Արդյո՞ք խաղաղ կապրենք

04/12/2010

«Այն, որ պատերազմի սպառնալիքը բավականին մեծ էր, դա միջազգային հանրությունը զգում էր ու մտահոգ էր: Եվ համանախագահող երկրների ղեկավարներն իրենց վճռորոշ մոտեցումները Աստանայում ցուցաբերեցին»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով ԵԱՀԿ գագաթաժողովում ԼՂ հարցի շուրջ զարգացումներին: Հիշեցնենք, որ Աստանայում, մինչեւ ԼՂ կարգավորման մասին հայտարարություն ընդունելը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներն իրենց առանձին հայտարարությունների մեջ շեշտեցին խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: «Արդյո՞ք Աստանայից հետո մենք ապրելու ենք ավելի խաղաղ պայմաններում: Կարծում եմ, որ Ադրբեջանի առաջիկա գործողությունները ցույց կտան, թե այդ երկիրն արդյո՞ք ճիշտ հասկացավ միջազգային հանրության դիրքորոշումը եւ արդյո՞ք վարվելու է այն փաստաթղթի համաձայն, ինչի տակ ստորագրել է: Այսինքն՝ ԼՂ հարցի լուծման միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է միջազգային սկզբունքների շրջանակում»,- ավելացրել է նա: