեռնել էր «Սպարտակ» բալետը, այժմ էլ «Աիդա» օպերան է ուզում բեմադրել: Դա ճի՞շտ քայլ եք համարում:
– Իհարկե, դա սխալ քայլ է: Ո՞վ ասաց, որ մենք «Աիդան» հենց հիմա պետք է բեմադրենք: Ցանկացած խելացի գեղարվեստական ղեկավար կասեր, որ մենք դրան պատրաստ չենք: Բայց մեր թատրոնը գեղարվեստական ղեկավար չունի, եւ հենց դա է խնդիրը: Թատրոնում ամենակարեւորը ղեկավարի անձն է: Իսկ նա դիրիժո՞ր է, երգի՞չ, թե՞ ռեժիսոր` բոլորովին նշանակություն չունի:
– Մենեջերնե՞րն են պակասում թատրոնում:
– Թատրոնը գրագետ, ճաշակով, արվեստ կրող ղեկավարի կարիք ունի: Իսկ եթե պետք է միայն լավ կառավարիչ լինի, ապա թող գնա ու արտադրություն կառավարի: Օրինակ, պանիր արտադրի: Հիմա բոլորին թվում է, որ ղեկավարելը հեշտ գործ է: Իրականում օպերային թատրոնի մեխանիզմից շատ քչերը կարող են գլուխ հանել: Անգամ Նապոլեոնն է ասել, որ օպերային թատրոնի ղեկավարը պետք է երկրի ղեկավարի մասշտաբի գործիչ լինի: Ես վստահ եմ, որ եթե մեր թատրոնում տնօրեն Կամո Հովհաննիսյանի կողքին լավ գեղարվեստական ղեկավար հայտնվի, թատրոնը կկարողանա շունչ քաշել: Միայն տնօրենի վրա հույսը դնելով՝ ոչինչ չի փոխվի, քանի որ տնօրենը ստեղծագործող մարդ չէ, չունի այն գիտելիքներն ու հեղինակությունը, որոնք թույլ կտան հեղափոխել թատրոնի լճացած կյանքը: Հիմա օպերային թատրոնն այնպիսի տանջված վիճակում է, որ կրկին անգամ դրա մասին խոսելն ուղղակի տգեղ է: Թատրոնը նման է բազմաթիվ տղամարդկանց կողմից բռնաբարված մի կնոջ, որին մեկ անգամ եւս տանջելն արդեն ոճրագործություն է: Պետք է թողնել, որ նա մի քիչ հանգստանա, հետո միայն փորձել բուժել: Հիմա նրա հետ «ամուսնանալ» ոչ ոք չի ցանկանում: Անձամբ ես նույնիսկ պատրաստ եմ զրոյից նոր թատրոն ստեղծել, բայց այդ թատրոնի հետ գործ չունենալ:
– Նորը բացելն ավելի հե՞շտ է:
– Շատ ավելի հեշտ է:
– Բայց զարմանալի չէ՞, որ մենք համաշխարհային բեմերում հաստատված շատ դերասաններ ու երաժիշտներ ունենք, բայց նրանց կարծիքն ու կապերը հաշվի առնել չենք շտապում:
– Խոսելն անիմաստ է, որքան շատ խոսեցինք, այնքան ավելի մեծ դիմադրության կարժանանանք:
– Չինովնիկների՞ դիմադրությանը:
– Արվեստը հիմա հենց չինովնիկների ձեռքերում է, որոնք իրենց ուժերից վեր բեռ են փորձում բարձրացնել:
– Փաստորեն ավելի ու ավելի տխուր պատկեր է ուրվագծվում:
– Միշտ էլ այդպես է լինում, երբ փորձում ես գործածդ սխալը մեկ այլ սխալով ծածկել: Ցանկացած մարդ գերագույն էակ է դառնում իր սխալներով: Եվ դա հսկայական փիլիսոփայական կոնցեպցիայի առանցքն է: Աստվածային թեզեր կան, որոնք նույնիսկ այն դեպքում, երբ խճճվում ու տեղերով փոխվում են, միեւնույն է, չեն դադարում մեծ փիլիսոփայություն լինել: Հասկացանք, մարդը սխալվել է: Բայց հարկ է դրանից եզրակացություն անել ու չարիքի մեջ բարիք գտնել: Եթե ուզես` անպայման կգտնես: Նորից վերադառնալով օպերային` ուզում եմ հիշեցնել, որ եթե նույնիսկ Գեղամ Գրիգորյանի կամ Տիգրան Լեւոնյանի ներկայացումները ոմանց դուր չէին գալիս, ի՞նչ կարիք կար դրանք հանել ռեպերտուարից, արա երրորդ ներկայացումը ու բոլորը հերթով ցուցադրիր: Թող մենք էլ 3 «Անուշ» տեսնելու հնարավորություն ունենանք: Կյանքն անընդհատ նոր կապերի օրինակներ է ստեղծում, եւ թող այդ կապերը ինքնաբերաբար զարգանան: Մշակույթի նախարարությունը պետք է նման կապերի ստեղծողը լինի, ոչ թե թելադրողը: Եվ այն էլ` կոնկրետ բեմադրությունների թելադրող:
– Գերմանական թատրոնների կյանքում ի՞նչ դեր ունեն պետական մարմինները:
– Պետության նպատակը ճաշակի դաստիարակումն է: Գերմանիայում 79 օպերային թատրոն կա, եւ մարդիկ էլ իրապես այդ թատրոնների կարիքն ունեն: Կարող եմ ասել, որ գերմանացիներն ապրում են օպերայով, այնպես, ինչպես այստեղ ապրում են «ռաբիսով»: Իսկ այդ վիճակը հո հենց այնպե՞ս չի ստեղծվել, դա նախապատրաստվել է: Մենք էլ նման հետեւողական քայլերի կարիքն ունենք: ՀՀ նախագահը լուրջ գումարներ է հատկացնում արվեստի համար, բայց միեւնույն ժամանակ՝ եթերով անընդհատ գովերգվում է «ռաբիսը»: Տեսեք` ինչ է ստացվում. հանրային հեռուստաալիքով 4 անգամ գովազդվում է Պլասիդո Դոմինգոն եւ նրա կողքին` 40 հազար անգամ ավելի շատ գովազդվում է Արտաշ Ասատրյանը: Եթե «ռաբիսին» ավելի շատ են ցուցադրում ու հետն էլ կրակներով, լույսերով շոուներ են ներկայացնում, երիտասարդները հասկանում են, որ հենց սա է լավը: Մանավանդ, երբ տեսնում են, որ «վիպ» հյուրերը` բազմոցների վրա նստած՝ ասում են` վայ, քո ցավը տանեմ, ես ինչ լավ երգիչ ա… Եվ պատահական չէ, որ հիմա հարուստների արվեստը աղքատներն են կրում, իսկ աղքատների արվեստը` հարուստները:
– «Ռաբիսը» խոր արմատներ ունի, այն երեւում է կենցաղում, հագուստի, ձեւավորման, ճարտարապետության մեջ: Եվ ստացվում է, որ «ռաբիսն» անպարտելի է:
– «Ռաբիսը» տեսակետ է, որը նաեւ մարդկային փոխհարաբերություններ է ստեղծում: Դա սկիզբ է առնում տգիտությունից: Բավական է չարժեւորել տգիտությունը, եւ ամեն բան իր տեղը կընկնի: Գնահատականները պետք է ճիշտ լինեն: Սուտ բաները գերագնահատելով (ասենք՝ երրորդ սորտի երգչին «աստղ» կոչելով), մենք նրանց տապալում ենք:
– Իսկ թերագնահատելո՞վ:
– Թերագնահատվելն այդքան էլ վատ բան չէ: Սարսափելի է գերագնահատվելը: Օրինակ, երբ ինձ գերագնահատում են` ես մեռած մարդ եմ դառնում: Միշտ հրաժարվում եմ մեծարման խոսքեր լսելուց, քանի որ հիմար չեմ ու լավ գիտեմ, թե այդ բառերի ետեւում ինչպիսի մեծ վտանգ կա: Իսկ եթե պետք է իրապես արժեւորել արվեստի ստեղծագործությունները (ինչն, իհարկե, հարաբերական է), ապա կարելի է սկսել ներկայացնել այն ստեղծագործությունները, որոնք համաշխարհային մտավոր ֆոնդի դաստիարակողն են համարվում: Եվ դասավանդվում են, ասենք, Քեմբրիջում եւ Օքսֆորդում: Եկեք հանգիստ ընդունենք (կամ ենթադրենք), որ մենք այսօր արվեստ չունենք: Եվ, որպես կիրթ մարդիկ, սկսենք ստեղծել այն: Այն, ինչը ստեղծեցինք, մերը կդառնա: Մեր երգերը, մեր նախագծած շենքերը, մեր նկարած կտավները կդառնան մեր դիցաբանական երազանքների ապացույցները եւ կստացվի, որ մենք 2000 տարի մեր պատմությունից չենք էլ կորցրել: Ինչ քարոզես՝ այն էլ «կհնձես»: Բավական է մեկ սերնդին ուտել-խմելու, «ռաբիս» երգելու ու լսելու քարոզն անել, որպեսզի ազգը «չուլ» դառնա ու դեգրադացվի: Եվ հակառակը` կրթելով կարելի է դիցաբանական երազանքների շղթան պահպանել: Մենք խոսեցինք օպերայի մասին, բայց իմ կարծիքով՝ օպերան տասներորդական հարց է: Քաղաքական կարեւոր հարց է մեր նկարագիրը: Իրեն հարգող ոչ մի մարդ չի կարող կիսագրագետ «ռաբիս» երգեր լսել, ամեն տեսակի այլանդակություն մեծարել ու բարեկիրթ մարդ մնալ: Երաժշտության այդ ձեւը մարդու կերպարը, եթե կուզեք` նաեւ ազգի գենոֆոնդն է փոխում: Կլկլոցներ սիրողները ասիական տիպարների կրողներ են: Կարո՞ղ եք ինձ ցույց տալ եվրոպական արտաքինով մի տղամարդու (օրինակ` Ալեն Դելոնի նման), որը «ռաբիս» երգեր է նախընտրում լսել: Նման բան չի կարող լինել:
– Ձայնի ազդեցությամբ արտաքի՞ն է ձեւավորվում:
– Իհարկե: Եվ դա հատկապես վերաբերում է հայ տղամարդկանց, աղջիկների մեծամասնությունն, օրինակ, այլ երաժշտություն է սիրում, եւ հետեւաբար` այլ երազանքներ ունի: Բայց հերիք է, որ աղջիկները սկսեն պորտապար պարել ու թրքա-արաբական երգեր լսել, որպեսզի նրանց երեխաների արտաքինը գենետիկորեն փոխվի ու նմանվի այն երաժշտությանը, որը լսել են իրենց մայրերը: Հղի կանանց հո իզուր չե՞ն ասում` գեղեցիկ նկարներ նայիր, գեղեցիկ երաժշտություն լսիր, որ երեխան էլ գեղեցիկ ծնվի: Եվ այդ միտքը գիտական հիմնավորում ունի: Երաժշտությունն ամեն ինչն է փոխում` մարմնի կառուցվածքից սկսած, մտածելակերպով վերջացրած: Մարդկությունը սովորաբար իր լավագույն տեսակն է աստվածացնում: Օրինակ, Ապոլոնին: Իսկ մենք հիմա «ռաբիսին» ու գողին ենք աստվածացնում (հաստավիզ թիկնապահների մասին նույնիսկ չեմ էլ ուզում խոսել): Եվ, որպես «ռաբիս» ու գող, երբեք աստվածային փառքի հասնել չենք կարող, նույնիսկ, եթե դրանց եվրոպական արիստոկրատական սիմվոլներ կպցնենք:
– Իսկ ի՞նչ պետք է անել:
– Պետք է քայլ առ քայլ փոխել այդ իրավիճակը: Վստահ եղեք, ամեն բան շատ լավ կլինի, եթե ուղղությունները ճիշտ ընտրվեն ու ճիշտ գնահատականներ տրվեն: Արվեստը կոնցեպցիայի կարիք ունի, ի դեպ` այդ կոնցեպցիայի մասին պետք չէ ամենուրեք աղաղակել, այլ սուսուփուս աշխատել է պետք: Ողջ աշխարհում արվեստը զարգանում է ոչ թե արվեստագետների, այլ արվեստի տեսաբանների ու արվեստի մասին գրող լրագրողների շնորհիվ: Եվ այդ երկու օղակներն էլ հարկավոր է ամրապնդել, երկուսն էլ արվեստի գիտակներ լինելով` կարողանում են կապեր ստեղծել հասարակության մեջ եւ արվեստի լոբբինգը իրականացնել: Ողջ աշխարհը գիտի այդ մասին, իսկ Հայաստանում նրանց բանի տեղ չեն դնում: Մի քանի լրագրողներին ու բարեկամներին գիտական հոդված գրելու պատվերներ տալով` ոչինչ չես փոխի: Լրագրողը մեծ ուժ է, որի օգնությամբ կարելի է թատրոնները «մաքրել», բայց միայն այն դեպքում, երբ ոչ թե միտումնավոր պախարակվում կամ մեծարվում է որեւէ բան, այլ իրականությունն է գրվում: Այդ դեպքում կարող ես հանգիստ սրտով ասել` տեսեք, կա մասնագիտական կարծիք, որը տալիս են տեսաբաններն ու լրագրողները, եւ դուք էլ` գերատեսչություններում նստած չինովնիկներ, բարի եղեք լսել այդ կարծիքը: