Աստանայում նորություն չի հնչել,- կարծում է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը

04/12/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Արդյո՞ք Աստանայում ընդունված հայտարարությամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնություն տվեցին Մադրիդյան սկզբունքներին, ինչը չէին արել ավելի քան չորս տարի:

– Կարեւոր էր, որ համանախագահող երկրների ղեկավարներն ու մեր երկու երկրների նախագահներն այդ հայտարարությամբ ընդունել են, որ ԼՂՀ խնդրի կարգավորման միակ հնարավոր ճանապարհը խաղաղ կարգավորումն է: Ադրբեջանի նախագահն էլ համանախագահող երկրների ղեկավարների եւ ՀՀ նախագահի հետ միասին համաձայնել ու ստորագրել է, որ ԼՂ հարցի կարգավորման միակ լուծումը խաղաղ կարգավորումն է: Իսկ որպեսզի ձեր դիտարկումը մեկնաբանեմ, պետք է նորից հիշեցնեմ ընդունված հայտարարությունը` ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը, որ ձգտելու են խնդրի վերջնական կարգավորումը միջազգային իրավական նորմերի համաձայն: Այսինքն՝ հանձնառությունները եղել են, սա վերահաստատում են: Այդ առումով, կարծում եմ, որ այստեղ նորություն ասված չէ:

– Բայց մտահոգիչ չէ՞, որ Ակվիլայում բացահայտված` Մադրիդյան սկզբունքների առաջին կետը ԼՂՀ հարակից տարածքների վերադարձն է:

– Այդ կետերից որեւէ մեկն իր կարեւորությամբ մյուսին չի կարող զիջել, եւ երբեք էլ այդ հաջորդականությունը որեւէ բան չի նշանակում: Մեր համար ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը համարվում է առաջնային: Իհարկե, բոլոր պրոցեսները մեկ օրվա ընթացքում հնարավոր չէ լուծել: Դրանք կարգավորման շղթայի օղակներ են, որի որեւէ մի օղակի բացակայություն նշանակում է՝ շղթա չկա, ուրեմն կարգավորում չի կարող լինել:

– Ձեր կարծիքով՝ ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովն ի՞նչ տվեց ԼՂՀ հակամարտության կարգավորմանը: Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի հնարավորությունները:

– Աստանայում ընդունված հնգակողմ հայտարարությունն ըստ էության իր մեջ նոր տարրեր չէր պարունակում, հղում էր կատարում մինչ այդ մեզ հայտնի հայտարարություններին ու միջազգային իրավական նորմերին: Գնահատելին այն է, որ այս անգամ հղում է արվել նաեւ ՄԱԿ-ի կանոնադրությանը: Այդպիսով միջազգային հանրությունը հանձինս Մինսկի խմբի համանախագահող երկրների, վերահաստատեց իր դիրքորոշումը ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ: Դրանք Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար դրույթներն են: Բայց որպեսզի Աստանայի գագաթաժողովին կարողանանք ճիշտ գնահատական տալ, պետք է ուշադիր հետեւենք նաեւ համանախագահող երկրների ղեկավարների առանձին հայտարարություններին: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ելույթն ուներ երկու ուղերձ` առաջինը ուժի կիրառման բացառման գաղափարն է: Բոլորիս համար հասկանալի է, որ դրա հասցեատերն Ադրբեջանն է, որովհետեւ այդ երկիրն է երկար տարիներ սպառազինվում եւ սպառնում, թե ուժով կլուծի Ղարաբաղի խնդիրը, եթե միջազգային հանրությունը ԼՂՀ-ն չվերադարձնի իրեն: Երկրորդը վերաբերում էր եւ Ադրբեջանին, եւ միջազգային հանրությանը: Որ ԵԱՀԿ-ն պետք է մշակի հակամարտությունների կարգավորման միասնական սկզբունքներ, որոնք պետք է կիրառվեն մշտապես եւ առանց ընտրության: Եթե Կոսովոյում խնդիրը լուծվեց ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, եթե միջազգային հանրությունն օժանդակեց, որ Կոսովոն կարողանա անկախ պետություն կառուցի, ու եթե միանման կիրառվեն միջազգային իրավունքի նորմերը, ապա նույնը պետք է ակնկալել նաեւ Ղարաբաղի դեպքում: Ու եթե ղարաբաղցին ինքն է իրեն պաշտպանել եւ իր պետությունը կառուցել, կարողանում է երկար տարիներ գոյատեւել եւ ժողովրդավարական ինստիտուտները զարգացնել, ապա միջազգային հանրությունը պետք է ճանաչի նրա ինքնորոշման իրավունքը: Կարեւոր էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, թե յուրաքանչյուր արդարացի լուծում պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների եւ Ակվիլայում համանախագահող երկրների հայտարարության վրա: Որ նշված սկզբունքները ամբողջություն են, եւ դրանցից որոշների առանձնացումը կխոչընդոտի խնդրի կարգավորմանը: Սրա հասցեատերն էլ Ադրբեջանն է, որը ԼՂՀ հարցի լուծումը տեսնում է միայն տարածքային ամբողջականության շրջանակներում: Գրեթե նույն հայտարարությունն արեց նաեւ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Այս հայտարարությունը ՆԱՏՕ-ի լիսաբոնյան հռչակագրից հետո կարեւորվում է, որովհետեւ կար մտահոգություն, թե միջազգային հանրությունը Հարավային Կովկասի կոնֆլիկտներին վերաբերվում է տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հետո թեեւ բացատրություն էին տվել, թե այդ հայտարարությունը վերաբերում է Վրաստանին ու Մոլդովային, բայց Աստանայում արդեն հստակ դարձավ, որ ԼՂՀ խնդիրը դիտարկվում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների շրջանակում:

– Իսկ ինչո՞ւ եք կարեւորում, որ հայտարարության մեջ հղում կա նաեւ ՄԱԿ-ի կանոնադրությանը:

– ՄԱԿ-ի կանոնադրությունը միջազգային այլ կառույցների նման փաստաթղթերի շարքում առաջնային է: Եթե մենք ուշադրություն ենք դարձնում այդ փաստաթղթին, ապա ազգերի ինքնորոշումն այստեղ որպես նպատակ է ձեւակերպած: ՄԱԿ-ը իր ստեղծման օրից մոտ 50 անկախ պետություններից` հիմա մոտ 200 անդամ անկախ պետություններ ունի: Սա նշանակում է, որ ՄԱԿ-ն այս տարիներին ազգերի իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը որպես նպատակ է ընդունել: Իսկ սկզբունքները ծառայում են նպատակի իրագործմանը: Մենք նաեւ պետք է այս ամբողջության մեջ դիտարկենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ով ԼՂՀ խնդրի պատմական, իրավական մոտեցումները շատ հակիրճ եւ իմաստավորված ներկայացրեց միջազգային հանրությանը: Դրա անհրաժեշտությունը վաղուց հասունացել էր, որովհետեւ քաղաքական ու պետական պաշտոնյաների սերնդափոխություն է տեղի ունեցել այս տարիների ընթացքում, եւ պարբերաբար անհրաժեշտ է նման հեղինակավոր ամբիոնից միջազգային հանրությանը ներկայացնել խնդրի էությունը, որովհետեւ Ադրբեջանն այս տարիների ընթացքում փորձել է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը վերածել Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի: Եվ հստակ պետք է ներկայացնել Ղարաբաղի ժողովրդի պայքարի ողջ տարեգրությունը, թե 1991թ. հռչակել է իր անկախությունը, որին հաջորդել է անկախության հանրաքվե, ինչը տեղի է ունեցել միջազգային իրավունքի եւ Խորհրդային Միության օրենքներին համաձան: ԼՂՀ ժողովուրդը ինքնորոշման խնդիր է լուծել, եւ դա իրացրել է միջազգային բոլոր օրենքներին համաձայն: Կարեւոր է նաեւ նշել, որ լինելով ԵԱՀԿ անդամ` Ադրբեջանը հպարտանում է, որ կարողանում է բազմապատկել իր սպառազինությունը: Այնինչ գործում են միջազգային չափորոշիչներ, որոնք պետք է սահմանափակեն ԵԱՀԿ յուրաքանչյուր երկրի սպառազինության չափը: Նախագահի ելույթը նաեւ կշտամբանք էր ԵԱՀԿ-ին ու իր անդամ երկրներին, որ այդ սահմանափակումը չի ապահովվում: Ավելին, տարիներ շարունակ Ադրբեջանը հրապարակավ հայտարարում է, եւ ԵԱՀԿ-ն կամ անդամ որեւէ երկիր իր դիրքորոշումը չեն հայտնում, լուռ մասնակից են դարձել այդ իրողությանը: Այդ ուղերձը ուղղված էր նաեւ ԵԱՀԿ անդամ այն երկրներին, որոնք օգնել են Ադրբեջանին, որ բազմապատկի սպառազինությունը: Չէ՞ որ ԵԱՀԿ-ն Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպություն է, որը պետք է զբաղվի կոնֆլիկտների կանխարգելմամբ եւ լուծմամբ: Իսկ դրա համար շատ կարեւոր է սպառազինությունների մրցավազքի նկատմամբ վերահսկողությունը, ինչն, ըստ էության, ԵԱՀԿ-ն չի կատարել:

– Կարծես թե Ռուսաստանը Մինսկի խմբին զուգահեռ՝ փորձում է նաեւ կարգավորման առանձին ձեւաչափ ստեղծել: Արդյո՞ք ՌԴ-ն այսօր իր ձեռքում է կենտրոնացրել ԼՂ խնդրի կարգավորման բանալին:

– Ռուսաստանի գործողությունները համաձայնեցված եւ համահունչ են համանախագահող երկրների գործողություններին: Եթե դա այդպես չլինի, ապա նրանք անպայման իրենց դիրքորոշումը կհայտնեն: Մինչեւ այժմ նրանք միշտ հայտարարել են, որ համամիտ են, ենթադրենք, Սանկտ Պետերբուրգում կամ այլ տեղ արված հայտարարությանը: Հիշո՞ւմ եք, որ Սանկտ Պետերբուրգից հետո Ալիեւը հայտարարեց, թե դա համանախագահող երկրների տեսակետը չէ, դա միայն ՌԴ տեսակետն է: Ֆրանսիան ու Ամերիկան ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, թե համամիտ են հնչած տեսակետներին: Իմ խորին համոզմամբ` ՌԴ-ն գործում է համանախագահող երկրների հետ համերաշխության մթնոլորտում, այլապես դա որեւէ կերպ կդրսեւորվեր: Միգուցե ՌԴ-ն փորձում է ավելի արդյունավետ գործել, նախաձեռնողական լինել, որովհետեւ շատ ավելի ընդհանուր կապեր ունի ՀՀ-ի ու Ադրբեջանի հետ, միգուցե այդ հանգամանքը կա, եւ ավելի նախաձեռնողական է: Բայց կրկնում եմ, որ դա համանախագահող երկրների մոտեցումների շրջանակում է: