Հակոբյանի նոր արկածները

07/12/2010

Մեր տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում ինչ-որ գործի շրջանակներում կրկին քննվում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) բիզնես-գործունեությունը: Ըստ այդմ, Հ.Հակոբյանին պատկանող` «Կարբեկ» ընկերությունը մոտ 90 մլն դրամի հարկեր է թաքցրել: Այդ ընկերության կազմում են Արմավիրի մարզում գտնվող մի քանի գազալցակայաններ, թեեւ «Կարբեկը» զբաղվում է նաեւ այլ գործունեությամբ: Չնայած այս ընկերությունն իրականում պատկանում է Հ.Հակոբյանին, սակայն գրանցված է ինչ-որ Համլետ Մուրադյանի անունով: Վերջինս ներկայումս գտնվում է փախուստի մեջ: Հ.Հակոբյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ նախկին պատգամավորը Հ.Մուրադյանին հրահանգել է փախչել Հայաստանից, մինչեւ ինքը կհարթի բոլոր հարցերը: Վերջինս, սակայն, երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է, որ «Կարբեկ» ընկերությունն իրեն է պատկանում, եւ որ ինքը այդքան հարկեր է թաքցրել: Նա ասել է, որ իրեն է պատկանում «Զվարթշին» ընկերությունը: Սակայն Արմավիրի մարզի մեր աղբյուրների հավաստմամբ, Հ.Հակոբյանը բազմաթիվ ընկերություններ ունի այդ մարզում, որոնց մեծ մասը, այդ թվում եւ՝ «Կարբեկը», գրանցված են այլ անձանց անուններով: Ի դեպ, Հ.Հակոբյանը ցանկանում է կրկին պատգամավոր դառնալ: Մեր տեղեկություններով՝ այս օրերին նա ամեն ինչ անում է, որ ընդգրկվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: