ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը երեկ հայտարարել է, թե ՀՅԴ-ի մտահոգությունը, որ Աստանայում ավելի վատ փաստաթուղթ կընդունվեր, անտեղի էր: «Դա, բնականաբար, տեղի չունեցավ, որովհետեւ ինչ-որ տեղ անհասկանալի կլիներ, եթե դա տեղի ունենար, թեեւ կային որոշ մտահոգություններ, որ կարող էր նման բան լինել: Այսինքն, հնարավոր է Թուրքիան, Հայաստան-Թուրքիա արձանագրություններով իրեն ընձեռված հնարավորությունը որպես ճնշման լծակ օգտագործելով, փորձեր միջնորդների ճամփով ստանալ ինչ-որ փաստաթուղթ, որն իբր իրեն պիտի բավարարեր, որպեսզի ինքը Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վավերացներ»,- ասել է նա: Նաեւ հավելել է, թե Աստանայում ընդունված հայտարարությունը «լավն է այնքանով, որ ավելի վատը չի»: «Բայց փաստը, որ եղավ փաստաթուղթ, փաստը, որ փաստաթղթում ասված է, որ կողմերը շարունակելու են բանակցությունները, դա ինքնին դրական է այնքանով, որ կնպաստի կամ ցույց կտա, որ բանակցությունները տապալված չեն ամբողջությամբ»,- ասել է նա` միաժամանակ նկատելով, թե Ադրբեջանի կեցվածքը ցույց է տալիս, որ ընդունված հայտարարությունն արդեն բանակցությունների տապալում է: «Սրա հիման վրա, մենք, կարծում եմ, պետք է ակնկալենք մի կողմից՝ դիվանագիտական, քարոզչական աշխույժ քայլեր Ադրբեջանի կողմից առաջիկա օրերին, շաբաթներին, ամիսներին, եւ չի բացառվում՝ ինչ-որ ռազմական գործողություններ, որոնց նկատմամբ, կարծում եմ, միջնորդները մի քիչ խիստ կլինեն: Բայց այստեղ խստությունը սահմանափակ է: Այսինքն՝ հայտարարություններից այն կողմ չի անցնում»,- նշել է Մանոյանը: Հարցին, թե ինչո՞ւ որեւէ առաջընթաց ԼՂ կարգավորման հարցում չարձանագրվեց Աստանայում, նա պատասխանել է. «Միջնորդները շահագրգռված են, որ հակամարտությունը լուծվի, բայց տակավին պատրաստ չեն կողմերից մեկի վրա ճնշում բանեցնել: Եթե ճնշման մասին է խոսքը, ապա այն երկու կողմերի վրա էլ պետք է բանեցվի: Սակայն միջնորդների մտահոգությունն այն է, որ հանկարծ հակամարտությունը չվերածվի պատերազմի»: Անդրադառնալով ՀՀ-ի կողմից ԼՂ անկախության ճանաչման վերաբերյալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագծին, Կ. Մանոյանն ասել է, թե այն, իր կարծիքով` ԱԺ առաջիկա քառօրյայի ընթաքում չի քննարկվի. «Լավ կլինի, որ ԱԺ-ում եւ մեծամասնությունը, եւ «Ժառանգությունը», մենք էլ մնացել ենք մեջտեղը, խելամիտ ելք գտնեն, որովհետեւ կարող է հոնքը սարքելու փոխարեն աչքը հանենք` Ղարաբաղի հարցին ավելի մեծ վնաս հասցնելով: Ուստի պետք է ելք գտնել այս իրավիճակից, որ միակ շահողը լինի Ղարաբաղը»: Ի դեպ, Կ. Մանոյանը երեկ անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին` նկատելով, թե այն, որ Հայաստանը դեռեւս հետ չի վերցրել իր ստորագրությունն այդ արձանագրություններից, նշանակում է` արձանագրությունները դեռեւս ողջ են: