Շաբաթ օրը կայացած ՀԺԿ համագումարում կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրված Ստեփան Դեմիրճյանը իշխանություններից պահանջեց ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ մյուս քաղբանտարկյալներին:
«Ընդդիմության ցույցերը, երթերը բացառապես խաղաղ բնույթ էին կրում, բայց իշխանությունը դիմեց բռնության: Մարտիմեկյան իրադարձությունների արդար քննությունը ապահովելու փոխարեն՝ իշխանությունները սկսեցին կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա, հարուցվեցին մի շարք շինծու քրեական գործեր, իրականացվեցին խայտառակ դատավարություններ, մարտիմեկյան դեպքերի կոծկմանը մասնակցեց նաեւ խորհրդարանական հանձնաժողովը, որը կոչված էր աջակցելու դեպքերի արդար քննությանը»,- հայտարարեց նա: «Մենք դատապարտում ենք իշխանությունների նման գործելաոճը եւ պահանջում ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ մյուս քաղբանտարկյալներին: Ներկա իրավիճակը չի նշանակում, թե մարտի 1-ի էջը փակվել է: Մարտի 1-ի էջը կփակվի այն ժամանակ, երբ դատարանի առջեւ կկանգնեն այդ իրադարձությունների պատասխանատուներն ու 10 զոհերի մահվան մեղավորները: Փակված չէ նաեւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության էջը: Չլիներ հոկտեմբերի 27-ը, չէր լինի մարտի 1-ը»,- հայտարարեց ՀԺԿ նախագահը: Խոսելով իշխանություն-ընդդիմություն հնարավոր երկխոսության մասին, Ս. Դեմիրճյանն ասաց, թե արդար եւ ազատ ընտրությունների ապահովումը կլինի լավագույն երկխոսությունը, ինչն էլ երկիրը դուրս կբերի ստեղծված իրավիճակից: Այնուհետեւ նա անդրադարձավ երկրի սոցիալական վիճակին` ասելով, թե մոտ 1 մլն մարդ այսօր Հայաստանում աղքատ է: Ըստ նրա՝ երկրի սոցիալ-տնտեսական ոլորտում այսօր շարունակվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ստեղծված ավանդույթները: «Երկրում քրեաօլիգարխիկ համակարգ է, որի երաշխավորն է իշխանությունը»,- ասաց Ս. Դեմիրճյանը` ընդգծելով, թե Հայաստանում տնտեսական ռեսուրսները կենտրոնացված են մեկ մարդու ձեռքում: Ըստ նրա` երկրում կոռուպցիան անշեղորեն աճում է, եւ դրանով «վարակված են իշխանության վերին օղակները»: Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը` Ս. Դեմիրճյանը նշեց, թե ի սկզբանե հայտնի էր, որ «ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնությունը մտնելու է փակուղի: Ըստ նրա` այդ գործընթացի արդյունքը եղավ այն, որ Թուրքիան ավելի շատ ներգրավվեց ԼՂ հակամարտության կարգավորման գործում:
ՀԺԿ համագումարում ելույթ ունեցավ նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` խոսելով ՀԱԿ-ում եւ համաժողովրդական շարժման մեջ ՀԺԿ-ի դերակատարման կարեւորության մասին: «Տասներկու տարի շարունակ ՀԺԿ-ն հանդիսացել է երկրի քաղաքական կյանքի մշտական գործոններից մեկը: Դոմինանտ դեր է խաղացել 1998 եւ 2003 թվականների նախագահական եւ 1999-ի խորհրդարանական ընտրություններում: Հսկայական ավանդ է ներդրել 2007-ին ծնունդ առած Համաժողովրդական շարժման եւ Հայ Ազգային կոնգրեսի ձեւավորման գործում»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը: Ավելին, նրա խոսքով` առանց ՀԺԿ-ի մասնակցության ո՛չ համաժողովրդական շարժումը, ո՛չ էլ Կոնգրեսը չէին ունենա այն ընդգրկումն ու հզորությունը, որ ձեռք են բերել ու շարունակում են պահպանել մինչ օրս: Շատերի գնահատմամբ` Լ. Տեր-Պետրոսյանը, ով երբեւէ նման շռայլ խոսքեր չի արտահայտում ուրիշների մասին, նման «զոհողության» է գնացել` մտավախություն ունենալով, որ ՀԺԿ-ն առաջիկա ընտրություններում կլքի ՀԱԿ շարքերն ու միայնակ կմասնակցի ընտրություններին: Բացառված չէ, որ հենց այդ մտավախությունից ելնելով՝ Լ. Տեր-Պետրոսյանը դիմելով ՀԺԿ-ականներին` նրանց մաղթեց «նույն ակտիվությամբ շարունակել համատեղ ձեռնարկած գործը, որը պարտավոր ենք միասնաբար հասցնել իր հաղթական ավարտին»: Անդրադառնալով ՀԱԿ-ի վերաբերյալ հնչող գնահատականներին, ըստ որոնց՝ այնտեղ ներգրավված ուժերը` լինելով տարբեր գաղափարախոսությունների կրող ուժեր, անհամատեղելի են, Տեր-Պետրոսյանն ասաց. «Գաղտնիք չէ, անշուշտ, որ Կոնգրեսի կազմում իսկապես ընդգրկված են տարբեր գաղափարախոսություններ դավանող ուժեր, որոնք ներկայացնում են Հայաստանի գրեթե ողջ քաղաքական ներկապնակը` սկսած լիբերալներից ու սոցիալիստներից, ավարտած ազգայնականներով ու պահպանողականներով: Ավելին, ՀԱԿ-ի հռչակագիրը ոչ միայն չի կաշկանդում իր անդամ-կուսակցությունների ինքնուրույնությունը, այլեւ երաշխավորում է նրանց գործունեության լիակատար անկախությունը: Ո՞րն է, արդ, այն միավորող գաղափարախոսությունը կամ քաղաքական ծրագիրը, որը երկուսուկես տարի շարունակ ապահովում է ՀԱԿ-ի անժխտելի կենսունակությունն ու վճռորոշ դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում, կամ ի՞նչն է ՀԱԿ-ին անդամագրված ուժերին ստիպում իրենց կուսակցական շահերը ստորադասել մի ավելի գերակա խնդրի: Այդ գերակա խնդիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ երկիրը կործանումից փրկելու հրամայականը, այն է` ավազակապետության կազմաքանդումը եւ սահմանադրական կարգի վերականգնումը: Ինչ վերաբերում է գաղափարախոսությանն առնչվող դատարկաբանություններին, ապա չպետք է մոռանալ, որ որեւէ պետության սրբություն սրբոցը սահմանադրությունն է, իսկ գաղափարախոսությունները կոչված են սոսկ դրան սպասարկելուն: Նրանք ընդամենը գործիք են սահմանադրությունը կյանքի կոչելու ու պահպանելու համար: Ո՞ւմ են պետք լիբերալիզմը, սոցիալիզմը կամ նացիոնալիզմը, երբ սահմանադրությունը պղծվում է կամ չի գործում: Կամ ի՞նչ նշանակություն ունի, թե ինչպես է լուծվում սահմանադրական կարգի վերականգնման խնդիրը` լիբերալիստաբա՞ր, սոցիալիստաբա՞ր, թե՞ նացիոնալիստաբար: Երբ տանը հրդեհ է բռնկվում, ո՞ւմ հոգն է, թե կրակն ինչ միջոցով ես հանգցնում` ջրո՞վ, փրփուրո՞վ, թե՞ ավազով: Անդունդ գլորվող երկրի համար կա՞ ավելի վեհ գաղափարախոսություն, քան ինքը՝ սահմանադրությունը: Կա՞ն ավելի կարեւոր նպատակներ, քան ժողովրդի անվտանգության եւ բարօրության ապահովումը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարական ազատությունները, արդար ընտրությունները, իշխանության թեւերի հավասարակշռությունը, դատարանների անկախությունը, սեփականության անձեռնմխելիությունը, ազատ ձեռներեցությունը, հարեւան երկրների հետ խաղաղ գոյակցությունը եւ այլն: Սա այն ամենն է, ինչն արձանագրված է ՀՀ սահմանադրության մեջ, եւ սա է այն ամենը, ինչն իր առջեւ խնդիր է դրել վերականգնել ՀԱԿ-ը… Այնպես որ, ՀԱԿ-ի գաղափարախոսական հենքի բացակայության մասին իշխանական քարոզչության մոգոնած խոսակցությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ էժանագին սպեկուլյացիա` ժողովրդի ուշադրությունը երկրի առջեւ կանգնած իրական խնդիրներից շեղելու համար: Մենք ասում ենք` դուք բռնությամբ զավթել եք իշխանությունը եւ բռնի միջոցներով էլ պահպանում եք այն, մեզ պատասխանում են` իսկ դուք գաղափարախոսություն չունեք: Մենք ասում ենք` դուք խախտում եք մարդու իրավունքները, ոտնահարում ժողովրդավարական ազատությունները, թալանում երկիրը, մեզ հակաճառում են` իսկ դուք ծրագիր չունեք, եւ այլն: Եթե իշխանություններին թվում է, թե այս խղճուկ մարտավարությամբ կարող են փրկել իրենց կամ նվազեցնել ՀԱԿ-ի ժողովրդականությունը, նրանք չարաչար սխալվում են, ինչում շուտով բոլորը կհամոզվեն»,- իր ելույթում ասաց Լ. Տեր-Պետրոսյանը:
ՀԺԿ համագումարում ելույթ ունեցան նաեւ ՀԱԿ կազմում ներկայացված այլ կուսակցության ղեկավարներ: Օրինակ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ելույթում` ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին գնահատականներ հնչեցնելիս, ասաց. «Ընդհանրապես Հանրապետական կուսակցության շատ անդամներ նման են կատվի` ոնց գցում ես, փորձում են մնալ ոտքի վրա»: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ հայտարարեց, թե անցած ընտրությունները հստակեցրին քաղաքական դաշտը, ցույց տվեցին, թե ով է իրական ընդդիմություն, իսկ ով` «պատվերով ընդդիմադիր»` որպես օրինակ՝ մատնացույց անելով «գեղամյանական տեսակին»: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն իր ելույթում հայտարարեց, թե անհրաժեշտ է անցկացնել արտահերթ ընտրություններ: «Ժառանգություն» կուսակցությունից համագումարին ներկա Ստեփան Սաֆարյանն էլ հիշեց, թե ինչպես է ՀԺԿ-ն մուտք գործել քաղաքական դաշտ` Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ: Իսկ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին էլ զարմացրել է այն, թե որքան կիրթ, վստահելի ու կանխատեսելի կառույց է ՀԺԿ-ն: