Այս քննարկումն անհետեւանք չի մնա

07/12/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ, որին մասնակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկման թեմաների առանցքում եղել են առավելապես կրթության ոլորտի հիմնախնդիրները:

«Կարծում եմ, որ մենք 2011թ. առաջին եռամսյակում կփորձենք ի մի բերել մեր աշխատանքը, տեսնել, թե ի՞նչ ենք կարողացել անել: Ես էլ կփորձեմ ձեզ ներկայացնել, թե իմ առօրյա աշխատանքում ինչպե՞ս եմ հաշվի առնում այն խնդիրները, որոնք անհանգստացնում են ձեզ, մեր հանրությանը: Մենք Հանրային խորհուրդը ստեղծել ենք, որպեսզի կարողանանք ապահովել հետադարձ կապը, կարողանանք մեր աշխատանքում հաշվի առնել հասարակության բոլոր այն շերտերի կարծիքը, որոնք ընդգրկված չեն այլ ընտրովի կամ ներկայացուցչական մարմիններում»,- ասել է Ս. Սարգսյանը: Մինչ օրակարգի հիմնական հարցի քննարկումը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հակիրճ ներկայացրել է Խորհրդի անցած ամիսների գործունեությունը, նշելով, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, լսել այսօր նրանց ամենաշատը մտահոգող խնդիրներն ու դրանք քննարկել Խորհրդում: Անդրադառնալով հիմնական թեմային` Վ. Մանուկյանը նշել է, որ կրթությանը վերաբերող խնդիրները Խորհրդի մշտական ուշադրության կենտրոնում են, եւ կարեւորությունից ելնելով, քննարկման համար առանձնացվել են Հայաստանում կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Դրանք, ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել է Հանրային խորհրդի Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ, հանրակրթական հարցերին նվիրված աշխատանքային խմբի ղեկավար Էդուարդ Ղազարյանը: Նա ներկայացրել է նաեւ Հանրային խորհրդի առաջարկները, որոնք վերաբերել են դպրոցների ուսումնական ծրագրի շրջանակներում աշակերտների եւ ուսուցիչների ծանրաբեռնվածության նվազեցմանը, կրթական ոլորտի կառավարման խնդիրներին, ուսուցողական հեռուստահաղորդումների կարեւորությանը, հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնիկական հագեցվածության ապահովմանը, բարձր լեռնային եւ սահմանամերձ գյուղական բնակավայրերի դպրոցներում դասավանդող ուսուցիչների խնդիրներին:

Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը հանդիպումից հետո ասել է, որ քննարկել են ոչ թե ամբողջ կրթական համակարգը, այլ հանրակրթության հատվածը: «Այսօր նախնական դպրոցը 4-ամյա է, հետո գալիս է միջին դպրոցը` 5-ամյա, ապա՝ ավագ դպրոցը՝ 3-ամյա: Կրթական ծրագրերի ծավալի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միգուցե ավելի նպատակահարմար կլիներ ունենալ 3-6-3 կտրվածքով դպրոց: Դա հնարավորություն կտար միջին դպրոցը աշակերտների ծանրաբեռնվածության առումով ավելի ճիշտ կազմակերպել, ներմուծել բավական թվով առարկաներ եւ դասաժամեր»,- ասել է նա: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի հետ քննարկված հաջորդ խնդիրը կապված է եղել ուսուցիչների ծանրաբեռնվածության հետ: «22-ժամյա դրույքը ուսուցչի աշխատանքը դարձնում է բավականին ծանրաբեռնված, եւ կարծիք կար, որ այդ ծանրաբեռնվածությամբ ուսուցիչները չեն կարողանում նույնիսկ վերապատրաստվել, ժամանակի պահանջներին ադեկվատ կատարել իրենց ուսուցչական գործունեությունը»,- ասել է Խ. Հարությունյանը` հավելելով, թե քննարկման ավարտին որոշվել է Կրթության նախարարության հետ շարունակել ոլորտի բարեփոխմանն ուղղված աշխատանքները` հաջորդ հանդիպման ժամանակ աշխատանքների արդյունքները ներկայացնելու ակնկալիքով. «Ես ենթադրում եմ, որ այս քննարկումն անհետեւանք չի մնա»: