Աշակերտը գնահատվում ու վերահսկվում է

07/12/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Այս տարվա սեպտեմբերից փորձ է արվում էլեկտրոնային բովանդակության մեջ տեղավորել Հայաստանի հանրակրթական դպրոցները: Ճիշտ կլինի ասել, առավել հասանելի դարձնել դպրոցի պատերի ներսում տեղակայված պաշտոնական ինֆորմացիան:

Ավելի հեռահար նպատակների (էլեկտրոնային կրիչների վրա ուսուցման ձեռնարկների տեղափոխման ու թարմացման, դասագրքային ֆորմատի փոփոխման ու հարստացման) համար էլեկտրոնային տարածքի օգտագործման մասին դեռ խոսք չկա:

Արդեն ստեղծվել է dasaran.am ինտերնետային կայքը, որը նմանեցվել է էլեկտրոնային դասամատյանին ու թույլ է տալիս դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներին հետեւել իրենց երեխաների գնահատականներին, դասերից բացակայելու ժամերին, ինչպես նաեւ` տեղեկանալ ամենօրյա տնային հանձնարարություններին:

Կայքի ստեղծման գաղափարը պատկանում է մասնավոր ընկերությանը`«Ինտեր սքուլ քոնեքթ» ՍՊԸ-ին: Հետագայում գաղափարը ԿԳ նախարարության հավանությանն է արժանացել ու որպես ալտերնատիվ վերահսկման օղակ՝ իր գրանցումն է ստացել համացանցում: Կայքն աշխատում է հետեւյալ կերպ. ամեն օր dasaran.am-ի օպերատորներն այցելում են մայրաքաղաքային դպրոցներ (որոնց հետ նախնական պայմանավորվածություն կա) ու յուրաքանչյուր դասարանի դասամատյանը կրկնօրինակելով` սքան անելով` աշակերտի անհատական քարտը տեղադրում են կայքում: Հարկ եղած դեպքում դրան գումարվում է նաեւ ուսուցչի մեկնաբանությունը: Ընդ որում, այդ ամենը արվում է գաղտնիության պայմաններում, քանի որ ծնողը կայք մուտք գործելու համար կարող է կիրառել իր երեխայի անհատական ծածկագիրը, ինչը թույլ կտա նրան տեղեկանալ միայն մեկ անձին վերաբերող նորություններին:

Ըստ «Ինտեր սքուլ քոնեքթի» ներկայացուցիչ Սուրեն Ալոյանի` dasaran.am-ը բիզնես նախագիծ է, որը սկիզբ է առել շուկայական պահանջարկից: Այսինքն` ծնողների ցանկության արգասիք է: «Ծնողներին հիմնականում մտահոգում է տնային աշխատանքների մասին ինֆորմացիան ու իրենց երեխաների առաջադիմությունը: Հիմա նրանք դա կարող են անել առանց զանգահարելու, ամենօրյա ռեժիմով»,- ասում է նա:

Կայքից օգտվելը վճարովի ծառայություն է (2000 դրամ ամսական՝ մեկ աշակերտի դասամատյանային էջը տեսնելու համար), եւ ինչպես ցանկացած ծառայություն` ունի զեղչային իր համակարգերը: Կան կորպորատիվ դասարանային փաթեթներ (8 աշակերտից ավելի), որոնք մեկ աշակերտի վերահսկումը կապահովեն 900 դրամով:

Ս. Ալոյանը, որպես կայքի առավելություն, նշում է գնահատման թափանցիկությունը: Ըստ նրա` մոնիտորի վրա պարզ երեւալու են ամենօրյա գնահատականները, եւ այլեւս հնարավոր չի լինի որեւէ գնահատական ավելացնել, պակասեցնել կամ փոխել: Ինչպես նաեւ` հստակեցնել տնային հանձնարարությունները, որոնք ամեն օր թարմացվելու են մինչեւ ժամը 19։00-ն: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը dasaran.am-ի շնորհանդեսի ժամանակ նշել է, որ էլեկտրոնային մատյանի հայտնվելը թույլ կտա պայքարել դպրոցներում տեղ գտած կոռուպցիայի դեմ: Ս. Ալոյանը նույնպես դա հակակոռուպցիոն ձեռնարկ է համարում, քանի որ ոչ միայն ծնողն է իր երեխային վերահսկելու շանս ստանում, այլեւ տնօրենը` ուսուցիչներին: «Մենք արդեն 30 դպրոցների տնօրեններին հատուկ սարքեր ենք բաժանել, որոնց օգնությամբ նրանք կկարողանան տեսնել, թե ո՞ր ուսուցիչներն են պարտաճանաչ լրացնում մատյանը: Ինչպես նաեւ տեսանելի են դառնում այն դեպքերը, երբ աշակերտներն իրենք են մատյանում ինքնակամ գնահատական ավելացնում»,- ասում է Ս. Ալոյանը:

Կայքում նշվում է, որ այսպիսով «դյուրացնում է ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, ինչը նպաստում է Հայաստանում կրթության որակի բարձրացմանը»: Ծնողները հաճախ ժամանակ չեն ունենում հետեւողականորեն բոլոր գնահատականներին տեղեկանալ: Եվ սա, ինչ խոսք, կարագացնի ինֆորմացիայի հոսքը: Սակայն սա ավելի շուտ դպրոց-ծնող վիրտուալ կապի օրինակ է, որտեղ երեխաների դերակատարությունը նվազագույնի է հասցված, քանի որ նրանց պատասխանները, գրված շարադրություններն ու լրացված թեստերը կայքում տեղադրելու համար նախատեսված չեն: Երեխային գնահատում են, իսկ հետո ծնողներին դրդում` վերահսկել գնահատականները: Ինչն, իհարկե, վատ չէ (վերահսկումը դեռ ոչ մեկին չի խանգարել), մանավանդ այն դեպքերում, երբ երեխան որոշում է, որ կարող է թաքցնել գնահատականն ու խաբել ծնողին: Սակայն հարցն ավելի լայն (հումանիստական) տեսանկյունից դիտարկելով` հասկանում ես, որ մեր բազմաչարչար դպրոցը շատ ավելի կարեւոր պրոբլեմներ ունի, քան զուտ վերահսկումը:

Շատ ծնողներին, օրինակ, ոչ թե իրենց երեխայի գնահատականներն են հետաքրքրում, այլ` ժամանակակից դպրոցում գիտելիքների մատուցման եղանակները: Եվ քանի որ մենք թերի ուսուցման պրոցեսի բազմաթիվ դեպքերի ականատեսն ենք դառնում, ապա որպես շուկայական հասարակության միավոր` ուզում ենք տեսնել` թե ի՞նչ եւ ինչպե՞ս են սովորեցնում մեր երեխաներին, այլ ոչ թե միայն ինֆորմացվել, թե ինչպե՞ս են նրանց գնահատում: Հնարավո՞ր է արդյոք առ-ցանց ռեժիմով որեւէ դասարանի ամենօրյա կյանքին հետեւել եւ որպես վավերացում տեսնել, թե ինչպե՞ս է անցնում այս կամ այն դասը` մեր հարցին Ս. Ալոյանը պատասխանում է. «Իհարկե, կարելի է դասարանում փոքր տեսախցիկներ տեղադրել ու on-line դիտել դասը, սակայն դա մեծ ծախսերի հետ է կապված: Միգուցե դա էլ կանենք»:

Վստահ կարելի է պնդել, որ եթե նման քայլ արվի, հասարակության մեջ ահռելի մեծ արձագանք կբարձրանա: Ոչ մի reality-show չի ունենա այն վարկանիշը, որը կստանա մեկ հայաստանյան դասարանի ամենօրյա on-line կյանքի վավերացումը (այն միաժամանակ թրիլլեր, մարտաֆիլմ ու կոմեդիա ու դրամա կլինի): Եվ բնավ հարկ չկա գաղտնիության մասին մտահոգվել, քանի որ դպրոցը հանրային տարածք է, որտեղ շատ հաճախ ոչ թե արդյունքը, այլ պրոցեսն է կարեւոր:

Ի դեպ` նշվում է, որ dasaran.am կայքից օգտվելը կամավոր սկզբունքի վրա է հիմնվում: ԿԳ նախարարության մամլո ծառայության պատասխանատու Արթուր Բաղդասարյանը վստահեցնում է, որ եւ դպրոցներին, եւ ծնողներին իրավունք է վերապահվում հրաժարվել ինֆորմացիա տեղադրելուց ու ստանալուց: «Քանի որ սա մասնավոր նախաձեռնություն է, մենք ոչինչ չենք կարող պարտադրել, ընդամենը խորհուրդ ենք տալիս»: Պարտադրանքը բացառում է նաեւ Սուրեն Ալոյանը:

Միգուցե ԿԳ նախարարությունը մոտ ժամանակներս կսկսի նաեւ ուշադրություն դարձնել ու մասնավոր ընկերություններին դրդել որակյալ ուսուցման էլեկտրոնային դասագրքե՞ր ստեղծել: Եղած թղթային ֆորմատն այնքան հնացած ու անտրամաբանական է, որ շատ հաճախ դրանցով գնահատելը ուղղակի անպտուղ գործ է: Թափանցիկությունը սկսվում է համակարգից: Եթե այն անխափան գործի, վերահսկման կարիք չենք զգա: Բարեբախտաբար: