«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, թե ինքն այն կարծիքին չէ, որ մինչեւ տարեվերջ ազատ կարձակվեն 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ ազատազրկված բոլոր ընդդիմադիր գործիչները: «Որ պրոցեսը այդ կողմ է գնում` դա փաստ է, բայց բոլորին` չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի հետ կապված խնդիրներ եմ տեսնում: Կարծում եմ, հիմնականում դա կապված է այն գործունեության հետ, որը, իրենց կարծիքով, իրենք ունեցել են 2008թ. փետրվար-մարտյան ընթացքի մեջ. փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը ամենալավ հռետորներից մեկն էր, որը ժողովրդին ոգեւորում էր, եւ փաստ է, որ չընկրկեց, իսկ Սասուն Միքայելյանը` նրան համարում են, որ զենք-զինամթերք, ինչ-որ պատրաստվածություն, «Երկրապահի» ինչ-որ մասի առանձնացում եւ այլն …»,- ասել է Ա. Կարապետյանը: Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը այն մարդիկ են, որոնցից իշխանությունը վախենում է: Հարցին, թե` ինչի՞ արդյունքում կարող են ազատ արձակվել մյուսները», ՆԺԿ նախագահը պատասխանել է. «Բոլոր տիպի ճնշումները կան: Պարզ է, որ Հայաստանն արդեն մտնում է ընտրական գործընթացների մեջ` լինեն արտահերթ թե հերթական, եւ պարզ է` աշխարհը հասկանում է, որ նմանատիպ բեռով շարունակել առաջ շարժվել անհնար է»: Նաեւ հավելել է. «Ավելացնեմ, որ Աստանան հիմա ցույց տվեց հստակ, որ Հայաստանի դիրքերը եւ Ադրբեջանի դիրքերը` Ղարաբաղյան հանգուցալուծման հետ կապված, գնալով ավելի մոտենում են ռազմական հռետորականությանը եւ գործողություններին: Այդ պարագայում ներսում չունենալով ինչ-որ տիպի, ձեւի, գոնե թվացյալ նույնիսկ միություն, համերաշխություն` շատ բարդ կլինի դա անել արտաքին դաշտում»: Ըստ Ա. Կարապետյանի, իշխանությունն այս պահին ձեւեր է որոնում` ազատ արձակելու ընդդիմության ներկայացուցիչներին. «Որոշ դեպքերում կարող է լինել վաղաժամկետ, որոշ դեպքերում դա կլինի, ինչքան ես գիտեմ, փոփոխություններով, որոնք արվելու են Քրեական օրենսգրքում, եւ պատժաչափերը ուղղակի որոշակի գործողությունների համար նվազեցվելու են»: Հարցին էլ, թե այդ նույն գործոնները չե՞ն կարող նպաստել նաեւ Ս. Միքայելյանի եւ Ն. Փաշինյանի ազատ արձակմանը, Ա. Կարապետյանը պատասխանել է. «Կարծում եմ, Սերժ Սարգսյանը ընտրել է հետեւյալ տարբերակը` քանի որ խորհրդարանական ընտրությունները առջեւում են, ինքը պատանդի ձեւով ուզում է որոշներին պահի, բանակցի ՀԱԿ-ի հետ, ինչ-որ ձեւով այդ բանակցությունների շրջանակում փորձի կիսել ապագա խորհրդարանի ներկապնակը` ում ինչքան տա, ինչ ձեւով, եւ դրանից հետո արդեն ինքը` որպես հաղթած ուժի ղեկավար, գնա նախագահական ընտրությունների»: