«Հայկական ուժերը ավելի լավ են պատրաստված եւ ընդունակ են դիմանալ Ադրբեջանի հետ տեւական հակամարտությանը»,- նման գնահատական է պարունակվում Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից (The International Institute For Strategic Studies) հրապարակված զեկույցում: «Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական մրցակցությունը շատ սուր է: 2009թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 1,4 միլիարդ դոլար (շնորհիվ գազի եւ նավթի), ինչը չորս անգամ գերազանցում է հայկական ռազմական բյուջեին: Ադրբեջանի բանակը 67 հազար է, հայկականը` 47 հազար՝ չհաշված Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին` մոտ 20 հազար զինծառայողներ: Սակայն հայկական ուժերն ավելի լավ են պատրաստված եւ կարող են դիմանալ երկար հակամարտությանը: Ադրբեջանը լուրջ հնարավորությունների կարիք ունի` անհրաժեշտ հաղթանակի հասնելու համար»,- ասված է զեկույցում: Ինստիտուտի վերլուծաբանները նշել են, որ ռազմական արդիականացման եւ ուսուցման հարցերում Ադրբեջանը հենվում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի աջակցության վրա, սակայն սպառազինություններ է գնել նաեւ Ուկրաինայից` 30 ՄիԳ-25 կործանիչներ եւ հեռահար 12 հրթիռներ: Իսկ C-300 համալիրների ձեռք բերումը կարող է ապահովել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների հուսալի պաշտպանություն, որը պատերազմի դեպքում լինելու է Հայաստանի առանցքային թիրախը: Ըստ զեկույցի հեղինակների, Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ, զգալի զենք է գնել էժան գներով: Աշխարհագրական դիրքը եւս առավելություն է, հայկական ուժերը բարձր դիրք են զբաղեցնում լեռնային տարածքում, նաեւ մի շարք ամրացված դիրքեր ունեն: Բրիտանացի փորձագետների կարծիքով, ամրությունների եւ աշխարհագրական դիրքի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը վճռականորեն հանդես է գալիս տարածքների հանձնման դեմ: Վերլուծաբանները նշում են, որ եթե Հայաստանը հանձնի տարածքները, Ադրբեջանը հնարավորություն կստանա ուժով հետ նվաճել Լեռնային Ղարաբաղը: Զեկույցում նշվում է, որ չնայած հայկական ուժերը պաշտպանում են իրենց տարածքները, Ռուսաստանի աջակցությունը պատերազմի դեպքում ակնհայտ չէ: Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին եւ վերջին համաձայնություններին, Մոսկվայում քչերն են կարծում, թե Ռուսաստանն ինքնաբերաբար կմիջամտի պատերազմին: