Ամերիկյան դիվանագիտական գրագրության բացահայտումներին հաջորդեցին քննարկումները` բարոյակա՞ն էր դրանք հրապարակելը, թե՞ ոչ, որքանո՞վ են հավատ ներշնչում: Ամեն դեպքում, թեեւ «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, բոլորին հայտնի է, որ նա այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում, հայտնի են անգամ նրա հեռախոսահամարները: Սակայն իրավական տեսանկյունից կա խնդիր` բրիտանական իշխանությունները Ասսանժին ԱՄՆ-ին հանձնելու համար իրավական հիմնավորումներ են փնտրում եւ, ինչպես տեսնում ենք, դեռ չեն գտել:
Ամեն դեպքում սրանք արդեն խնդրի երկրորդական, երրորդական կողմերն են, քանի որ այդ բացահայտումներից հետո արդեն լուրջ մտավախություն կա, որ այլեւս չկան ամբողջովին պաշտպանված նյութեր, եւ որ չկան քաղաքական, ռազմական թեմատիկայով փաստաթղթեր, որոնք մի գեղեցիկ օր մի նոր Ջուլիան Ասսանժ չի հրապարակի: Կոմպյուտերային այս դարաշրջանում միշտ էլ կգտնվեն նեղացած չինովնիկներ, դիվանագետներ, զինվորականներ, ովքեր իրենց ղեկավարներից վրեժ լուծելու համար կարող են ցանկացած փաստաթուղթ հրապարակ հանել: (Հայաստանյան մասշտաբով եւս ինտերնետային գաղտնազերծումները խոստանում են լուրջ հեռանկար ունենալ` հաշվի առնելով օրերս Կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարի սպառնալիքը, որ Վերահսկիչ պալատի գործունեության մասին ունի վարկաբեկիչ, ապացուցված նյութեր, որոնք մեկ զանգից հետո կարող են հայտնվել Համացանցում: Դրանք, ի տարբերություն «Wikileaks»-ի տեղեկատվության, պակաս հետաքրքիր են` միջազգային հարաբերությունների տեսակետից, եւ խիստ հետաքրքիր` հայաստանցիներիս համար: Եթե, իհարկե, հրապարակվեն):
Նաիվ է հավատալ, թե այսուհետ քաղաքականության մեջ, դիվանագիտական փոխհարաբերություններում սկսվելու է անկեղծության, շիտակության մի դարաշրջան, որ հաքերներին կարող են հասու լինել ցանկացած գաղտնի կայքերը, եւ ոչինչ գաղտնի այլեւս գաղտնի չի մնա: Նման բան դժվար լինի: Պարզապես համաշխարհային քաղաքականության մեջ եկավ նոր փուլ, երբ մարդիկ, այս դեպքում` դիվանագետները, միմյանց պակաս կվստահեն:
Պետությունների ղեկավարները հայտարարեցին, թե նման բացահայտումներ` տարբեր մասշտաբներով, միշտ էլ եղել են, որ դրանք երկրների միջեւ փոխհարաբերությունների, արտաքին քաղաքականության վրա ազդեցություն չեն ունենա: Դա խոստացավ հատկապես ՌԴ նախագահը` հայտարարելով, թե Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների վրա բացահայտումները չեն կարող ստվեր նետել: Սակայն այսօր արդեն բոլոր լրատվամիջոցները` հղում անելով «Daily Beast»-ին, նշել են, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո տարբեր երկրներում դիվանագիտական առաքելություն իրականացնող ԱՄՆ դեսպանատների շատ աշխատակիցների հետագա գործունեությունը դառնում է ոչ միայն անհնար, այլեւ վտանգավոր: Որ շուտով վերադասավորումներ են սպասվում ԱՄՆ դիվանագիտական կորպուսում. «Մենք ստիպված կլինենք ետ կանչել մեր լավագույն մարդկանց (…), քանի որ նրանք հանդգնել են հաղորդել ճշմարտություն այն երկրների մասին, ուր աշխատել են»:
Թեեւ հրապարակվել է, որ Հայաստանում չկա ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից կենսական տարածք, սակայն հրապարակումները չեն շրջանցել անգամ Հայաստանը: Մասնավորապես` հղում անելով «Wikileaks»-ին, «Guardian»-ը գրել էր, որ 2008թ. դեկտեմբերի 24-ին հայաստանյան իշխանություններին հասցեագրվել է բավական կտրուկ մի նամակ, ուր ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները սպառնացել են պատժամիջոցներ կիրառել, եթե Հայաստանը չդադարեցնի իր տարածքով դեպի Իրան զենքի տեղափոխումը, որն էլ դառնում է Իրաքում ամերիկացի զինվորների մահվան պատճառ: Սակայն ակնհայտ է, որ գաղտնազերծված փաստաթղթերի իրաքյան դոսյեն ուշադիր կարդալուց հետո բարձրաստիճան այդ պաշտոնյաները կարող են համոզվել, որ Իրաքում ամերիկացի զինվորականների զոհվելու պատճառը կեղտոտ պատերազմն էր, որն այնքան անազնիվ սկսեցին եւ այդքան անփառունակ ավարտեցին ամերիկացիները:
Անցած հինգշաբթի հրապարակվեցին Թբիլիսիից Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունները, ուր Վրաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը գրել էր, թե իբր Ռուսաստանի իշխանությունները ֆինանսավորել են հայ ազգայնականներին Սամցխե-Ջավախեթիում` նրանց հորդորելով ապակայունացնել առանց այդ էլ անկայուն տարածաշրջանը: «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում չգրանցված «Վիրք» կուսակցության ղեկավար Դավիթ Ռստակյանը հերքել է ջավախահայության շարժումը Ռուսաստանի կողմից ֆինանսավորելու լուրը:
Փոխարենն ի՜նչ էներգիայով մեր պետական քարոզչամեքենան սկսեց լուսաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ձեւակերպումները, կարծիքները: «Հայլուրն» անթաքույց հրճվանքով ցիտում էր ամերիկացի դիվանագետի հետ զրույցում Ալիեւի «գավառական» արտահայտությունը ՌԴ նախագահ Մեդվեդեւի եւ վարչապետ Պուտինի մասին` «Երկու գլուխ մի կաթսայում չեն եփվի»: Մեկնաբանն անգամ հիշեցրեց, թե այս արտահայտությունը պետք չէ վերագրել ադրբեջանցիներին, քանի որ այն մաքուր հայկական արմատներ ունի: Թուրքիայի դերը տարածաշրջանում չուժեղացնելու Ալիեւի ցանկությունը մեզ համար ուղղակի գտած էր:
Աշխարհի բոլոր լրատվամիջոցներում օրը սկսվում եւ ավարտվում է «Wikileaks»-ից մեջբերումներով: Քննարկումները` բարոյակա՞ն էր դիվանագիտական գրագրությունը դարձնել համաշխարհային հասարակությանը մատչելի, կարելի է ասել` հանրամատչելի գրականություն, շարունակվում են: Սպառիչ պատասխան չկա: Չեմ հիշում` որտեղ եմ կարդացել այս խոսքերը, սակայն գաղտնազերծված փաստաթղթերից առաջացած աղմուկի համար հետաքրքիր բնորոշում է:
Մի՛ մտածիր:
Մտածեցի՞ր: Մի՛ ասա:
Մտածեցի՞ր: Ասացի՞ր: Մի՛ գրիր:
Մտածեցի՞ր: Ասացի՞ր: Գրեցի՞ր: Մի՛ ստորագրիր:
Մտածեցի՞ր: Ասացի՞ր: Գրեցի՞ր: Ստորագրեցի՞ր: Մի՛ զարմացիր: