Ազատ արձակվեց

07/12/2010

Երեկ երեկոյան Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց հերթական քաղբանտարկյալը` Գաբրիել Գաբրիելյանը: 51-ամյա Գ.Գաբրիելյանը նախկին պատգամավոր եւ քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի ազգականն է, «Մալաթիա գյուղմթերքի շուկայի» պահեստապետն է եղել: Գ.Գաբրիելյանը քկհ-ից դուրս գալուց հետո ասել է, որ իրեն «ճանապարհել» է քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: Գ.Գաբրիելյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգությունների կազմակերպում): Վերջինիս պայմանական վաղաժամկետ ազատվելու ժամկետը լրացել էր 1 տարի առաջ: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը հայտարարել էր, թե ազատ կարձակվի նաեւ Ֆելիքս Գեւորգյանը, ում պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու ժամկետը լրացել է այս տարվա հունվարին, սակայն նա դեռեւս անազատության մեջ է: Ա.Բաբայանը նաեւ նշել էր, թե պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կողմից պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելուն հավանություն է տրվել քրեակատարողական հիմնարկների վարչական հանձնաժողովների կողմից ներկայացված 16 դատապարտյալի վերաբերյալ: Ա.Բաբայանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում դարձյալ չի նշել, թե ովքեր կան այդ ցուցակում: