«Wikileaks» կայքէջում տեղադրված հերթական փաստաթղթերից մեկը վկայում է այն մասին, որ Հայաստանում չկա որեւէ օբյեկտ, որը կենսական է ԱՄՆ-ի ազգային շահերի տեսանկյունից: Բանն այն է, որ «Wikileaks»-ը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում սփռված այն օբյեկտների ցանկը, որոնք, ամերիկացի դիվանագետների գնահատմամբ, կենսական են ամերիկյան ազգային շահերի տեսանկյունից: Ցանկն ընդգրկում է նավթամուղներ, տրանսպորտային, հեռահաղորդակցական հանգույցներ եւ այլ օբյեկտներ: Ըստ այդ փաստաթղթի` 2009թ. փետրվարին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգել է արտերկրում գտնվող ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին` կազմել Միացյալ Նահանգների ազգային շահերի համար կենսական օբյեկտների ցանկը, ինչը եւ արվել է: Առկա օբյեկտներից նշված են Ադրբեջանով, Վրաստանով եւ Թուրքիայով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքվի մոտ գտնվող Սանգաչալի նավթային տերմինալը, Թուրքիայում` Բոսֆորի նեղուցը, Իրանում` Հորմուզի նեղուցը: