Բուժիչ նամակներ

07/12/2010

Տարբեր խորհուրդներ

Երիկամների ավազը մաքրող փորձված դեղամիջոց

3 հատ կիտրոնը լավ լվանալ եւ կեղեւի հետ աղալ: Ավելացնել 1 թեյի բաժակ (200 գրամ) բնական մեղր, 1 թեյի բաժակ ձիթապտղի յուղ, 1 թեյի բաժակ սեւ մասուրի թուրմ (եռացրած ջուրը լցնել չոր մասուրի վրա, կես ժամ թրմել, ապա մի քանի տակ ծալված թանզիֆե կտորով քամել թուրմը` առանց մասուրը տրորելու): Վրան ավելացնել 100 գրամ 96%-ոց սպիրտ: Բոլորը միասին խառնել, 10 օր խառնելով պահել մութ եւ սառը տեղում: Խմել 100 գրամ` ամեն օր, վաղ առավոտյան ժամը 5:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում եւ երեկոյան, ուտելուց առաջ, ապա 1-2 ժամ պառկել:

Բրոնխները մաքրող փորձված դեղատոմսեր

– 1 թեյի բաժակ` 200 գրամ ալոէի հյութը, 1 գինու բաժակ` 100 գրամ բնական մեղրը, 1 գինու բաժակ թթի դոշաբը, կես թեյի գդալ սոդան, 1 ճաշի գդալ օղին միմյանց խառնել: Օրը 2 անգամ` առավոտյան եւ երեկոյան` ուտելուց առաջ, 1 ճաշի գդալով խմել այդ խառնուրդից:

– 1 թեյի գդալ չորացրած-մանրացրած ուրցը եւ կես թեյի գդալ չորացրած լոշտակի արմատները (լոշտակի չափը խստիվ արգելվում է չարաշահել) եւ եզան լեզվի երկու տերեւները 1-2 րոպե եռացնել 2 թեյի բաժակ` 400 գրամ նախապես եռացրած ջրի մեջ: Վերցնել 1 թեյի բաժակով այդ ջրից, ավելացնել 3 կաթիլ կատվախոտի լուծույթ (վալերիանկա) եւ 1 թ/գ ձիթապտղի յուղ: 18 օր շարունակ, օրը 2 անգամ առավոտյան եւ երեկոյան խմել ստացված թուրմից: Ոչ միայն բրոնխները, այլեւ աղիներն է մաքրում:

Նյարդերը հանգստացնող միջոց

1 բաժակ թորած ջրի (ջուրը եռացրեք, ապա սառեցրեք) մեջ մի քիչ կիտրոնի աղ ավելացրեք եւ 1 թեյի գդալ թթի օղի: Խմեք 1 ամիս շարունակ` առավոտյան եւ երեկոյան` քնելուց առաջ: Վաղ առավոտյան ժամը 6:00-ին արթնացեք եւ 1 ճ/գ խմեք, եւս 2-3 ժամ լիարժեք քուն կունենաք:

Խնձորի քացախը կարող եք օգտագործել

– Անգինայի, գրիպի, հազի, սուր անգինայի` տոնզիլիտի դեպքում. ոչ շատ տաք ջրով եւ խնձորի քացախով պատրաստված լուծույթով ողողեք կոկորդը:

– Անեմիայի` սակավարյունության դեպքում. խնձորի քացախը լավ մարսվող բնույթի երկաթ է պարունակում, վիտամին B12 եւ ֆոլիաթթու:

– Արտրիտի, ասթմայի եւ երիկամների քարերի հիվանդության դեպքում. մեծ քանակությամբ պեկտինների պարունակության շնորհիվ խնձորի քացախը նվազեցնում է օրգանիզմի խոլեստերինի քանակությունը, հեռացնում է ճարպերը: Պեկտինները բետա-կարոտին հակաօքսիդանտի համադրությամբ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկերն են նվազեցնում:

– Ոտքերի կոշտուկների դեպքում. հացի կոշտ հատվածը թրջեք խնձորի քացախի մեջ (առավել մեծ արդյունք է լինում, երբ մինչ գործածելը խնձորի քացախը գլուխ սոխի հետ 1-2 օր թրմվում է) եւ տեղադրեք ոտքերի կոշտուկներով հատվածների վրա, կապեք որեւէ կտորով եւ թողեք գիշերվա ընթացքում:

– Վնասված մազերի վերականգնման համար. կոտրատվող, հոգնած, վնասված մազերը լվանալուց հետո անպայման շփեք խնձորի քացախով եւ տաք ջրով պատրաստված քացախաջրով: Հրաշքներ է գործում, եւ այս դեղամիջոցը տարիներ շարունակ կիրառել են մեր տատիկները: Մազերը վերականգնվում են, փայլ են ստանում, հեռացնում են թեփը:

– Արեւայրուքների դեպքում մարմնի այդ հատվածների վրա քացախաջրով թրջոցներ դրեք:

– Օստեոպարոզի` ոսկորների, ոսկրային հյուսվածքների վնասվածքների, դեֆորմացիաների պրոֆիլակտիկայի համար. քացախի մեջ պարունակվող բորը կարեւորագույն դերակատարում ունի կալցիումի մետաբոլիզմի մեջ, որը հատկապես կանանց առողջության համար չափազանց կարեւոր եւ անփոխարինելի դեր ունի:

– Քացախաջրով լվացումներն օգտակար են չոր պրոբլեմատիկ եւ յուղոտ մաշկի համար:

– Լնդերն ամրացնելու եւ ատամների պահպանման համար եւս խորհուրդ է տրվում քացախաջրով ժամանակ առ ժամանակ ողողել բերանի խոռոչը:

Սուրճով դիմակներ դեմքի մաշկի համար

Չոր մաշկի համար

Սեւ եւ դառը սուրճը խմելուց հետո նստվածքը հավաքեք, մի պտղունց աղ ավելացրեք, նույնքան դարչինի փոշի, 1 ճ/գ ցանկացած բուսական յուղ, 1 թ/գ շաքարավազ: Լավ խառնեք, տրորեք եւ թեթեւակի մերսումներով նրբորեն քսեք դեմքին: 10 րոպեից հետո լվացվեք ոչ շատ տաք ջրով: Չոր մաշկը մաքրում է` հեռացնելով թեփը:

Արագ եւ էֆեկտիվ

Այս դիմակը կարող եք պատրաստել այն ժամանակ, երբ շտապ Ձեզ կարգի բերելու եւ լավ տեսք ունենալու խնդիր ունեք: Խմած դառը սուրճի փոքր-ինչ ջրիկ նստվածքը խառնեք 1 թեյի գդալ ալյուրի աստիճան փոշիացված ընկույզի հետ: Լավ խառնեք, ապա նուրբ հարվածային շարժումներով քսեք դեմքին: Պահեք 10-15 րոպե, լվացվեք գոլ ջրով:

Հնդկական սկրաբ

1 ճ/գ բնական մեղրը, կես թեյի գդալ կերակրի աղը խառնեք, շրջանակաձեւ նուրբ մերսումներով քսեք մաքուր մաշկին: 2 րոպե պահելուց հետո տաք ջրով լվացվեք:

Հարավ-արաբական սկրաբ

Կես բաժակ հում բրնձի եւ կես բաժակ հում-չբոված սուրճի հատիկները աղալ, փոշիացնել, ավելացնել 1 բաժակ կեֆիր կամ յոգուրտ: Խառնել եւ մերսումներով քսել մաքուր դեմքին, պարանոցին, ամբողջ մարմնին: Սուրճը արժեքավոր եթերայուղեր եւ էնզիմներ է պարունակում, իսկ բրինձը փափկեցնում-հարթեցնում է մաշկը:

Սուրճի լիկյոր

Եփել 300 մլ սեւ սուրճը (50 գրամ), ծածկել կափարիչով, թողնել 24 ժամ։ Պատրաստել թունդ օշարակ (500 գրամ շաքար, 300 մլ ջուր): Օշարակի մեջ ավելացնել 1 կիտրոնի հյութ, սուրճի քամված եփուկը եւ 500 մլ կոնյակ:

Առողջ եղեք: