«Ռուսաստանը հաղթահարել է ռեցեսիան, սակայն դեռեւս դուրս չի եկել ճգնաժամից»,- երեկ Երեւանում կայացած հայ-ռուսական բիզնես-ֆորումի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ Առեւտրա-արդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովը։ Ըստ նրա, ՌԴ-ում տարեվերջին սպասվում է 4 տոկոս տնտեսական աճ, իսկ առանձին մակրոտնտեսական ցուցանիշները նույնպես դրական են։ Եվ չնայած դրան՝ Պետրովն ասել է, որ նախաճգնաժամային մակարդակը ՌԴ-ում կվերականգնվի 2012թ. ոչ շուտ: Ուշագրավն այն է, որ ՀՀ-ում տնտեսական աճը տարեվերջին կկազմի շուրջ 3%, առանձին ոլորտներում (գյուղատնտեսություն եւ շինարարություն) անկումը դեռ շարունակվում է, սակայն մեր պաշտոնյաները դեռ մի քանի ամիս առաջ հայտարարում էին, թե Հայաստանը պատվով հաղթահարել է ճգնաժամը։ Հետո էլ ասում են՝ հայերը ռուսներից համեստ են։