Ոստիկանական «բեսպրեդելը»` Իջեւանում

04/12/2010

Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ, երեկ Հայաստանի 4 քաղաքներում` Երեւանում, Մարալիկում, Հրազդանում եւ Իջեւանում կայացել են բողոքի ակցիաներ` ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Ամենաբազմամարդ ակցիան, որի ընթացքում արձանագրվել են նաեւ միջադեպեր, եղել է Իջեւանում` քաղբանտարկյալ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում: Նախ՝ մինչեւ ժամը 14-ին նախատեսված հանրահավաքը, Ոստիկանության բավական բազմամարդ ուժերը նախապես շրջափակել են Իջեւան քաղաքի կենտրոնական այգին, որտեղ պետք է կայանար բողոքի ակցիան: Նրանք արգելել են այգի մտնել անգամ Իջեւան քաղաքի բնակիչներին, ինչպես նաեւ՝ տարբեր լրատվամիջոցների լրագրողներին: Այնտեղ են եղել ոչ միայն Իջեւանի, այլեւ Նոյեմբերյանի շրջանների Ոստիկանության աշխատակիցները, որոնց գործողությունները համակարգել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Արթուր Խաչատրյանը: Ոստիկաններն այդպես էլ պաշարած են պահել այգու տարածքը, եւ հանրահավաքը կայացել է այգուն հարակից տարածքում: Հանրահավաքում ելույթներ են ունեցել Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Հանրահավաքին մասնակցել են նաեւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանն ու ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը, ով փորձել է բանակցել ոստիկանների հետ, սակայն նրանք ոչ մի կերպ չեն համաձայնել բացել այգու մուտքը: Հանրահավաքը բավական բազմամարդ եւ ակտիվ է եղել, դրա մասնակիցները պարբերաբար վանկարկել են «Ազատություն Նիկոլին», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսները: Ոստիկանների կողմից հրահրված միջադեպը, սակայն, տեղի է ունեցել հանրահավաքից հետո, երբ մասնակիցները ցանկացել են երթ անցկացնել: Ոստիկանության ուժերը հարձակվել են երթի մասնակիցների վրա եւ բռնություն կիրառելով փորձել են խոչընդոտել երթի անցկացումը: Արդյունքում՝ ՀԱԿ-ի ակտիվիստներից մեկին` Հրանտ Թամրազյանին, Ոստիկանության «Վիլիս» ավտոմեքենայով տարել են Ոստիկանության բաժին, եւ որոշ ժամանակ անց բաց են թողել: Ոստիկաններից մեկն անգամ փորձել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ձեռքից խլել լուսանկարչական ապարատը: «Այս ամենը հրահրեց Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վլադ Վարդանյանը: Նախքան նրա գալը հանրահավաքը շատ հանգիստ էր ընթանում, եւ արդեն ավարտվում էր միջոցառումը, բայց նա եկավ ու ամեն ինչ խառնեց իրար: Նա իրեն շատ լկտի էր պահում եւ հրահանգում ոստիկաններին, թե՝ «Մաքրեք տարածքն էս …ներից: Երեւի ուզում է ուսերին մի աստղ էլ ավելացնի, դրա համար էր այդպես լկտիացել»,- պատմել է Գագիկ Շամշյանը:

Երեկ բողոքի ակցիա է կայացել նաեւ Հրազդան քաղաքում, որը հայտնի է իր երկու ներկա քաղբանտարկյալներով` Սասուն Միքայելյան եւ Արամ Բարեղամյան: Ի տարբերություն Իջեւանի` Հրազդանում ոստիկանները ոչ միայն չեն խոչընդոտել բողոքի ակցիան, այլ նույնիսկ ժամանել են հավաքի կեսերից: Բողոքի ակցիային մասնակցել են վերջերս կալանավայրից ազատ արձակված` «Հանրապետություն» կուսակցության անդամ Մուշեղ Սաղաթելյանը, ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, Արշավիր Բոզինյանը եւ Արամ Բարեղամյանի հորեղբայրը` Վազգեն Բարեղամյանը: