Դանակը ոսկորին է հասել

23/10/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Կամերային երաժշտության նվագախմբի կազմը նորից բողոքի ցույց էր կազմակերպել Օղակաձեւ զբոսայգում կառուցվող «Ֆլորա-լենդ» ՍՊԸ բացօթյա սրճարանի շինարարությունը դադարեցնելու համար: Հիշեցնենք, որ սրճարանը կառուցվում է Կամերայինին շատ մոտիկ՝ այգու Աբովյան-Մոսկովյան հատվածում: Բացօթյա սրճարանից հնչող աղմուկն ու երաժշտությունն անպայման խանգարելու են ձայնամեկուսիչ համակարգ չունեցող Կամերայինի համերգներին ու փորձերին: Մանավանդ, որ արդեն նախադեպը կա՝ Նալբանդյան-Մոսկովյան հատվածում, Կամերայինի մյուս կողմում, երկու-երեք տարի է, իր բազմաոճ երաժշտությամբ գործում է «Այվազովսկի 9-րդ ալիք» բացօթյա սրճարանը:

«Արդեն դանակը ոսկորին է հասել,- ասում է Կամերային նվագախմբի ղեկավար Արամ Ղարաբեկյանը: -Ես միանշանակ հայտարարում եմ՝ եթե այս սրճարանը կառուցեն, մյուս տարի այս ժամանակ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը` որպես համերգային դահլիճ, այլեւս գոյություն չի ունենա: Տեսեք, նույնն էլ Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճն է, որը ժամանակին օգտագործվում էր որպես կամերային դահլիճ, այլեւս հնարավոր չէ այնտեղ համերգ անցկացնել, ոչ էլ ունկնդրի համար է հաճելի: Դրսից աղմուկ, հայհոյանքի խոսքեր են լսվում: Այդ դահլիճը մեր աչքի առջեւ վախճանվեց»:

Երաժիշտները հուսով էին, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կհուզի իրենց խնդիրը, եւ նա այս անգամ անպայման գործի կդնի խոստացած բուլդոզերը: Բայց պարոն Ղարաբեկյանը ցավով խոստովանեց, որ մինչեւ հիմա ոչ մի արձագանք չեն ստացել: Իսկ քաղաքապետ Երվանդ Զախարյանին ընդհանրապես չեն դիմել: «Որովհետեւ իմաստ չունի դիմել այն անձնավորությանը, ով իր ձեռքով է ստորագրել այս շինարարության թույլտվության փաստաթուղթը»,- ասաց Արամ Ղարաբեկյանը: «Օտարները զարմանում էին, թե ինչ ազատ, բացսիրտ քաղաք է Երեւանը, այլեւս դա կորցրինք»,- ասում է Սոս Սարգսյանը:

Ի դեպ, երեկ առավոտից սրճարանի շինարարությունը դադարեցվել էր, հավանաբար՝ ժամանակավորապես: Իսկ «9-րդ ալիքն» աշխատում էր առանց երաժշտության: