Մթերվել է 7000 տոննա խաղող

23/10/2005

Նախկինում Ղարաբաղում բավականին զարգացում ուներ խաղողագործությունը. շուրջ 17.000 հա խաղողի այգիներ կային: Ստեփանակերտում գործում էր գինու գործարանը, որը մասնաճյուղեր ուներ նաեւ շրջաններում: Այստեղ արտադրվում էին տարբեր տեսակի կարմիր եւ սպիտակ գինիներ:

Այժմ Ղարաբաղում խաղողի մթերմամբ ու գինու արտադրությամբ զբաղվում են «Ղարաբաղ Գոլդ», «Արցախ ալկո» ընկերությունները եւ Հադրութի գինու գործարանը: Հանրապետությունում կա շուրջ 1140 հա խաղողայգի, որոնք հիմնականում անջրդի են: ԼՂՀ Գյուղնախարարության տվյալներով, այս տարի խաղողի բերքատվությունն անջրդի պայմաններում 150 ցենտներ էր, իսկ ջրդի խաղողայգիներից ստացվել է մոտ 220 ցենտներ բերք: Այս տարի կարկտահարվել է շուրջ 439,8 հա խաղողայգի: Արտադրված խաղողից, ներկա տվյալներով, վերոնշյալ գործարանները մթերել են մոտ 7000 տոննա խաղող: Բնականաբար, խաղողի մի մասը բնակիչներն օգտագործում են տարբեր նպատակներով. ոմանք իրենց արտադրանքը վաճառում են շուկաներում, ոմանք խաղողից պատրաստում են օղի կամ գինի: Արցախում վերջին ժամանակներս սկսում է զարգանալ տնային գինեգործությունը, ինչը գյուղնախարար Վահրամ Բաղդասարյանի խոսքերով` կատարվում է տեխնոլոգիական խախտումներով: Ղարաբաղում խաղողագործության խթանման նպատակով պետության կողմից տրամադրվում են վարկեր, այս տարի խաղողագործության համար նախատեսված էր 200 մլն դրամ: Վ. Բաղդասարյանի խոսքերով, շրջաններում միաժամանակ սկսում են զարգանալ կոլեկտիվ տնտեսությունները: «Կոլեկտիվ տնտեսության զարգացման խթանման նպատակով կառավարությունը կոլեկտիվ դիմումների դեպքում առաջին երկու տարում հանդես է գալիս որպես երաշխավոր, իսկ երրորդ տարում վարկատուն՝ «Արցախբանկ»-ը, որպես գրավ է ընդունում նույն խաղողայգին»,- տեղեկացրել է գյուղնախարարը: