Կիրկորովը ներողություն է խնդրել

09/12/2010

Ֆիլիպ Կիրկորովը պաշտոնապես ներողություն է խնդրել «Զոլոտոյ գրամոֆոն» մրցանակաբաշխության ռեժիսոր Մարինա Յոբլոկովայից` նրան ծեծելու եւ վիրավորելու համար: Հիշեցնենք, որ Յաբլոկովան դիմել էր Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչություն` պահանջելով քրեական գործ հարուցել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դեմ, ում նա մեղադրում է իրեն հրապարակավ ծեծելու եւ վիրավորանքներ հասցնելու մեջ: Միջադեպը տեղի է ունեցել Կրեմլի պալատում փորձի ժամանակ: Բանն այն է, որ Կիրկորովին դուր չի եկել լուսավորումը, եւ նա նախ վիրավորել է փորձի տեխնիկական ապահովման համար պատասխանատու ռեժիսորին, ապա եւ հարվածել նրան ձեռքերով եւ ոտքերով: Բժիշկները Յաբլոկովայի մոտ բազմաթիվ հեմատոմաներ եւ ուղեղի ցնցում են արձանագրել: Ռուսաստանյան ՀըԽ պարբերականի վկայությամբ` Կիրկորովն իր այդ պահվածքը բացատրել է որպես հիվանդության հետեւանք: «Ցավոք, ես ստիպված եմ խոսել այն բանի մասին, ինչը երկար ժամանակ վախեցել եմ խոստովանել ինքս ինձ: Հավանաբար, ես լուրջ հիվանդ եմ,- նշել է երգիչը` հավելելով,- Տարվա մեջ երկու անգամ ինձ մոտ պատահում են լուրջ նոպաներ, որոնց հետեւանքով ես ոչինչ չեմ հիշում եւ չեմ հասկանում, թե ինչ եմ անում: Ինքս էլ սարսափում եմ դրանից: Եվ միայն հիմա եմ հասկանում, որ ինձ պետք է լրջորեն բուժվել: Ներողություն եմ խնդրում բոլորից, ում վշտացրել եմ նման անադեկվատ արարքով»:

Յաբլոկովայի փաստաբանը ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրենք պատրաստ են քննարկել երգչի հետ հաշտություն կնքելու հնարավորությունը, եթե իրենց պաշտոնապես նման դիմում արվի:

Ի դեպ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ընդունած հրամանագրերից մեկի համաձայն՝ Կիրկորովի ժողովրդական արտիստի կոչումը կարող է չեղյալ համարվել քրեական գործ հարուցելու դեպքում: Մինչ այս նման նախադեպ չի եղել, բայց հրամանագիրը նոր է ուժի մեջ մտել: