Գազը գալիս է, բայց չի էժանանում

07/12/2010

Երեկ ժամը 12:00-ին վերականգնվել է ՀՀ գազամատակարարումն ամբողջական ծավալով, որը օրական կազմում է 5.5-6 մլն խմ գազ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում հայտնաբերված վթարի վերականգնողական աշխատանքների պատճառով ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները նվազել էին մինչեւ 4 մլն խմ: Ինչպես նշում է panorama.am-ը, ընկերությունից հավաստում են, որ չնայած մատակարարվող գազի ծավալների նվազմանը՝ հանրապետության սպառողական շուկայում որեւէ փոփոխություն չի արձանագրվել, անխափան գազամատակարարումը ապահովվել է ներքին պահուստների հաշվին: Լրատվամիջոցը «ՀայՌուսգազարդից» մեկնաբանություն է խնդրել նաեւ այս օրերին շրջանառվող խոսակցությունների վերաբերյալ, թե գազի գները նվազելու են մինչեւ 96 դրամ («ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացրած հայտի հիման վրա եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն` 2010-ի ապրիլի 1-ից 1 խմ գազի գինը մինչեւ 10 հազար խմ սպառողների համար կազմում է 132 դրամ` նախկին 96 դրամի փոխարեն): «ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվական ծառայության պատասխանատու Շուշան Սարդարյանը հերքել է այդ լուրերը` նշելով, որ մինչեւ 2011 թվականի ապրիլի 1-ը գազի գնի փոփոխություն չի նախատեսվում: «Առայժմ որեւէ նորություն գազի գնի փոփոխության վերաբերյալ մինչեւ ապրիլի 1-ը ներառյալ չեմ կարող ասել: Մինչեւ այդ ժամանակ մնում են գործող գները»,- ասել է Շ. Սարդարյանը: