Սահմանադրական գամբիտ

23/10/2005 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Մարդկության կողմից երբեւէ ստեղծված խաղերից ամենահինը, ամենաբարդը եւ, միեւնույն ժամանակ, ամենահետաքրքիրը՝ շախմատն է: Դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ այս խաղը շատ նման է մեր կյանքին, որտեղ «պեշկան» («զինվորը») շատ արագ կարող է դառնալ թագուհի կամ փիղ, իսկ թագավորը թվացյալ ամենաթույլ ֆիգուրն է: Ինչո՞ւ թվացյալ, որովհետեւ որքան էլ թագավորը թույլ լինի, նա մնում է ամենաուժեղ ֆիգուրը, քանի որ խաղն ավարտվում է միայն այն դեպքում, երբ խաղադաշտից դուրս է գալիս հենց թագավորը: Մնացած բոլոր պարագաներում խաղը շարունակվում է:

Իսկ խաղի մեջ հաճախ հաղթող է դուրս գալիս ոչ այնքան խելացին (ինչը պարտադիր, սակայն ոչ բավարար պայման է), որքան ավելի հեռատեսն ու հոգեբանորեն ավելի կայուն խաղացողը: Կարող է զարմանալի թվալ, թե ինչու եմ գրում մի բանի մասին, որն առանց այդ էլ բոլորին հայտնի է: Սակայն, եթե վերհիշենք այնպիսի շախմատային տերմիններ, ինչպիսիք են՝ ֆիգուրների փոխատեղումը ու զոհաբերումը, ժամանակային ցայտնոտը, խաղասկիզբը, պատը (անելանելի վիճակ) եւ այլն, մի պահ կարելի է պատկերացնել, որ սրանք նաեւ քաղաքական տերմիններ են: Եվ քանի որ, քաղաքականությունն էլ է խաղ, որտեղ կան հաղթողներ եւ պարտվողներ, որոշեցի սկսել մի շարք, որը կկոչվի քաղաքական շախմատ, ուր սպիտակներով կխաղան իշխանությունները, իսկ սեւերով՝ ընդդիմությունը, կամ ընդհակառակը: Չնայած, կախված թեմայից, խաղատախտակի տարբեր կողմերում կարող են հայտնվել նաեւ Հայաստանի քաղաքական եւ աշխարհաքաղաքական ուժերը: Պարզապես, ի տարբերություն իրական խաղի, այստեղ խաղատախտակի տարբեր կողմերում նստած ուժերի դերն ըստ հերթականության կկատարեմ ես: Եվ քանի որ այս օրերին ներքաղաքական կյանքի ամենասուր թեման սահմանադրական փոփոխություններն են, այսօր կխոսենք հենց այդ մասին:

Սպիտակների ճամբար

Թագավոր-Ռոբերտ Քոչարյան
Թագուհի-Կոալիցիա
Նավակներ-Ուժային կառույցներ
Փղեր-Գեոքաղաքական ուժեր
Ձիեր-Իշխանամետ լրատվամիջոցներ
Զինվորներ-Պառլամենտական եւ ոչ պառլամենտական «պետականամետ» կուսակցություններ

Սեւերի ճամբար

Թագավոր-Ճշտվում է (արդեն 3-րդ տարին է)
Թագուհի-21-ի դաշինք
Նավակներ-21-ի դաշինքից դուրս ընդդիմադիր ուժեր
Փղեր-Գեոքաղաքական ուժեր
Ձիեր-Ընդդիմադիր լրատվամիջոցներ
Զինվորներ-Անհասկանալի զանգված

Իշխանամետ Կարեն Քոչարյան. խաղում է սպիտակներով

Եթե հաշվի առնենք, որ գրեթե տասը տարուց ավելի այսօրվա ընդդիմադիր ուժերն այս կամ այն ժամանակահատվածում պնդել են այն դրույթները, որոնք այսօր տեղ են գտել սահմանադրական փոփոխությունների փաթեթում, որն, ի դեպ, բարձր գնահատականի է արժանացել նաեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից, ապա ընդդիմադիր գործիչների ներկա գործողությունները չեն դիմանում եւ ոչ մի քննադատության: Ընդդիմադիր գործիչներից առավել պասիվ եւ, միեւնույն ժամանակ, առավել խոհեմ դիրք է ընդունել Շավարշ Քոչարյանը, որը գոնե «ոչ»-ի կոչ չի անում եւ գտնում է, որ ընդդիմությունը պետք է պայքարի իշխանությունների դեմ, այլ ոչ թե սահմանադրության կամ սեփական պետության, ինչը բնականաբար, անհեթեթություն է: Ուշադրություն դարձրեք այն ընդդիմադիրներին, ովքեր ոչ թե քաղաքական դաշտում գործող կլասիկ ընդդիմություն են, այլ ընդդիմություն են՝ ընդդիմություն լինելու համար: Այդպիսին կոչվելով` նրանք ինչ-որ գումարներ են ստանում դրսի ուժերից եւ այդ գումարներով ընտանիք են պահում: Այս պարագայում էլ այդ տիպի անհայտ կուսակցությունները կամ կազմակերպությունները` միանալով 15-ի կամ 17-ի կամ 21-ի ֆորմատին, երկու խնդիր են լուծում. նախ, ինչպես ասացինք, որպեսզի ընդհանուր «տորթից» ինչ-որ բաժին փախցնեն, եւ երկրորդ՝ որ փաստաթղթերում, որոնք տպագրվելու են հանրապետական մամուլում, լինեն հասարակությանը քիչ թե շատ հայտնի կուսակցությունների կողքին: Մի խոսքով, օգտվելով առիթից, իրենց PR-ն անեն: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտում գտնվող հայտնի ընդդիմադիր ուժերին, ապա նրանց այս պայքարը չի կարելի համարել քաղաքական, քանզի այն չունի ոչ մի գաղափարական հիմք: Նախ, որովհետեւ, ինչպես արդեն նշել էի, նրանք պայքարում են մի բանի դեմ, հանուն ինչի երկար տարիներ պայքարել են եւ այսօր հենց այդ պատճառով է, որ չեն կարողանում հիմնովին բացատրել իրենց «ոչ»-ի իմաստը: Եվ երկրորդ, ինչպես միշտ, շատ շուտով այդ ֆորմատը կփլուզվի լոկ այն պատճառով, որ ամբիցիոզ քաղաքական այրերը, չունենալով գաղափարական ոչ մի ընդհանրություն, կսկսեն լիդեր փնտրել: Եվ, լիդեր չգտնելով, ամեն մարդ իր ճանապարհով է գնալու (քանի որ նրանցից յուրաքանչյուրին թվում է, որ եթե նոյեմբեր ամիսն է, ապա այստեղ էլ է կրկնվելու Վրաստանի պատմությունը, չհասկանալով որ իշխանափոխությունը կախված է ոչ թե տարվա եղանակից, այլ լուրջ քաղաքական գործչի, ինչպես նաեւ օբեկտիվ եւ սուբեկտիվ պայմանների առկայությունից, ինչն այսօր Հայաստանում բացակայում է):

Ընդդիմադիր Կարեն Քոչարյան. խաղում է սեւերով

Իրականում ոչ ասելով սահմանադրական փոփոխություններին` ընդդիմությունը կոչ է անում «ոչ» ասել գործող վարչակարգին, որն, անկախ սահմանադրության բովանդակությունից, այն խախտել է եւ խախտելու է: Քանզի առնվազն ծիծաղելի են թվում, օրինակ.

Հոդված 8.
Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը։ (Բա Բուզանդի փողո՞ցը):

Հոդված 14.1.
Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ (Ոչ ոք չի հավատում):

Հոդված 16. …Եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: (Այս դրույթը խախտվել է ընդամենը մի քանի օր առաջ դատապաշտպան Վահե Գրիգորյանի պարագայում):

Հոդված 17. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաեւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք: (Այս դրույթը գրողները երեւի լուսնից են իջել: Փորձեք, գոնե մեկ անգամ, ներկա լինել քաղմասում որեւէ հարցաքննության):

Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք: (Ըստ «Հանրահավաքների մասին օրենքի»` Հայաստանից դուրս):

Հոդված 36. Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման եւ կրթության համար: (Իրավունք ունեն եւ պարտավոր են, բայց հնարավորություն չունեն):

Հոդված 45. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: (Այս հոդվածն, ավելի ճիշտ կլինի, օրը մի քանի անգամ կարդան ԱԺ պատգամավորներից շատերը):

Հոդված 65. Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: (Ես չէ, որ պետք է այս հոդվածը մատնանշեմ):

Ամենահետաքրքիրն այն է, որ ունենալով հզոր քարոզչամեքենա` իշխանությունները չեն խորշում ստեղծել 22-ի ֆորմատը, որի մեջ մտած կուսակցություններին եւ կազմակերպություններին չեն ճանաչում անգամ այդ կառույցը ստեղծողները: Փոխարենը` այդ կառույցն ընդդիմադիր ֆորմատից մեկով ավելին է: Ինչպիսի՜ մեծ ձեռքբերում: Բացի այդ, արդեն պարզ է, որ տեղեկատվական դաշտում իշխանությունն ու ընդդիմությունը, ինչպես միշտ, խաղալու են տարբեր քաշային կատեգորիաներում:

Շախմատային մեկնաբան Կարեն Քոչարյան

Անկախ այն բանից, թե ինչպես կվերջանա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, սկիզբը, կամ ինչպես շախմատում է ընդունված ասել՝ դեբյուտը, սպիտակները սկսել են շատ ակտիվ խաղալ եւ ունեն ինչպես դիրքային, այնպես էլ նյութական առավելություն: Սեւերը, չնայած իրենց նախնական հարցազրույցներում պնդում էին, որ ակտիվ խաղ են ցուցաբերելու, առայժմ բռնել են պասիվ պաշտպանողական դիրք: Ինչ խոսք, սա էլ խաղաոճ է: Սպասենք հանրաքվեին եւ տեսնենք, թե ում խաղվ ավելի դուր կգա հանդիսատեսին եւ, որ ամենակարեւորն է, ով կհաղթի այս բարդ պայքարում: