«Պահանջվում է միլիոնատեր»

09/12/2010

Հաստափոր «մաֆիոզիկների», դարդոտ կանանց եւ որբերի մասին ֆիլմերից հոգնած հայ հանդիսատեսին իսկապես պակասում են թեթեւ, բարի եւ ռոմանտիկ ֆիլմերը, որոնց դիտումից հետո ոչ թե կախվելու, այս երկրից վերջականապես հեռանալու ցանկություն կառաջանա, այլ ապրելու, սիրելու եւ պարզապես քեզ ընդառաջ եկող անծանոթին ժպտալու: Հենց դա էլ արել է «Շարմ հոլդինգը»` սիրո մասին բարի, ռոմանտիկ կատակերգություն նկարահանելով: Վերջապես մի ֆիլմ կլինի այնպիսի սիրո մասին, որից ոչ թե մեռնում են կամ լացակումած երգեր են գրում, այլեւ երջանկանում են եւ երջանկացնում են դիմացինին:

«Շարմ հոլդինգի» ներկայացրած` «Պահանջվում է միլիոնատեր» ռոմանտիկ կատակերգությունը դեռ էկրաններ չբարձրացած` արդեն իսկ հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել շատերի մոտ: Սերիալներից, մեղմ ասած, զզված հանդիատեսը հետաքրքրությամբ է սպասում այս ֆիլմին, գոնե միայն այն պատճառով, որ այն ունենալու է սկիզբ եւ վերջ, եւ տեւելու է մաքսիմում 2 ժամ, այլ ոչ թե, ասենք, 2 տարի: Դերասանական կազմում ընդգրկված են Հովհաննես Ազոյանը, Միշոն, Անի Երանյանը, Անի Պետրոսյանը, Նաիրա Մովսիսյանը, Սիրանուշ Լազարյանը, ինչպես նաեւ` Սերժ Ավետիքյանը, Սոֆի Դեւոյանը եւ Արմեն Մարությանը: Ֆիլմի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, պրոդյուսերը` «Շարմ հոլդինգի» գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանը:

Եվ այսպես, դեկտեմբերի 10-ից «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում կցուցադրվի «Պահանջվում է միլիոնատեր» անվանումով զվարճալի, միաժամանակ՝ մի քիչ տխուր, մի քիչ անհավանական, բայց եւ իրական մի պատմություն:

«Դժբախտ երջանկություն» սերիալի առաջին սերիաների եւ «11» հեռուստասերիալի, ինչպես նաեւ բոլորի կողմից շատ սիրված «Կարգին հաղորդման» նախագծի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը նկարահանել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Թե որքանով է այն հաջողվել` կորոշի հանդիսատեսը, քանի որ որեւէ ֆիլմ առաջին հերթին հանդիսատեսի համար է, հետո նոր` քննադատների:

Դ. Բաբախանյանը մեզ հետ հարցազրույցում ասաց, որ ֆիլմը դեռ մեծ էկրան դուրս չեկած` արդեն իսկ «կողքից» քննադատական խոսակցությունների առիթ է դարձել: Պատրա՞ստ է նա արդյոք ֆիլմի պրեմիերայից հետո լուրջ քննադատության. մեր հարցին Դավիթն ամենայն հանգստությամբ պատասխանեց, որ նման դեպքերում հետեւում է ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանի խորհրդին, ով նրան ասել է, թե մասնակցելով որեւէ երեւույթի քննադատությանը, անկախ այն բանից` համաձա՞յն ես քննադատության հետ, թե՞ ոչ, դու ակամայից դառնում ես նրանցից` քննադատներից, մեկը: Իսկ ռեժիսորի խնդիրը ֆիլմ նկարահանելն է եւ ոչ թե քննադատելը:

Անշուշտ հետաքրքիր էր, թե ինչպես առաջացավ լիամետրաժ, այն էլ՝ բարի ավարտով, նման ֆիլմ նկարահանելու գաղափարը: Մեր հարցերին պատասխանում է Դավիթ Բաբախանյանը:

– Մենք ակումբ ունենք, որտեղ հանդիպում ենք ընկերներով, զրուցում կամ պարզապես քննարկում մեր անելիքները: Հենց այդ ակումբում էլ ես եւ Ռուբեն Ջաղինյանը որոշեցինք նկարահանել լիամետրաժ գեղարվեստական այս ֆիլմը: Ֆիլմ` բարի, գեղեցիկ սիրո մասին`«Պահանջվում է միլիոնատեր» անվանումով: Այս ֆիլմը չենք նկարել հանդիսատեսին ծիծաղեցնելու կամ լացացնելու նպատակով: Կարեւորն այն է, որ հանդիսատեսը դրական, բարի լիցքերով հեռանա կինոթատրոնից:

– Ի՞նչ չափանիշներով է ընտրվել դերասանական կազմը` ճանաչված եւ սիրվա՞ծ, թե՞ անհայտ, բայց դերասան: Այնպիսի տպավորություն է, որ Հովոյին` Հովհաննես Ազոյանին եւ Միշոյին ընտրել եք հատկապես այն պատճառով, որ նրանց երկրպագուներին բերեք կինոթատրոն` ֆիլմը դիտելու, զուտ կոմերցիոն նպատակով:

– Հովհաննես Ազոյանին եւ Միշոյին ընտրել ենք այն պարզ պատճառով, որ սցենարի հերոսների դերին հենց նրանք են համապատասխանում: Մենք ռիսկի չենք դիմել` հրավիրելով Միշոյին, չնայած նրան, որ նա ռեփեր է, այլ ոչ թե դերասան: Սակայն կարծում եմ` ռեփերը եւս արտիստ է. նա աշխատում է բեմի վրա, նա շփվում է հանդիսատեսի հետ` իր երգերով: Վստահ էինք Միշոյի խաղի վրա, քանի որ նա, կարելի է ասել, ինքն իրեն է խաղացել, իսկ նկարահանվելու փորձ նա վաղուց ունի, այն էլ` շատ վաղուց: Ինչ վերաբերում է Հովոյին, ապա ես նրան ճանաչում եմ շուրջ 10 տարի եւ հետեւելով նրա դերասանական աշխատանքներին՝ կարող եմ վստահ ասել, որ Հովոն, որպես դերասան, գնալով աճում ու մասնագիտանում է: Ի դեպ, այս ֆիլմում նա, ի տարբերություն իր նախկին կերպարների, շատ ավելի լիրիկական է ու խորը, քան պարզապես ծիծաղելի:

Փոքր-ինչ պատմենք ֆիլմի սյուժեի մասին: Գլխավոր հերոսը` Տիգրանը (Հովհաննես Ազոյան), աշխատում է ծաղիկների առաքման ծառայությունում: Նա ծաղիկների մեծ սիրահար է եւ պատրաստ է ժամերով խոսել այդ մասին: Կաշկանդվող ու ամաչկոտ բնավորության պատճառով նա միշտ ձախողում է ծանոթություններն աղջիկների հետ: Նրա եղբայրը` Էմիլը (Միշո), ամեն ինչ է ձեռնարկում, որպեսզի օգնի Տիգրանին անձնական հարցերում: Նա նույնիսկ համոզում է նրան` դիմել սեւ մոգության օգնությանը: Նրանք չեն էլ պատկերացնում, թե ինչպիսի պատմության մեջ են ընկնելու, եւ ինչով է դա ավարտվելու… Այդ ընթացքում Երեւան է ժամանում Մոսկվայում բնակվող հայազգի միլիոնատիրոջ որդին` նույնպես Տիգրան անունով: Նա ծրագրել է Երեւանում բոլորից թաքցնել իր իրական անձը` ներկայանալով որպես հասարակ մի տղա, նպատակ ունենալով վերջապես անկեղծ սեր գտնել:

Սակայն Երեւանում ապրում են նրա այցելության նպատակին տեղյակ ընկերուհիներ, ովքեր որոշում են ձեռքներից բաց չթողնել հարուստ ժառանգորդին: Հանգամանքների անհավանական զարգացման արդյունքում երկու Տիգրանները «փոխվում են տեղերով» եւ…

«Արմենիա» հեռուստաընկերությունը պատրաստվում է ցուցադրել այս ֆիլմը դեկտեմբերի 31-ին: Բայց քանի որ հայերս դեկտեմբերի 31-ին ավելի կենտրոնացած ենք Ամանորյա ճաշատեսակների վրա, քան հեռուստացույցի, որն, ի դեպ, ռուսների համար Նոր տարվա «սեղանի գլխավոր զարդ» է համարվում, ենթադրվում է, որ ֆիլմը, հեռուստապրեմիերայից հետո անգամ, կշարունակի ցուցադրվել կինոթատրոններում մինչեւ հունվարի կեսը:

Ռեժիսորը վստահեցնում է, որ նրանք նկարել են ոչ թե կոմերցիոն ֆիլմ, այլ մնայուն` սիրո, թեման արծարծող բարի մի ֆիլմ, որը կդիտվի նույնիսկ հինգ, տասը, քսան տարի հետո:

– Իսկ որքա՞ն է կազմում «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի բյուջեն:

– Քանի որ ֆիլմը ստեղծվել է «Շարմ հոլդինգի» հետ, ֆինանսական հարցերն ամբողջությամբ նրանց վրա են եղել, ինչի համար ես շատ շնորհակալ եմ: Անկեղծ ասեմ, որ չեմ հետաքրքրվել ոչ ֆիլմի բյուջեով, ոչ դերասանների հոնորարներով: Ինձ համար կարեւոր էր միայն այն, որ իմ ուզած դերասանները լինեն խաղահրապարակում, եւ իմ ուզած տեխնիկայով նկարահանվի ֆիլմը: Ֆինանսական հարցերով ես չեմ հետաքրքրվել:

– Ընդհանրապես տեղյակ չե՞ք, թե որքան արժե ձեր նկարահանած առաջին գեղարվեստական ֆիլմը:

– Որտեղի՞ց…

Այս վերջին հարցին Դավիթը պատասխանեց զարմացած` չկարողանալով, սակայն, թաքցնել ժպիտը: Ինչեւէ, «Շարմ հոլդինգի» PR մենեջեր Աննա Ավանեսյանը եւս նշեց, որ չեն պատրաստվում հրապարակել ֆիլմի բյուջեն: Հետաքրքիր է, որ Հայաստանում դեռեւս գաղտնի են պահվում նման հարցերը, այն դեպքում, երբ աշխարհում ֆիմի մեծ բյուջեի մասին հայտարարությունները գովազդային աշխատող հնարք են համարվում: «Որքան շատ բյուջե` այնքան լավ ֆիլմ» տարբերակով: