Կոչ է անում դադարեցնել ԳԱԱ-ի ընտրությունները

07/12/2010

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գրիգոր Բարսեղյանը բաց նամակ է հղել ՀՀ իշխանություններին` կոչ անելով դադարեցնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընտրությունները եւ բարեփոխումներ իրականացնել գիտական կյանքում: «Հայաստանի պայմաններում ակադեմիկոսների ինստիտուտը կառուցված է մի շարք անհեթեթությունների վրա եւ, փաստորեն, կործանում է Հայաստանի գիտության ապագան: Այդ փաստը հայտնի է եւ հիմնավորված, ամեն դեպքում, մեր քննադատությունները երբեք չեն վիճարկվել: Ակադեմիան հայտարարել է նոր ընտրություններ: Ակադեմիկոսներին կարելի է հասկանալ. գիտությամբ նրանք հիմնականում չեն զբաղվում, այնպես որ, հաճույքով կկոտրեն նրանց կյանքը, ովքեր դրանով զբաղվում են, իսկ մյուս կողմից, կզբաղվեն շահավետ ակադեմիական առեւտրով: Սակայն նախքան գումար տրամադրելը եւ ակադեմիական նման առեւտուր-խաղերը խրախուսելը, պետությունը պարտավոր է բացատրություն տալ, թե ինչու է բավարարում ակադեմիկոսների քմահաճույքները եւ, դրանով իսկ, իր վրա վերցնում Հայաստանի գիտության թշվառ վիճակի պատասխանատվության մի մասը` 1. Ակադեմիկոսների ինստիտուտը նոնսենս է բարոյական տեսակետից (քանի որ չի կարելի ցմահ ղեկավարելու իրավունք տալ, ինչպես Ակադեմիայի դեպքում է): 2. Ակադեմիկոսների ինստիտուտը նոնսենս է պետական տեսակետից (քանի որ չի կարելի ցմահ հավելավճարներ տալ, ինչպես Ակադեմիայի դեպքում է): 3. Ակադեմիկոսների ինստիտուտը նոնսենս է գիտական տեսակետից (քանի որ գիտնականի իրական դեմքը կարող է որոշվել միայն եւ միայն տվյալ մասնագիտության միջազգային նեղ գիտական համայնքի կողմից, եւ ոչ թե ակադեմիկոսների խմբի կողմից, որոնք չունեն համապատասխան որակավորում, ավելին` որոնք ընտրություններում անձնական շահ են հետապնդում): 4. Ակադեմիկոսների ինստիտուտը քայքայիչ ազդեցություն ունի գիտության վրա (քանի որ գիտնականները փորում են իրար տակ, որպեսզի ակադեմիկոս դառնան, փոխանակ համախմբեն ուժերը գիտական նորանոր ձեռքբերումների եւ միջազգային դրամաշնորհներ ստանալու համար): 5. Ակադեմիկոսների ինստիտուտը չափազանց անբարոյական ազդեցություն է գործում հասարակության վրա` տալով անհեթեթ բարձր ֆինանսական հավելավճարներ (քանի որ նա, ով ակադեմիկոս է ընտրվել, ստանում է մոտ 300% ավելի հավելավճար, չհաշված աշխատավարձը, ի տարբերություն նրանց, ովքեր չեն ընտրվել կամ չեն ցանկացել մասնակցել ակադեմիական ընտրություններին»,- ասված է նամակում: