Պանրի լույսն ու ստվերը

04/12/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ինչպես ցույց տվեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) երեկվա նիստը, հայկական պանիրը, բացի քաղց հագեցնելուց, նաեւ մեկ այլ կարեւոր թաքնված տաղանդ ունի՝ լույս է սփռում։

Ընդ որում, լույսը տարածվում է թե՛ հենց իր, թե՛ «Հայկական աշխարհի» տնտեսության թաքնված
անկյունների վրա։ Տնտեսությամբ հետաքրքրվողները, եւ ընդհանրապես՝ պանիր ուտողները (ինչու ոչ՝ նաեւ չուտողները) անհամբերությամբ էին սպասում երեկվան, քանի որ երեկ ՏՄՊՊՀ-ն ներկայացնելու էր պանրի շուկայի ուսումնասիրության արդյունքները։ Նշենք, որ ՏՄՊՊՀ-ին իրոք հաջողվել է ինչ-որ բան պարզել, եւ, որ այդ պարզվածը առաջին հերթին պետք է զարմացնի հենց իրեն՝ հանձնաժողովին, նոր միայն հանրությանը։ Նախ՝ հիշեցնենք, որ պանրի թռիչքաձեւ թանկացումից հետո ՏՄՊՊՀ-ն հայտարարում էր, որ այս շուկան խիստ ցածր կենտրոնացվածություն ունի, չկան խոշոր տնտեսվարող սուբյեկտներ, գործում է 78 գրանցված սուբյեկտ` չհաշված պանիր արտադրող բազմաթիվ գյուղացիական տնտեսությունները։ Հայտարարելով, իրենց ձեւակերպմամբ, որ «հերթական անգամ անդրադառնալով հարցի, որի հասցեատերն իրականում մենք չենք», ՏՄՊՊՀ-ն նշել էր, որ այդ դեպքում անհավանական է թվում ինչ-որ մեկի կողմից գին թելադրելու հավանականությունը։ «78 տնտեսվարող սուբյեկտից բաղկացած շուկայում հակամրցակցային համաձայնությունը, մեղմ ասած, անիրական է»,- պաշտոնապես հայտարարում էր հանձնաժողովը։ Նշվում էր նաեւ, որ վերջին 10 տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս շուկայում բարձր կենտրոնացվածություն չի եղել։ Ավելին, զրուցելով մի քանի պանիր արտադրող ընկերությունների հետ, այս կառույցը նշել էր, որ պանրի գնի բարձրացումը կաթի գնի թանկացման արդյունք է։

Հետո մի քիչ փափկեցին եւ հաշվի առնելով հարցի հնչեղությունը՝ որոշեցին ուսումնասիրել այս շուկայում կատարվող երեւույթները։ Ուսումնասիրվել են առավել խոշոր 16 ընկերությունները։ «Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշվածներից ամենախոշորը «Աշտարակ կաթ» ընկերությունն է, որը գրավում է շուկայի ավելի քան 30 տոկոսը եւ ընդհուպ մոտեցել է գերիշխող սուբյեկտ ճանաչվելու համար անհրաժեշտ սահմանագծին: Սակայն, գործող օրենսդրությամբ, ընկերությունը չի կարող ճանաչվել գերիշխող, անկախ շուկայում ունեցած իր ազդեցությունից: Ներկայում ԱԺ-ում գտնվող օրենքի փոփոխությունների նախագծի ընդունումից հետո «Աշտարակ կաթը» արդեն առկա փաստերի հիման վրա կարող է ճանաչվել գերիշխող դիրք ունեցող»,- նշված է երեկ տարածված հաղորդագրության մեջ: Ավելին, ըստ ՏՄՊՊՀ-ի, «Պարզվել է նաեւ, որ պանրի գինն առաջինը բարձրացրել է հենց ամենախոշոր` «Աշտարակ կաթ» ընկերությունը: Մյուս արտադրողները հետեւել են վերջինի վարքագծին: Ընդ որում, բարձրացումը տեղի է ունեցել ոչ միաժամանակ»: Սա նշանակում է, որ «Աշտարակ կաթը» դե ֆակտո ունի գերիշխող դիրք։ Դրա մասին վկայում է ոչ միայն այն փաստը, որ այն մոտենում է շուկայի 33.5%-ին (ներկայումս ընկերության արտադրանքի ծավալը կազմում է շուկայի 32.8%-ը), այլ հենց այն, որ մնացած բոլոր ընկերությունները հետեւելով «Աշտարակ կաթին»՝ գին են թանկացրել։ Սակայն դե յուրե, ըստ օրենքի, ընկերությունը գերիշխող չի համարվում։ Սա հիշեցնում է «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի հերոս քննիչի խոսքերը՝ մեքենա առեւանգող Յուրի Դետոչկինի մասին. «Կվ ՍՏվպփվՏ ՉՌվՏՉՈՑ, վՏ Տվ… վպ ՉՌվՏՉՈՑ»։

Փաստորեն, ՏՄՊՊՀ-ն գոնե ինքն իր համար պարզեց, որ պանրի գների թանկացման խնդրի հասցեատերը նաեւ ինքն է։

Ինչեւէ, ինչո՞ւ թանկացավ պանիրը։ Ի վերջո, հանձնաժողովի ուսումնասիրությունը պետք է տար հենց այս հարցի պատասխանը։ «Ինչ վերաբերում է պանրի գնի բարձրացման պատճառներին, տեղեկատվություն ներկայացրած բոլոր 16 ընկերությունները դա հիմնականում պայմանավորել են կաթի գնի բարձրացմամբ: Հանձնաժողովի ուսումնասիրությունը պարզել է, որ շուկայում, իրոք, առկա է մթերվող կաթի գնի բարձրացում, բայց եւ պարզվել է, որ պանրի գնի բարձրացումը համարժեք չէ կաթի թանկացմանը»,- հայտարարել է ՏՄՊՊՀ-ն։ Այստեղ անհասկանալի է մնում մի հարց` այդ դեպում ինչի՞ հաշվին գները թռիչքաձեւ աճեցին։ Նկատենք, որ հենց վերը նշված նախադասությունից հետո է ՏՄՊՊՀ-ն հիշատակել, որ գինն առաջինը բարձրացրել է «Աշտարակ կաթը», մյուսներն էլ հետեւել են նրա օրինակին։ Թերեւս պետք է ենթադրել, որ հանձնաժողովն անուղղակիորեն մեղքը գցում է «Աշտարակ կաթի» վրա։ Եթե այդպես է, ապա առաջ է գալիս հաջորդ հարցը՝ իսկ «Աշտարակ կա՞թն» ինչու է թանկացրել պանիրը։ Այդ հարցի պատասխանը չկա։ Մի խոսքով, պանրի գնի թանկացման հստակ պատճառ հանձնաժողովը չի տվել։

Փոխարենը՝ ուշագրավ մի քանի այլ խախտումներ են հայտնաբերվել։ «2009թ.-ի տվյալներով՝ պանրի արտադրության մեջ մեծ ծավալով կաթի փոշի է օգտագործվել: Մինչդեռ այս տարի բոլոր արտադրողներն օգտագործել են միայն բնական կաթ: Արտադրողների այս պնդումներն արժանահավատ չհամարելով` Հանձնաժողովը փորձաքննության է ենթարկել կաթնամթերքի որոշ տեսակներ: Փորձաքննության արդյունքները բացահայտել են ոչ միայն կաթի փոշու առկայություն, այլեւ կաթնային ծագում չունեցող որոշակի նյութեր, մասնավորապես` սոդա, որի օգտագործումը կաթնամթերքի արտադրության մեջ արգելված է կառավարության համապատասխան որոշումներով եւ հաստատված ստանդարտներով»:

Այն, որ տեղական պանիր արտադրողները կաթի փոշի են օգտագործում, գաղտնիք չէր. վերջին շրջանում ԶԼՄ-ներն այդ մասին շատ էին գրել։ Ինչ վերաբերում է սոդային, ապա, թերեւս, ճիշտ կլիներ, եթե հանրությանը ներկայացվեին այն ընկերությունների անունները, որոնք սոդա են օգտագործել։ Ի վերջո, սպառողն իրավունք ունի իմանալ՝ ինչի համար է վճարում։ Փորձաքննության արդյունքները Հանձնաժողովը որոշել է տրամադրել Գյուղատնտեսության նախարարությանը` հետագա ուսումնասիրության համար։ Հուսանք, որ դրանից հետո փակագծերը մի փոքր կբացվեն։ Սակայն ամենահետաքրքիր բացահայտումը թերեւս հետեւյալն է. «Ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը նաեւ պարզել է, որ ընտրված 16 ընկերություններն ապահովում են պանրի արդյունաբերական արտադրության շուրջ 80 տոկոսը: Մինչդեռ, ընկերություններից ստացված տեղեկատվությունը ԱՎԾ-ից ստացված տվյալների հետ համադրելիս, ստացվում է ընդամենը 7-8 տոկոս: Անիրական համարելով ընկերությունների ներկայացրած տվյալները, Հանձնաժողովը ենթադրում է, որ առկա են ստվերային շրջանառության մեծ ծավալներ, ուստի եւ որոշում կայացվեց ուսումնասիրության արդյունքները տրամադրել հարկային մարմիններին»։ Սա էլ պանրի ստվերն է։ Այս թվերը ցույց են տալիս, որ գրանցված, խոշոր պանիր արտադրողները իրական ծավալներից շուրջ 10 անգամ փոքր շրջանառություն են ցույց տալիս։ Այսինքն՝ գործ ունենք ոչ թե ստվերային շրջանառության մեծ ծավալների, այլ՝ խայտառակ մեծ ծավալների հետ։ Ընդ որում, կարելի է նույն պանրի օրինակով պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում մյուս ոլորտներում (ուշադրություն դարձրեք, խոսքը գնում է առավել խոշոր ընկերությունների մասին)։ Սա նաեւ ցույց է տալիս, թե պաշտոնական վիճակագրության ներկայացրած թվերը որքան հեռու են իրականությունից։

Խոշոր հաշվով, ՏՄՊՊՀ-ի բացահայտումները այդքան էլ «բացահայտում» չեն. հանրությունը այս ամենի մասին միշտ էլ խոսել է։ Սակայն միշտ չէ, որ տարբեր շուկաներում տիրող խայտառակ վիճակի եւ պաշտոնական ցուցանիշների ծիծաղելիության մասին խոսում է պետական կառույցը։ Հուսանք, որ այս ամենից հետո գոնե ՏՄՊՊՀ-ն հետեւություններ կանի եւ պաշտոնական թվերի վրա հիմնվելով՝ չի շտապի հայտարարել, թե մրցակցության առումով ամեն ինչ նորմալ է։