Հայելային «Wikileaks»-ներ

07/12/2010

«Wikileaks»-ը «Twitter»-ի իր էջում երեկ հաղորդագրություն է տարածել` խնդրելով իր կողմնակիցների եւ երկրպագուների օգնությունը: «Կայքի գոյությունը վտանգի տակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Բանն այն է, որ երեկվանից կայքը ենթարկվում է ուժեղ հարձակումների, ուստի «Wikileaks»-ն իր կողմնակիցներին կոչ էր անում ստեղծել «հայելային» կայքեր, որոնք «Wikileaks» պորտալից կպատճենեն տեղեկությունը, ինչն էլ անհաղթահարելի խոչընդոտ կստեղծի բոլոր նրանց համար, ովքեր փորձում են «քանդել» պորտալը: «Wikileaks»-ն իր կողմնակիցների միջոցով երեկ երեկոյան արդեն 355 հայելային կայք ուներ բացված, սակայն նրանցից ոչ ոք «.am» տիրույթում չէր: Ներկայումս «Wikileaks» կայքի հիմնական հասցեն գտնվում է շվեյցարական .ch դոմենային տիրույթում` http://wikileaks.ch/: Հայելային կայքերի ցանկը ներկայացված է հետեւյալ հասցեում` http://wikileaks.ch/mirrors.html: Հիշեցնենք, որ «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նախօրեին իսպանական «El Pais» պարբերականի հետ զրույցում Ասսանժը հայտարարել էր, որ շարունակում է սպառնալիքներ ստանալ ԱՄՆ իշխանության ներկայացուցիչների կողմից, եւ որ ինքն էլ սպառնացել է հրապարակել միանգամից բոլոր գաղտնի փաստաթղթերը: