Աբրամովիչը 8 մլն դոլար է ծախսելու դստեր հարսանիքին

09/12/2010

Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ավագ դուստր Աննայի եւ իրավաբան Նիկոլայ Լազարեւի հարսանիքը տեղի է ունենալու գալիք գարնանը` Կարիբյան ծովի փոքր կղզիներից մեկում: Ինչպես հայտնում է «LifeNews»-ը, Աբրամովիչը համաձայնել է հրաժարվել դստերն առաջադրած` մինչեւ քոլեջի ավարտը չամուսնանալու պայմանից` հավաստիանալով, որ դուստրն իրոք սիրում է իր փեսացուին: Հարսանեկան արարողությանը սպասվում է մոտ 400 հյուր: «Աբրամովիչը, ինչպես ասում են նրա շրջապատում, ցանկանում է խուսափել ավելորդ աղմուկից: Հանդիսավոր արարողության կազմակերպման ու խնջույքի համար ռուսաստանցի օլիգարխը կծախսի 8 մլն դոլար: Միեւնույն ժամանակ Աննա Աբրամովիչի շրջապատում խոսում են, որ վերջինը ոչ միայն ցանկանում է ամուսնանալ, այլեւ հաջորդ տարվա ընթացքում մտադիր է մայր դառնալ, քանի որ այցելում է հղիության նախապատրաստական դասընթացների»,- գրում է պարբերականը: Նշենք, որ Աբրամովիչի 18-ամյա դուստրն ամուսնանալու է 27-ամյա Նիկոլայ Լազարեւի հետ, ով ծնունդով Մոսկվայից է: Նա մասնավոր կրթություն է ստացել բրիտանական «Hurtwood House School» դպրոցում, այնուհետեւ ավարտել է Լոնդոնի Համալսարանական քոլեջի իրավաբանական ֆակուլտետը: