Հայազգի հայտնի տնտեսագետ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանն այս օրերին գտնվում է Հայաստանում: Երեկ նա մասնակցում էր Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի շնորհանդեսին։ Բիզնեսի կառավարման մագիստրոսի (MBA) որակավորում շնորհող այս դպրոցը սերտորեն համագործակցում է ՌԴ Ժողտնտեսության ակադեմիայի հետ, որի տնտեսագիտության տեսության եւ քաղաքականության ամբիոնը ղեկավարում է Աբել Աղանբեգյանը։ 78-ամյա պրոֆեսորը ժամանակ է գտել նաեւ հայաստանցիներին իր գիտելիքները փոխանցելու համար եւ շնորհանդեսից անմիջապես հետո պատրաստվում էր գնալ դասախոսության։ Այդուհանդերձ, մեզ հաջողվեց մի քանի հարց ուղղել տնտեսագետին։
Մեր մոտենալու պահին Աբել Աղանբեգյանը Հայաստանի տնտեսական վիճակի շուրջ արդեն զրուցում էր ներկաներից մեկի հետ։ Խոսքը վերաբերում էր մենաշնորհներին եւ դրանց բացասական ազդեցությանը հատկապես արդյունաբերության վրա։ «Հայաստանում արդյունաբերությունը վերջին 10 տարում 5%-ից ավելի չի աճել։ Դա մոնոպոլիզացիայի պատճառով է։ Որովհետեւ մոնոպոլիաներին արդյունաբերություն պետք չէ»,- ասաց Աղանբեգյանը՝ ավելացնելով, որ մոնոպոլիզացիան Հայաստանում հիմնականում վերաբերում է ներմուծմանը, քանի որ ամենից շատ կարելի է փող աշխատել հենց ներմուծման վրա։ Ըստ նրա, դա խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, արդյունաբերությանը, դրա համար էլ վտանգավոր է։ Արդյունաբերական եւ տեղական արտադրողի մասին խոսելով՝ տնտեսագետն անդրադարձավ նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վարվող փոխարժեքային քաղաքականությանը։ «Այն քաղաքականությունը, որը ԿԲ-ն մինչեւ ճգնաժամն իրականացնում էր դրամի առումով, իմ կարծիքով՝ ծայրահեղ վնասակար էր ՀՀ տնտեսության համար։ Քանի որ դրամն ակնհայտորեն գերարժեւորված էր եւ բերեց նրան, որ արդյունաբերությամբ զբաղվելը դարձավ ոչ շահավետ։ Հայաստանից դուրս եկան ամբողջական ոլորտներ։ Հայաստանում բավականին զարգացած էր ադամանդագործությունը։ Հայաստանը կարող էր զարգանալ՝ որպես ոսկերչական իրերի, ալմաստի մշակման կենտրոն. ամեն ինչ տանում էր դրան։ Հայաստանում անգամ ցանկանում էին ալմաստի բորսա բացել։ Սակայն դա տեղի չունեցավ փոխարժեքի պատճառով։ Դրա համար պետք է հավասարակշռված քաղաքականություն իրականացնել»։ Աբել Աղանբեգյանը գտնում է, որ պետք է այնպիսի դրամավարկային քաղաքականություն տարվի, որ ձեռնտու լինի զբաղվել արտադրությամբ, ներմուծումը փոխարինել տեղական արտադրանքով. «Երբ ներմուծումը գերազանցում է արտահանմանը, առաջանում է բացասական սալդո։ Իսկ տրանսֆերտներն այդ դեֆիցիտը անգամ կիսով չափ չեն փակում։ Դրա պատճառով էլ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվը բացասական է։ Ներմուծումն ի վերջո բերում է պարտքի մեծացման։ Հայաստանի պարտքը արդեն համախառն արդյունքի 40%-ն է կազմում, իսկ դա արդեն վտանգավոր է։ Եթե այն մի քիչ էլ բարձրանա, դա արդեն կրիտիկական կլինի: Սա տնտեսության եւս մեկ «սեւ անցք է»։
– Ձեր նշած խնդիրները, օրինակ՝ հենց մենաշնորհների, դրամավարկային քաղաքականության եւ արդյունաբերության խթանման հետ կապված, ինչո՞ւ Հայաստանում չեն լուծվում։ Գիտելիքնե՞րը բավարար չեն, քաղաքական կա՞մք չկա, թե՞ առկա են այլ պատճառներ։
– Դժվար է այդ հարցին միանշանակ պատասխանելը։ Միգուցե չեն ուզում նեղացնել այն մարդկանց, ովքեր ներմուծմամբ են զբաղվում։ Միգուցե նաեւ մինչեւ վերջ չեն գիտակցում բացասական հետեւանքները, որ արդյունաբերությունը պրակտիկորեն վերանում է։
– Կառավարությունն այսօր հակառակն է պնդում։ Ասում են՝ ճգնաժամից հետո մեր տնտեսությունը դիվերսիֆիկացվել է, արդյունաբերության տեսակարար կշիռն ավելացել է։ Իհարկե, դա տեղի է ունեցել հիմնականում շինարարության անկման հաշվին:
– Այո, շինարարությունը չի վերականգնվել, այն նախկինի պես անկում է ապրում։ Բայց դա շատ վատ է։ Ի՞նչ պարծենալու բան կա այստեղ. ոչ մի։ Արդյունաբերությունն իրոք աճել է 2010թ.։ Սակայն դա էլ հիմնականում եղել է հանքարդյունահանման ոլորտի հաշվին։ Ավելի ճիշտ՝ մետաղների գների թանկացման հաշվին։ Բայց դա ներքին աճ չէ։
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում միջազգային ֆինանսական կառույցների աշխատանքը, ասենք՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կամ Համաշխարհային բանկի։ Մեր իշխանությունները այս կառույցների կարծիքը շատ են կարեւորում։ Մինչդեռ Հայաստանում շատերը կարծում են, որ այս կառույցները ոչ թե փորձում են զարգացնել տնտեսությունը, այլ հակառակը՝ կախման մեջ գցել իրենցից։
– Ոչ։ Դա սովորական մեղադրանք է, որը հաճախ է հնչեցվում այդ կազմակերպությունների հասցեին։ Ինչի՞ համար կախման մեջ գցեն։ ՀԲ-ն Հայաստանից ի՞նչ շահ պետք է ունենա, որ ցանկանա կախման մեջ գցել։ Անգամ ծիծաղելի է այդ մասին մտածելը։ Նրանք ամեն տեղ էլ նույն քաղաքականությունն են իրականացնում. վարկեր են տրամադրում, ծրագրեր են իրականացնում, օգտակար բաներ են անում։ Այնտեղ լուրջ մասնագետներ են աշխատում։ Ամեն ինչ հենց մեզնից է կախված։ Երբ խնդիրները չեն լուծվում, մարդը միշտ էլ ցանկանում է կողքի վրա մեղավորներ գտնել։
– Հայաստանում քննադատվում է նաեւ այն, որ ռուսական կապիտալն այստեղ շատ ուժեղ դիրքեր ունի։ Սկսած էներգետիկայի ոլորտից՝ վերջացրած տրանսպորտով ու կապով, գրեթե ամեն ինչ վերահսկում են ռուսները։ Դա իր մեջ վտանգ չի՞ պարունակում։
– Սկսենք նրանից, թե ինչո՞ւ է, օրինակ, կապի ոլորտը պատկանում ռուսական կապիտալին։ Միգուցե Հայաստանի համար դա տնտեսապես ավելի շահավետ է, միգուցե ռուսական կողմը այստեղ ներդրումներ է անում։ Նույնը՝ երկաթուղու հետ կապված. ռուսները ցանկանում են թարմացնել վագոնները, վերականգնել գծերը, ներդրումներ կատարել։ Գազի առումով ամեն ինչ ավելի տրամաբանական է. եթե Հայաստանը գազ ունենար, Ռուսաստանն էլ գներ, ապա բնական կլիներ հակառակ պատկերը։ Իսկ այս դեպքում հասկանալի է, որ գազի ոլորտը վերահսկում է ռուսական կապիտալը։ Հայաստանին ձեռնտու է այս համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Չէ՞ որ այդ ամենը, ի վերջո, գտնվում է Հայաստանի տարածքում։ Նույնը Ռուսաստանի պարագայում կարելի է ասել։ Ավտոմոբիլաշինության ոլորտի գրեթե բոլոր հսկաները գործարաններ են կառուցում Ռուսաստանում։ Եթե Ռուսաստանն ինքը կարողանար գործարան կառուցել, կկառուցեր։ Սակայն ռուսական կողմը ոչ փող ունի, ոչ կադրեր, ոչ էլ տեխնիկական հնարավորություններ։ Որտե՞ղ են կառուցվում այդ գործարանները՝ Ռուսաստանում։ Ո՞ւմ համար են մեքենա արտադրում՝ ռուսաստանցիների։ Ովքե՞ր են աշխատում այդ գործարաններում՝ ռուսաստանցիները։ Ճիշտ է, ոչ թե ռուսական «Լադա» բրենդն է, այլ «Տոյոտան» կամ «Հոնդան», հետո՞ ինչ։ ԱՄՆ-ում մի՞թե չկան «Տոյոտայի» կամ «Հոնդայի» գործարաններ։ Այնպես որ, այստեղ ոչ մի վատ բան չկա։
– Մեր կառավարությունը երբեւէ դիմե՞լ է Ձեր օգնությանը, ասենք՝ խորհուրդներ ստանալու նպատակով
– Դա իրենց պետք է հարցնեք, ոչ թե ինձ։ Ամեն դեպքում, իմ առաջարկություններին այստեղ միշտ էլ դրական են վերաբերվել։ Ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից անուշադրության ոչ մի դրսեւորում չեմ տեսել։ Ինձ հնարավորություն է տրվել հանդիպել տնտեսական բլոկի գրեթե բոլոր ղեկավարների հետ, այցելել ընկերություններ, կազմակերպել քննարկումներ։ Այսինքն՝ ինձ հնարավորություն է տրվել ուսումնասիրել վիճակը։ Պարզապես այնպես ստացվեց, որ երբ ես 2008թ. գրեցի զեկույց, դրանից անմիջապես հետո սկսվեց ճգնաժամը։ Եվ, իհարկե, ճգնաժամի պայմաններում կառավարությունը ոչ թե պետք է զբաղվեր հեռանկարային նախագծերով, այլ՝ ճգնաժամի հետեւանքները վերացնելով (ինչով եւ զբաղվում էր)։ Այնպես որ, ես հակված չեմ ինչ-որ մեկին մեղադրել կամ քննադատել։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի։ Ճգնաժամերը գալիս եւ գնում են, իսկ տնտեսությունները մնում են։
– Հայաստանի կառավարությունը, սակայն, միայն ճգնաժամի հետեւանքներով չի զբաղվում։ Օրինակ՝ խոսում են շատ հավակնոտ ծրագրերից՝ Հայաստանը դարձնել ֆինանսական կենտրոն, տուրիզմի կենտրոն։ Իսկ «Հայկական աշխարհ» տեսլականով ցանկանում են կոնսոլիդացնել աշխարհասփյուռ հայության ներուժը եւ զբաղեցնել մեր ուրույն տեղը համաշխարհային տնտեսության մեջ։ Ի՞նչ եք կարծում, այդ ծրագրերը որքանո՞վ են իրատեսական։
– Իհարկե, պետք է ձգտել հասնել այդ ամենին։ Օրինակ՝ Մոսկվան ձգտում է դառնալ ֆինանսական կենտրոն։ Այսօր այն, որպես ֆինանսական կենտրոն, 70-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում։ Արդյոք դա վա՞տ է, երբ ուզում են ֆինանսական կենտրոն դառնալ։ Իհարկե ոչ։ Եվ հիմա Մոսկվան իրոք աշխատում է այդ ուղղությամբ։ Սակայն եթե ոչինչ չես անում, ոչինչ էլ չի լինի։ Մոսկվայում ցանկանում են եւ անում են։ Եվ շարժվում են ճիշտ ուղղությամբ։ Կհասնե՞ն իրենց նպատակին, թե՞ ոչ՝ դա արդեն այլ հարց է։ Այստեղ էլ նույնն է։ Մարդիկ ցանկանում են կոնսոլիդացնել աշխարհի հայերին։ Ի՞նչ կա որ, շատ ազնիվ նպատակ են դրել։ Եվ այդ ուղղությամբ ցանկացած քայլ դրական է։ Իհարկե, պետք է համագործակցել Սփյուռքի հետ։ Պետք է այնպես միավորել ուժերը, ինչպես հրեաներն են միավորվում Իսրայելի շուրջ։ Ամեն դեպքում, ամենավատ բանը ձեռքերը ծալած նստելն է։