Կվաճառվի 409 մլն համակարգիչ

07/12/2010

2010թ. արդյունքներով՝ համաշխարհային շուկայում անհատական համակարգիչների վաճառքի ծավալները կաճեն շուրջ 14,3%-ով: Այսպիսին են «Gartner» վերլուծական գործակալության փորձագետների սպասումները: Կանխատեսվում է, որ այս տարվա արդյունքներով համաշխարհային շուկայում կվաճառվի 352,4 մլն համակարգիչ: Ինչ վերաբերում է 2011թ., ապա «Gartner»-ի վերլուծաբանները կանխատեսում են անհատական համակարգիչների վաճառքի ծավալների աճ: Այսպես, 2011թ. համար տարեկան կտրվածքով սպասվում է ամբողջ աշխարհում համակարգիչների իրացման ծավալների 15,9% աճ: 2011թ. համաշխարհային շուկայում կվաճառվի 409 մլն անհատական համակարգիչ: Նշենք նաեւ, որ առաջիկա տարիների համար վերլուծաբանները կանխատեսում են նաեւ անհատական համակարգիչների շուկայական գների աստիճանական նվազում: «Gartner» գործակալության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա միայն երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ համաշխարհային շուկայում անհատական համակարգիչների վաճառքի ծավալներն աճել են 7,6%-ով եւ կազմել 88,3 մլն համակարգիչ:

Armtech.am